«Ամենամեծ եւ ծանր խաչը սեփական ժողովրդի բեռը տանելն է, նրան երջանիկ տեսնելը: Փառք ու պատիվ մեր բանակին, որ այդ առաքելությունը վերցրեց իր վրա»,-այսօր` մայիսի 9-ին` Արցախի պաշտպանության բանակի ստեղծման 24-րդ տարեդարձի օրը, ArmLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց դերասան Արտաշես Ալեքսանյանը, ով 1991-92թթ մասնակցել է Արցախյան պատերազմին, եղել է ֆիդայի:
Նրա համոզմամբ` այս 20 տարիների ընթացքում շատ բան է փոխվել. «Այն ժամանակ պատից կախված որսորդական հրացանով, եղանով գնում էինք կռիվ, իսկ այսօր տեխնիկայի, տեխնոլոգիական պատերազմի դար է: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլյան թեժ օրերին պարզ դարձավ, թե մենք ինչ առավելություններ ու թերություններ ունենք: Դա էլ դասի պես բան է, որ պետք է սերտել: Մենք` հայերս, մարդկային ուղեղների մեծ ներուժ ունենք, եւ պետք է խելացի լինել` այն ճիշտ օգտագործելու համար»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք արժե՞, որ ներկա փուլում Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, Ա. Ալեքսանյանը պատասխանեց. «Լեռնային Ղարաբաղի ճանաչումն, իհարկե, պետք է, անպայման: Եթե մենք չճանաչենք, ո՞վ ճանաչի»:
Իսկ մի շարք քաղաքական գործիչների եւ քաղաքագետների այն դիտարկմանը, թե ներկա փուլում մեր կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելը ռիսկային քայլ է, դերասանը հակադարձեց. «Մենք դարերից ի վեր կանգնում ենք ամբիոնների առջեւ եւ ասում ենք` մահ կամ ազատություն: Ի վերջո, պետք է չէ՞ գա մի ժամանակ, որ թոթափենք ստրկության լուծը եւ իրոք` կա´մ լինենք, կա´մ չլինենք: Ամեն ազգ իր ճակատագրի տերը պետք է լինի»:
Աննա Բաբաջանյան