«Շատ եմ լարվում, առողջությունիցս «գնում է»». Հայկ Հունանյանը որոշել է Հայաստանում երաժշտական մրցույթների չմասնակցել (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 15-ին կկայանա «Պրեմիերա 3» երաժշտական նախագծի  եզրափակիչ փուլը: Իսկ մինչ այդ մասնկաիցներից  Նարե Գևորգյանը, Նիկ Էգիբյանը, Հայկ Հունանյանը, Հայկուհի Բաբախանյանը,  Եվա Թաշչյանը եւ Ժաննա Դավթյանը պայքարում են իրենց հաղթանակի համար: Ժյուրիի անդամներն արդեն կատարել են իրենց ընտրությունը, մնում է   կողմնորոշվեն նաեւ հեռուստադիտողները: Հաղթողը կորոշվի «Շանթ» հեռուստաընկերության սահմանած քվեարկության կարգով, միեւնույն ժամանակ քվեարկություններ են իրականացվում նաև գործընկեր լրատվամիջոցներով՝ «21TV»-ով, «Ռադիո Վան»-ով եւ «Հանրային ռադիոյով»։

13153288_1051784948235904_1646832487_n

Վերջին երկու լրատվամիջոցների  բաց քվեարկության նախնական արդյունքներին եւ համացանցային բուռն քննարկումներին  հետեւելով`կարելի է ենթադրել, որ առաջատարները Նիկ Էգիբյանը, Նարե Գևորգյանն ու  Հայկ Հունանյանն են: «Ժողովուրդ»-ն ավելի վաղ անդրադարձել էր Նարե Գեւորգյանի ելույթներին,  իսկ այս անգամ  մենք զրուցել ենք Հայկ Հունանյանի հետ: Նրա խոսքով` իր ընկերներից ով էլ հաղթի, ինքն ուրախ կլինի: Ամեն դեպքում, Հայկը խոստովանեց, որ ունի նախընտրելի կատարողներ. «Նախ ասեմ, որ ընկերներիս ինձ մրցակից չեմ համարում: Նրանցից յուրաքանչյուրի երգն էլ յուրովի գեղեցիկ է, սակայն ինքս, այսպես ասած, ժողովրդի կողմից եմ, առաջնահերթ հավանում եմ Նարեի եւ Նիկի երգերը»,-ասաց նա:

Հայկը, խոսելով իր «Էլ չեմ գտնի» ստեղծագործության մասին (հեղինակ` Հրանտ Մուրադյան), հիշեցրեց, որ սկզբնական շրջանում դա  ժողովրդական երգ էր, որը ձեւափոխությունների ենթակվելուց հետո դարձավ ռոք բալլադ. «Ոչ ոք նման արդյունք չէր սպասում, եւ կարծում եմ, որ եթե այդ փոփոխությունը չլիներ, երգն այսքան մեծ արձագանք չէր ստանա»,-շեշտեց նա:

Մեր այն հարցին, թե արդյոք Հայկին առաջիկայում էլի կտեսնենք հայկական երաժշտական մրցույթների շրջանակում, «Իքս ֆակտոր» նախագծի ֆինալիստն անկեղծացավ. «Որոշել եմ նման մրցույթների Հայաստանում  այլեւս չմասնակցել, տեսնենք` ինչպես կստացվի: Պատճառն այն է, որ ես դրանց ընթացքում մի տեսակ շատ եմ լարվում, առողջությունիցս «գնում է»»:

Հիշեցնենք, որ «Պրեմիերա»-ն միջազգային գրանցում ունեցող առաջին հայկական երաժշտական ձեւաչափն է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս