Սեպտեմբերի 1-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում մեկնարկել է “Ժառանգության” կողմից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավը:
“Ժառանգության” մամուլի ծառայությունից հայտնում են, որ այն սկիզբ է առել Կապանի Գարեգին Նժդեհի անվան հուշահամալիրի մոտից: Խուստուփ լեռան շուքի ներքո ամփոփված՝ Նժդեհի մասունքների սրբազան վայրում կուսակցության ներկայացուցիչներն ուխտեցին բոլոր այն ծրագրերի իրականացման համար, որոնք բխում են հայ ժողովրդի շահերից եւ Նոր Հայաստանի պայքարի ոգուց:
Թիվ 38 ընտրատարածքում “Ժառանգության” նախընտրական շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը նշեց, որ ընտրելով այս վայրը, ցանկանում են շեշտել, որ Սյունիքը համարում են Հայաստանի Հանրապետության ողնաշարը եւ Արցախի թիկունքը, եւ պարտավոր են այն պաշտպանել՝ ապավինելով սեփական ուժերին, ինչպես պատգամել է մեծն Նժդեհը. “…սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ”: Ներկա իրավիճակի հրամայականի թելադրանքով “ժառանգականներն” ուխտել են պայքարել հանուն ժողովրդավար, ուժեղ եւ բարեկեցիկ Հայաստանի:
“Ժառանգություն” կուսակցությունից Սյունիքի մարզի պատասխանատու Զարուհի Փոստանջյանը նշել է. “Հենց այնպես չընտրեցինք այս վայրը, շատ ենք կարեւորում այն ամենը, ինչը մեզ փոխանցվել է մեր պապերից՝ որպես պատգամ: Նժդեհի մասունքներն ամփոփելով Սյունիքի հողում, նախաձեռնողները դրանով խորհրդանշել են մեր ուժի, մեր ազգային ինքնագիտակցության էական գործոնը: Գալիս ենք այս սուրբ վայրը՝ ուժ ու ոգի առնելու նրանից”:
Պատգամավորության թեկնածու Սամվել Հայրապետյանը նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ ընթացող պայքարը Սյունիքի ճակատում շատ շուտով մեզ հնարավորություն կտա շոշափելու Մեծ հաղթանակի արդյունքները:
Ժամը ուղիղ 18-ին քաղաքի մշակույթի պալատի հրապարակում մեկնարկել է կապանցիների հետ հանդիպումը, որի ընթացքում բաժանվեցին թեկնածուի քարոզչական նյութերը: Այնուհետ հանդիպումը տեղափոխվել է Դավիթ Բեկի թաղամաս, որտեղ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է մարզի զարգացման ուղղությամբ Հայրապետյանի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները:
“Ժառանգություն” կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանն իր հերթին խոսել է ՀՀ սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի եւ “Ժառանգության” առաջարկած լուծումների մասին: Սամվել Հայրապետյանն ընդգծել է, որ իր ողջ գիտակցական կյանքում եղել է պայքարի մեջ, երբեք չի հիասթափվել եւ իրեն համարում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այս տարվա փետրվարի 18-ի հաղթանակի շարունակականությունն ապահովող մարտիկը: “Պայքարելու ու հաղթելու եմ ժողովրդի հետ միասին եւ սեպտեմբերի 29-ից սյունեցիներին ներկայացնելու եմ Ազգային ժողովում”,- համոզմունք է հայտնել պատգամավորության թեկնածուն:
Այսօր “Ժառանգություն” կուսակցության նախընտրական քարոզարշավը շարունակվելու է Մեղրի եւ Ագարակ քաղաքներում ու հարակից գյուղերում: