Արցախի ճանաչումը կտապալի Մոսկվայի տարածաշրջանային ծրագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը դեռեւս ապրիլի 7-ին ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ եթե Ադրբեջանը սկսի լայնածավալ պատերաազմ, ապա Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նա հորդորեց ԵԱՀԿ դեսպաններին` այդ զգուշացումը «փոխանցել իրենց մայրաքաղաքներին»: Դրան հաջորդած ավելի քանի երկու շաբաթների ընթացքում հրապարակային մակարդակում այդ «մայրաքաղաքներից» որեւէ անդրադարձ չեղավ այս հարցին, ինչը շատ փորձագետներ դիտարկեցին որպես հայկական կողմի հնչեցրած զգուշացման լիակատար ըմբռնում:

Սակայն արդեն ԱԺ երկու պատգամավորների օրենսդրական նախաձեռնության` կառավարության նիստում քննարկման նախօրեին, հաստակորեն բացասական արձագանք լսվեց Մոսկվայից, որտեղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց. «Երբ ես Երեւանում էի, ինձ հստակ հավաստիացրել են Երեւանի հակվածությունը խաղաղ բանակցությանը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ընդհանուր պայմանավորվածության համատեքստում, ոչ թե միակողմանի»:

Իրականում սա հստակ զգուշացում էր Երեւանին, որ եթե հայկական կողմը խաղաղություն է ցանկանում, ապա չպետք է գնա ճանաչման, հակառակ դեպքում` դա կնշանակի պատերազմ:

Մոսկվայի բացասական արձագանքն ակնառու էր նաեւ կառավարությունում Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Արցախի ճանաչման մասին» օրինագծի վերաբերյալ առավարության եզրակացության հաստատումից հետո: ՌԴ մամուլի խոսնակ Դ. Պեսկովը հատուկ ընդգծեց, որ այդ հարցը «Երեւանը Մոսկվայի հետ չի քննարկել»:

Իսկ ինչու է Հաաստանի կողմից Արցախի ճանաչման հեռանկարն անընդունելի հենց Մոսկվայի համար: Իհարկե, պատճառներից մեկն էլ այն է, որ դրանով ի ցույց կդրվի, որ Հայաստանը միշտ չէ, որ իր քայլերը համաձայնեցնում է Մոսկվայի հետ:
Սակայն Կրեմլի նյարդային արձագանքի հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումն ամբողջովին կխառնի ՌԴ տարածաշրջանային եւ շատ ավելի լայն ` անգամ գլոբալ խաղաքարտերը:

Ինքնին հասկանալի է, որ եթե Հայաստանը ճանաչեց Արցախը` դրանով ի դերեւ կլինի Ադրբեջանին ԵՏՄ-ի մեջ ընդգրկելու Մոսկվայի ծրագիրը: Իսկ եթե Հայաստանի այդ քայլին ընդդիմանան ԵՏՄ-ի անդամներ Բելառուսն ու Ղազախստանը, այդ դեպքում հարցականի տակ կհայտնվի Հայաստանի անդամակցության նպատակահարմարությունը ԵՏՄ-ին, եւ գուցե նաեւ` ՀԱՊԿ-ին:

Հետեւաբար, Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հեռանկարը ամենից շատ հակասում է Մոսկվայի պլաններին, ինչը նշանակում է, որ դրա հետագա վտանգները հաշվարկելիս չպետք է իլյուզիաներ ունենալ, թե Ադրբեջանը պատերազմ չի սկսի: Եթե անգամ Ադրբեջանը դա չնախաձեռնի, նրան կողքից հորդորողներ եւ համոզողներ կլինեն: Թերեւս դա է պատճառը, որ ՀՀ իշխանական վերնախավում շատ արագ վերանայեցին եւ խմբագրեցին կառավարության նիստում տրված հավանությունը եւ վերադարձան Սերժ Սարգսյանի արած ապրիլի 7-ի հայտարարությանը` Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմի սանձազերծման դեպքում միայն Արցախի անկախության ճանաչման տարբերակին:




Լրահոս