Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ալան Միլը և Ջուզեպպե Գալատին մայիսի 11-13-ը կայցելեն Հայաստան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը: «Այցի նպատակն է Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման մոնիթորինգը: Կքննարկվեն նաև Սահմանադրական բարեփոխումների շրջանակում իրականացվող քայլերին, ընտրական համակարգի բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր», -նշված է հաղորդագրության մեջ:
Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ղեկավար Սիրանուշ Սահակյանի, ինչպես նաև կառավարության աշխատակազմի ղեկավարնախարար Դավիթ Հարությունյանի հետ:
Նախատեսվում են նաև հանդիպումներ Ազգային ժողովի խմբակցությունների, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հայաստանը Եվրախորհրդի լիիրավ անդամ է դարձել 2001 թվականին: