
Այն, որ Հայաստանում իրավիճակը գնալով վատանում է, հայտնի է ամենքին: Այդ իրավիճակի հետեւանքները զգում ենք յուրաքանչյուրս մեր մաշկի վրա: Բացի այդ, ստեղծված տխուր իրավիճակի մասին են փաստում պաշտոնական տվյալները: Եվ այսպես, ըստ ՀՀ ԿԲ վիճակագրական տվյալների՝ 2013թ. առաջին կիսամյակում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից կատարված փոխանցումների ծավալը կազմել է 974 մլն դոլար, որից 738 մլն դոլարը` օգնության եւ աշխատավարձի վճարման նպատակով: 2009թ. առաջին կիսամյակի համեմատ այս թիվն աճել է 62 տոկոսով, 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ` 58 տոկոսով: Մասնագետների պնդմամբ՝ փոխանցումները սեզոնային բնույթ ունեն եւ արդեն երկրորդ կիսամյակում մոտ 1.5 անգամ կգերազանցեն վերոհիշյալ թիվը: Արդյունքում հնարավոր է, որ 2013թ. փոխանցումների ծավալները կազմեն մոտ 2,5 մլրդ դոլար, որը հավասար կլինի բյուջեի եկամուտների ծավալներին: Այլ կերպ ասած՝ Հայաստան արտերկրից մտնում է մոտավորապես ՀՀ պետական բյուջեի չափ գումար: Ասել է թե՝ ՀՀ քաղաքացին իրականում ապրում է դրսից եկած փոխանցումների հաշվին, փոխանցումներ, որոնք անում են արտագնա աշխատանքի մեկնած կամ արտագաղթած ՀՀ քաղաքացիները: