ՉԻ ՆԵՐՎԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օրից կլրանա մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մեկ տարին: Անցած օգոստոսի 30-ին, մինչ ՀՀ ԱԳՆ-ն քնած էր հայտնի կենդանու ականջում, Ադրբեջանի իշխանությունները Բաքվի օդակայանում հանդիսավոր կերպով ընդունում էին իրենց ազգային վիժվածքին: 21-րդ դարում, տեղեկատվական տեխնոլոգիաների պայմաններում մի ողջ պետության անվտանգության մարմինները, փաստորեն, մատնված էին անգործության, եւ ՀՀ-ում այդ խայտառակ փաստի մասին տեղեկացան այն ժամանակ, երբ բանը բանից վաղուց արդեն անցել էր, եւ այդ հանցագործը շամպայն էր խմում ադրբեջանական հողի վրա: Իհարկե, պոստ ֆակտում հաթաթաների պակաս չեղավ. մասնավորապես ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ուղիղ եթերով հեռարձակված ԱԱԽ նիստում Սերժ Սարգսյանի ելույթն ու հատկապես վերջում Գորիկ Գուրգենիչին տրված հատուկ հանձնարարականը բավական արդյունավետ կարճաժամկետ էֆեկտ ունեցան: Դրանից հետո ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին նախագահական հրավիրած Ս. Սարգսյանը հայտարարեց, թե հայ ժողովուրդը եւ ինքն անձամբ դա չի ներելու, եւ սա այն եզակի դեպքն էր, երբ Ս. Սարգսյանի խոսքերը բխում էին յուրաքանչյուր հայի սրտից: Անցել է  մեկ տարի, սակայն հայ ժողովուրդն այդպես էլ չի տեսնում Հայաստանի պետության կողմից իրականացված կոնկրետ քայլեր, որոնք կարտացոլեին այդ խայտառակ գործարքը չներելու փաստը: Բացի միջազգային դատարան դիմելուց, անցած մեկ տարվա ընթացքում որեւէ տեսանելի եւ ազդեցիկ հակաքայլ ՀՀ իշխանությունները չեն իրականացրել, էլ չասած Գորիկ Գուրգենիչին տրված խորհրդավոր հանձնարարության մասին` այն ընկալմամբ, որն էլ ձեւավորելու համար մեկ տարի առաջ հրապարակավ ասվեց. Սաֆարովը, ինչպես ցույց են տալիս ադրբեջանական լրատվամիջոցները, ողջ-առողջ վայելում է «ազգային հերոսի» իր դափնիները:
Անդրադառնալով կատարվածի պատասխանատուներին` նշենք, որ անցած մեկ տարվա ընթացքում որեւէ մեկը աշխատանքից չազատվեց պաշտոնական անգործության համար` ո՛չ ԱԱԾ համակարգում, ո՛չ էլ դիվանագիտական: Իսկ ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանն էլ կարողացավ շատ հեշտ ու հանգիստ մարսել իր հրապարակային սուտն այն մասին, որ ինքը մշտական գրագրության մեջ է եղել հունգարական կողմի հետ, որը պարզապես խաբել է հայկական կողմին: Այդ սուտը հրապարակավ բացահայտեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, բայց, փաստորեն, անօգուտ:
Այդպիսով` ամփոփելով այս խայտառակության մեկամյակը, ստիպված ենք արձանագրել, որ Իլհամ Ալիեւը կարողացավ անել այն, ինչ ցանկացավ, իսկ ՀՀ իշխանությունները չկարողացան անել գեթ մեկ հակաքայլ` եթե ոչ արդեն իսկ կատարված խայտառակությունը կանխելու, ապա դրա մեղավորներին պատժելու կամ գոնե կատարվածից հնարավոր քաղաքական օգուտը քաղելու ուղղությամբ: Եվ հիմա՝ Սաֆարովի արտահանձնումից մեկ տարի անց, կարող ենք ասել՝ հայ ժողովուրդը չի ներելու այդ խայտառակությունն իր անունից չներել խոստացած նախագահին, որի անգործության արդյունքում տպավորություն է ստեղծվում, թե հայ ժողովուրդը համակերպվել է կատարվածին հետ:




Լրահոս