«ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅ ՔԵԶ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին ոստիկանության աշխատակիցների կողմից Երեւանում բողոքի տարբեր ակցիաների մասնակիցների նկատմամբ կատարված բռնությունների դեմ երեկ ՀՀ ոստիկանության դիմաց ցույց էին կազմակերպել քաղաքացիները: Այնուհետեւ ակցիայի մասնակիցները ՀՀ ոստիկանության շենքի մոտից երթով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ չորս պահանջից բաղկացած նամակ փոխանցեցին:
Ակցիայի մասնակիցներն անդրադարձան նախորդ օրերին տեղի ունեցած միջադեպերին` պահանջելով պատասխանատվության ենթարկել օրինախախտ ոստիկաններին: Օրերս բողոքի ակցիայի ժամանակ բռնության ենթարկված Արգիշտի Կիվիրյանը քննադատեց ոստիկանների գործողությունները` հայտարարելով. «Սա  մի կառույց է, որը ոստիկանություն չէ, այլ սեռական անբավարարությամբ տառապող ոհմակ, որի գործողությունները երեւացին Կոմիտասի 5-ում, երբ սեռական անբավարարությամբ տառապող ոստիկանները հարձակվում եւ 20-25 տարեկան աղջիկների էին լպստում»: Ա. Կիվիրյանի խոսքը դուր չեկավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որը դրանից հետո մոտեցավ ակտիվիստներին եւ զգուշացրեց, որ չվիրավորեն ոստիկաններին եւ հարգեն իրենց աշխատանքը:
Ակցիայի մասնակիցները «ՀՀ ոստիկանություն, այ քեզ խայտառակություն», «Մենք սվոյ ենք»  եւ այլ վանկարկումներով շարունակեցին իրենց բողոքը` երթով շարժվելով դեպի գլխավոր դատախազություն: Այստեղ նրանք հանդիպեցին ոստիկանական «մեծ պատի»: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը կոչ արեց չսահմանափակել ակտիվիստների իրավունքները եւ չխանգարել ակցիային. «Հավաքված փաստերի հիման վրա հանրային լսումներ են կազմակերպվելու, եւ հրավիրելու ենք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ու իրավապահներին՝ քննարկելու, թե իրավապահ համակարգի բարելավմանն ուղղված գումարներն ու ծրագրերն ինչ արդյունքներ են տվել: Եթե մենք չենք տեսնում այդ արդյունքները, պետք է պարզել` ինչպես են պետության կողմից տրված գրանտները փոշիացվել»:
Ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանն էլ դատախազության մոտ ընթերցեց իրավապահներին ուղղված իրենց նամակը, որով նրանք պահանջում են. «Ապահովել ՀՀ քաղաքացիների խաղաղ հավաքի իրականացման իրավունքի արդյունավետ եւ գործնական իրացումը, երկրորդ՝ հայտնաբերել եւ պատասխանատվության ենթարկել հավաքի մասնակիցների նկատմամբ քաղաքացիական սադրիչներին, երրորդ՝ ապահովել արդյունավետ խաղաղ հավաքի իրավունքի իրացման վերահսկողություն եւ զերծ մնալ հավաքի մասնակիցների նկատմամբ անօրինական գործողություններից, չորրորդ` քրեական գործ հարուցել եւ պատասխանատվության կանչել օրինախախտ ոստիկաններին»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ




Լրահոս