Armenian text to speach

ՄԽԻԹԱՐԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԻՇԽԵԼՈՒ ՄԵԹՈԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Եթե տարիներ առաջ գործող իշխանությանը քննադատելու համար անհրաժեշտ էին որոշակի թվային ճշգրտումներ, որպեսզի բուռն հակազդեցություն չծնվեր, ապա այսօրվա իրականությունն ավելի ակնառու է, եւ ճշտումների կարիք ամենեւին էլ չկա: Իսկ ամենամտահոգիչն այն է, որ Սերժ Սարգսյանը մեր երկրում առկա իրավիճակի լրջությունը կարծես թե չի պատկերացնում:
Այն, որ Հայաստանում աղքատությունը վաղուց հատել է 35 տոկոսը, իսկ արտագաղթի տեմպերը նույնիսկ պաշտոնական տվյալներով օրեցօր արագանում են, անհերքելի է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ վերջին երեք տարիներին մեր երկրից արտագաղթել է մոտ 200 հազար մարդ: Իսկ թե ինչ են մտածում այս մասին պատասխանատուները, անհասկանալի է:
«Ժողովուրդ»-ի թղթակցին օրերս բախտ է վիճակվել հանդիպել այնպիսի մի անձնավորության, որը վերջերս զրուցել է Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի հետ: Իհարկե, մենք չենք հրապարակում նրա անունը՝ հետագա կանխատեսելի զարգացումներից խուսափելու համար, սակայն այս դեպքում էականը ոչ թե անձն է, այլ այն մտահոգությունների ու մտորումների բարձրաձայնումը, որ ունեն մեր երկրի ղեկավարները: Ընդ որում, խոսքը ոչ թե արտաքին, այլ Հայաստանի ներքին քաղաքականությանն ու սոցիալ-տնտեսական վիճակին է վերաբերում:
Եվ այսպես, ըստ մեր զրուցակցի՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանում առկա իրավիճակի բոլոր դրսեւորումների համար ինչ-որ արդարացումներ ունի: Ընդ որում, այդ արդարացումները հիմնված են աշխարհում տեղի ունեցող զարգացումների ֆոնին արված ինչ-որ վերլուծությունների վրա՝ այնպիսի դասավորությամբ, որ իբրեւ թե ՀՀ իշխանություններն անկարող են աշխարհում առկա գործընթացներին դեմ գնալ:
Սերժ Սարգսյանը եւս հավատում է «վերլուծությունների տեսությանը», հատկապես եթե այն մատուցված է Տ. Սարգսյանի կողմից: Երբ մեր զրուցակիցը Ս. Սարգսյանին հարցրել է, թե ինչու է անհնար դարձել երկրում կոռուպցիայի դեմ պայքարը, նա պատասխանել է. «Աշխարհի գրեթե ոչ մի երկրում կոռուպցիան վերացված չէ: Այդ որտե՞ղ չկա կաշառակերություն»: Ասել է թե՝ Ս. Սարգսյանի համար կարեւորը այլ երկրներում առկա իրավիճակն է, այլ ոչ թե հանցագործության դեմ արդյունավետ պայքարի այլընտրանքային գործիքների մշակումը: «Մեր հարեւան Իրանում գողության համար նույնիսկ ձեռք ու ոտք են կտրում: Եվ ի՞նչ, կոռուպցիան վերացե՞լ է»,-հարցադրմամբ ինքն իրեն մխիթարել է Ս. Սարգսյանը:
Խոսելով Հայաստանից արտագաղթողների մասին՝ նա դարձյալ նույնաբովանդակ մխիթարական խոսքեր է ասել, թե որ երկրից չեն արտագաղթում: Բոլոր տեղերից էլ գնում են, եւ այդ տեղաշարժը նորմալ է:
Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական ծայրահեղ վիճակին ու շարունակվող գնաճին՝ Ս. Սարգսյանը այս հարցի պատասխանն էլ ունի. նա մտադիր է աշնանը էականորեն բարձրացնել պետական ծառայողների եւ քաղծառայողների աշխատավարձերը: Իսկ թե ինչ պետք է անեն մասնավոր հիմնարկներում աշխատողները կամ գործատուները, որոնց ունեցած բիզնեսի շրջանառությունն օր օրի նվազում է՝ բնակչության թվաքանակի անկմանը զուգահեռ, Ս. Սարգսյանը դեռ չգիտի: Հավանաբար Տ. Սարգսյանն այս մասով որեւէ վերլուծություն դեռ չի մատուցել:
Այսպիսով՝ մեր երկրի բարձրագույն իշխանությունները, որոնք, ըստ էության, ոչ թե կառավարում են երկիրը, այլ ընդամենը «յոլա տանում», ամենեւին այդ կարծիքին չեն: Նրանք չեն նկատում նաեւ, որ ընդամենը իրավիճակային կառավարում են իրականացնում՝ չունենալով ապագայի տեսլական ու իրական ազգային հայեցակարգ: Ռեժիմի պարագլուխները մտածում են, որ ամեն ինչ անում են հանուն ժողովրդի, պարզապես մարդիկ չարացել են եւ ոչինչ չեն գնահատում: Իսկ թե որքանով է արդարացված Սարգսյանների այս «թեզը», թող դատի ընթերցողը: Մենք փոխանցեցինք իշխանության բուրգի ամենավերեւում կանգնածների իրական տրամադրությունները:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ



Լրահոս