ՆՈՐ ԴԵՍՊԱ՞Ն
ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ու ՀՅԴ-ական, ՀՀ ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանն առաջիկայում դեսպան են նշանակվելու: Այդ մասին գրում է «Թերթ»-ը: Ավելին, նրանց ագրեմանները (տվյալ երկրի համաձայնությունը ստանալու փաստաթղթերը) արդեն ուղարկված են: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը չի հերքել, բայց եւ չի հաստատել այդ լուրը: Ըստ նրա՝ կան արարողակարգային ընթացակարգեր, որոնց ավարտին հրապարակվում է նախագահի հրամանագիրը: Երեկ «Ժողովուրդ»-ին չհաջողվեց որեւէ մեկնաբանություն ստանալ Վ. Հովհաննիսյանից. նա չպատասխանեց մեր բազմաթիվ հեռախոսազանգերին: Փոխարենը «Ժողովուրդ»-ին հաջողվեց ճշտել, որ Վ. Հովհաննիսյանը նշանակվելու է Գերմանիայի Դաշնությունում ՀՀ դեսպան:
ՀՀԿ-ԱԲԱՐ
Պարզվում է` երիտհանրապետականների առաջնորդ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի ղեկավարած «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ին պարտադիր նվիրատվություններ են անում բուհերը: Հայաստանյան 16 բուհերը, ինչպես նաեւ ՀՀ-ում գործող 4 միջպետական բուհերն այդ հիմնադրամին փոխանցում են իրենց բյուջեի 2%-ը: «Նյութ» կայքի հետ զրույցում ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը հաստատել է այս լուրը՝ ասելով. «Այո՛, ամեն տարի համալսարանի բյուջեի 2%-ը, որ կազմում է 100 մլն դրամ, փոխանցվում է այդ հիմնադրամին»: Փաստորեն, Կ. Ավագյանի ղեկավարած այդ հիմնադրամը սնվում է ուսանողների միջոցներով, իսկ հետո էլ իբր երիտասարդներին (ասում են` հիմնականում ՀՀԿ-ականների) լավություն են անում:
ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ մտահոգություն է հայտնել ուսման վարձերի հնարավոր բարձրացման կապակցությամբ: Նա հայտարարել է, թե մի կողմից ընդունում է, որ պետության կողմից անբավարար ֆինանսավորման պայմաններում, ընդհանուր թանկացումների ֆոնի վրա բուհերը ստիպված են եկամտի նոր աղբյուրներ հայթայթել: Սակայն ընդգծել է, որ ուսման վարձերի փոփոխությունը պետք է հասցվի նվազագույնի, եւ անթույլատրելի է համարել ներկայիս սոցիալական պայմաններում վարձավճարների որեւէ կտրուկ բարձրացում. «Ես պատրաստ եմ իմ անձնական միջոցների տրամադրմամբ շարունակել եւ ընդլայնել բուհին ցուցաբերվող աջակցությունը: Ցանկացած շնորհալի ուսանողի կորուստ մեր երկրի ու մարզաշխարհի համար անթույլատրելի շռայլություն է»:
ՀՔԾ-Ն` ՆԱԵՎ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ
ՀՔԾ կայքն այսուհետ ունենալու է նաեւ իր ռուսերեն ու անգլերեն տարբերակները: Այդ մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանից: Օտար լեզուներով կայքը թողարկելը պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում գործող միջազգային կառույցները, օտարալեզու պարբերականների, կայքերի պատասխանատու-խմբագիրները, դիվանագիտական եւ այլ հետաքրքրված կառույցների ներկայացուցիչները եւս կարողանան ծանոթանալ կայքի բովանդակությանը:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ
«Ոստիկանը գետնին է տապալում 70-ն անց տարեց կնոջը» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է: Ինչպես «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել են ոստիկանության ՀԿԼՎ-ից, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արսեն Ախպերյանը, ում լիազորությունները նախորդ շաբաթ դադարեցրել էին, ենթակա է կարգապահական տույժի: Ոստիկանությունից ռ/կ-ին նաեւ հայտնել են, որ ուսումնասիրվում է տեսանյութը, որում պատկերված է, թե ինչպես է մի ոստիկան Կոմիտասի 5-ում բողոքի ակցիա անցկացնող երիտասարդ կնոջ նկատմամբ, շատերի գնահատմամբ, սեռական ոտնձգություն կատարում: Ի դեպ, ակցիայի մասնակից այդ աղջիկը` Շողեր Մելքումյանը, երեկվա ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Մի ոստիկան օգոստոսի 24-ին անընդհատ հետապնդում էր ինձ, հոգատար ոստիկանի դեր էր խաղում եւ փորձում հեռացնել տարածքից, անգամ շրթունքներով դիպել է պարանոցիս»: Նա ասել է, որ այդ հպումը քաշքշոցի պահին չի զգացել, այլ հետո է տեսել տեսանյութերում: