ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի և խաղաղության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Գորիսում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, կառավարության անդամների, բարձրաստիճան զինվորականների, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ մասնակցել է արցախյան հերոսամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված նորակառույց հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը։
Արցախյան հերոսամարտում մարտիրոսված հայորդիների հիշատակին և մեր նորօրյա հերոսներին ուղղված խոսքում մարզպետ Ս. Խաչատրյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ որպես հաղթանակած ազգ, այսօր հայն ավելի հպարտ է, քան երբևէ.
«Ապրիլի 2-ին մենք մեկ անգամ ևս աշխարհին ապացուցեցինք, որ մեր ձեռքբերումների տերն ենք: Արցախցին ազատ, անկախ ապրելու իրավունքը վաղուց է վաստակել և այդպես էլ շարունակվելու է: Կարծում եմ՝ ողջ աշխարհը հասկացավ, որ հայ զինվորի դեմ ինչքան էլ պատրաստված բանակ լինի, միևնույն է, հայի ոգին ոչ ոք չի կարող կոտրել. 18-20 տարեկան հայ զինվորը կարողացավ այնպիսի մի մեծ հարված տալ, որ այսօր էլ ավելի մեծ պետություններ զարմացած են հայ զինվորի խիզախությամբ, նրա բազկի ուժից»:
Նորակառույց հուշարձանի ժապավենը կտրելու պատիվը տրվեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ Սուրիկ խաչատրյանը բարձրաստիճան հյուրերի հետ ծաղիկներ է խոնարհել իր նախաձեռնությամբ ու մեկենասությամբ կառուցված հուշարձանին, որի կառուցման աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2013 թվականին:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկա է գտնվել նաև վետերանների տան բացման արարողությանը, շնորհավորել Մեծ հայրենականի վետերաններին, բարեմաղթանքի խոսքեր հղել նրանց և մեր ժողովրդին մայիսյան հաղթանակների առիթով մաղթել նորանոր հաջողություններ։