ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱԽԱՏԵԼ Է
Օգոստոսի 25-ին Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում «Լավագույն մարզական ընտանիք-2013» ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի մրցումների ավատից հետո Սերժ Սարգսյանը մասնակցել է խնջույքի: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ խնջույքը տեղի է ունեցել Ծաղկաձորի «Սպորտ բազա» հյուրանոցային համալիրում, որին ներկա են եղել նաեւ մրցույթի մասնակիցները: Խնջույքի թամադա է «նշանակվել» ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Ս. Սարգսյանը մինչեւ ուշ երեկո ներկա է եղել խնջույքին: Ի դեպ, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նախքան խնջույքի սկսվելը Ս. Սարգսյանն առանձնազրույց է ունեցել բոլոր մարզպետերի հետ ու նրանց նախատել կատարած վատ աշխատանքի համար:

Էլի կարկուտ
Շիրակի մարզում երեկ կրկին ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել: Կարկուտը հիմնականում տեղացել է Գյումրի քաղաքում եւ դրան հարակից գյուղերում: Քեթի համայնքի ղեկավար Թորգոմ Սահակյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ տեղացած կարկուտն իրենց համայնքին մասնակի է վնաս հասցրել. «Դեռ հաշվարկներ չենք արել եւ այս պահին հստակ չենք կարող ասել, թե ինչ չափի վնաս է հասցրել: Վաղը նոր կերեւա»: Նշենք, որ երեկվա կարկուտը վնաս է հասցրել նաեւ Հացիկ, Մայիսյան, Ախուրյան եւ Հովունի համայնքներին: Ըստ նախնական տեղեկությունների՝ ամենաշատը տուժել է Հովունի համայնքը: Հիշեցնենք, որ հանգստյան օրերին եւս Շիրակի մարզում կարկտահարություն էր եղել:

ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազեւը երեկ հայտարարել է, թե Ուկրաինան ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո կդադարի լինել ՌԴ ռազմավարական գործընկերը: Նա նաեւ զգուշացրել է, որ այդ համաձայնագիրը ստորագրելու դեպքում Ուկրաինան կզրկի իրեն առեւտրային հարցերում ինքնիշխանությունից եւ կփակի իր ճանապարհը դեպի Մաքսային միություն: Մյուս կողմից ՌԴ-ն խնդիրներ ունի նաեւ Վրաստանի հետ: Նախորդ շաբաթ Պուտինի այցն Աբխազիա դարձել է ռուս-վրացական դիվանագիտական սկանդալի պատճառ: Հիշեցնենք, որ Վրաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել ՌԴ-ին` այդ այցը համարելով Վրաստանի ամբողջականության եւ ինքնիշխանության խախտում:

ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ
Գրեթե մեկ ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցեր էր ուղղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Որոշ ժամանակ անց ՌԴ նախագահի լրատվության բաժնից խոստացել էին, որ իրենք կպատասխանեն մեր հարցերին: Սակայն նախօրեին «Ժողովուրդ»-ը բոլորովին այլ բովանդակությամբ նամակ է ստացել ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից. նրանք հայտնել են, որ մոտակա ժամանակահատվածում չեն կարող մեր հարցերին պատասխանել խիստ զբաղվածության պատճառով: Իսկ «Ժողովուրդ»-ի հարցերը վերաբերում էին ՀՀ-ՌԴ փոխհարաբերություններին, այդ համատեքստում ՀՀ-ի` Մաքսային միասնական միությանն անդամակցել-չանդամակցելու խնդրին:




Լրահոս