ՑԱԾ ՆԵՏՎԱԾ ՏՂԱՅԻ ՀԱՅՐԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից, կառավարության շենքից նետվելու միջոցով օրերս ինքնասպան եղած Հայկ Հայրապետյանի հայրը` Միշա Հայրապետյանը, «Ժողովուրդ»-ի զրույցում բացառեց, որ իր որդին ինքնասպանության է գնացել աշխատանքային վայրում ունեցած խնդիրների կամ սիրած աղջկա համար: Ավելին, Միշա Հայրապետյանի  համար  կատարվածը շատ մութ է ու զարմանալի:
Հիշեցնենք, որ Հայկ Հայրապետյանն ինքնասպանություն էր գործել ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքի 6-րդ հարկում տեղակայված կրթության եւ գիտության նախարարության պատշգամբից: Դեպքից անմիջապես հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Հայկն ինքնասպան լինելուց առաջ հեռախոսազրույց է ունեցել աղջկա հետ, եւ նրա այդ քայլի պատճառը սիրած էակն է եղել: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ բնապահպանության նախարարության աշխատակիցը գործնական խնդիրներ է ունեցել եւ այդ պատճառով է նման քայլի դիմել: 22-ամյա երիտասարդի ինքնասպանության իրական պատճառը դեռեւս բացահայտված չէ:
«Իմ տղային ես այլեւս չեմ կարող հետ բերել: Դուք չեք պատկերացնում, թե ինչ ապրումների մեջ ենք մենք, որ չգիտենք, թե ինչու սա եղավ: Այսօր իմ տղայի մահվան 7-րդ օրն է: Էլ ի՞նչ ասեմ ես ու մեկնաբանեմ, որ իմ որդուն էլ հետ չեմ բերելու: Ինքն ուրիշ երեխա էր»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում լացակումած պատմեց Հայկի հայրը:
Ըստ մեր զրուցակցի` Հայկը դեպքի օրը բավական երկար հեռախոսազրույց է ունեցել իր մոր հետ. «Կես ժամ խոսել են: Առավոտյան 11-ի կողմ է եղել այդ խոսակցությունը: Ամեն ինչ նորմալ է եղել, հավեսով  խոսել է, ոչ մի դրդապատճառ չի եղել, ու ինքն էլ ինչ ցանկացել է, իր սրտով է եղել: Նա այնքան կայացած տղա էր, 7 լեզու գիտեր, ու ես էլ՝ որպես ծնող, հպարտանում էի, թե ինչ տղա ունեմ, բայց երեւի Աստված շատ համարեց, չգիտեմ…»:
Միշայի խոսքով՝ կատարվածը շատ տարօրինակ է ու զարմանալի: Ավելին, տղայի հայրը բացառեց, որ որդին ինքնասպան է եղել աղջկա համար: «Չէ՛, չէ՛: Իմ երեխան այդպիսի երեխա չէր, որ աղջկա համար գնար այդ քայլին»,-ասաց նա` վստահեցնելով, որ Հայկը աշխատանքային խնդիրներ եւս չի ունեցել, ու այն, ինչի կյանքում հասել է, հասել է իր գիտելիքների շնորհիվ: Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչը կարող էր որդու ինքնասպանության պատճառը լինել, հայրը պատասխանեց. «Չգիտեմ, ինձ համար էլ ամեն ինչ մութ է»:
Հայկի հայրը տեղեկացրեց, որ որդին ընկերուհի չի ունեցել, ոչ էլ պատրաստվել է որեւէ մեկի հետ նշանվել: Ըստ Մ. Հայրապետյանի՝ ինքը դեպքից մի քանի օր առաջ այդ թեմայով խոսել է որդու հետ. «Ասացի՝ ազի՛զ ջան, բա ասա՛ տենաք՝ ինչ ես որոշել: Նա էլ ինձ ասաց, թե՝ պա՛պ ջան, մագիստրատուրայի վերջին կուրսն ավարտում եմ: Ավարտեմ, վերջացնեմ, նոր այդ մասին, այդ թեմայով կխոսենք: Չէ՛, չէ՛, աղջիկներն այս ամենի պատճառը չեն, ու կրկնում եմ՝ ոչ էլ աշխատանքը»:
Ի դեպ, եւս մեկ ուշագրավ հանգամանք. Հայկ Հայրապետյանի ազգական Ռուզաննա Հայրապետյանն իր եղբոր դեպքի վերաբերյալ «Գալա»-ի կայքում տեղադրված նյութի տակ որպես մեկնաբանություն մեկ ուշագրավ նախադասություն է գրել. «Իմ ախպերը չէր կարող ինքնասպանություն գործել… մի բան էն չի… դա փաստ է»: «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Ռուզաննայի հետ: Վերջինս ասաց, թե ինքը չի հավատում, որ Հայկն այլեւս չկա. «Միայն մի բան կարող եմ ասել, որ նորմալ եւ խելացի տղան նման բան չէր կարող անել»:
Նշենք նաեւ, որ ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի քննությունն ընթանում է, բոլոր հանգամանքները պարզվում են:

Քնար Մանուկյան




Լրահոս