ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄԱՄՈՒԼԻ ՇԵՆՔԻՑ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Կանչ» մանկապատանեկան թերթի խմբագիր Վարուժան Մնացականյանն իր մտահոգությունն արտահայտեց Երեւանի Մամուլի շենքում անվտանգության ապահովության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Խմբագրի մտահոգությունը պայմանավորված է այս տարվա փետրվարի 15-ին «Կանչ»-ի խմբագրությունում կատարված գողությամբ. «Մինչ օրս որեւէ բան չկա, թե ովքեր էին մտել մեր խմբագրություն եւ գողացել 20 հազար դրամ, բայց ամենավատն այն է, որ Մամուլի շենքում գողության դեպքեր շատ են լինում: Մենք ունենք շենքի պահակ, բայց, միեւնույն է, այս խնդիրը շատ մտահոգիչ է, քանի որ մեր անվտանգությունն ապահովված չէ»: Վ. Մնացականյանը, խնդրի հետ կապված, դիմել է անգամ շենքի տնօրենին, սակայն տնօրենն ասել է, թե ինքը ոչինչ չի կարող անել. «Չգիտեմ, միգուցե ոստիկան բերեն՝ շենքը հսկելու: Ճիշտ է, մեր դեպքն առաջինն էր, բայց նման դեպքեր շատ են եղել եւ լինում»:

2 ՏԱՐԻ ԱՆՑ
Օգոստոսի 30-ին լրանում Է ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի կալանավորման երկրորդ տարին: Հիշեցնենք, որ նրան 6 տարվա ազատազրկման էին դատապարտել պաշտոնական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի` բենզինի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: Ըստ շրջանառվող լուրերի՝ Մ. Օհանյանը ներման խնդրագիր էր ներկայացրել Սերժ Սարգսյանին: Ու չնայած անցել է տեւական ժամանակ, սակայն այն բավարարված չէ: Մ. Օհանյանի եղբայրը` Մուշեղ Օհանյանը, «Ժողովուրդ»-ին ասաց. «Որեւէ նորություն չկա»: Այլ մեկնաբանություններ նա չցանկացավ տալ:

ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀԻՆ
Հուլիսի 31-ին Երեւանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Իմպերիա» ռեստորանում հաճախորդուհիներից մեկը հայտնաբերել էր, որ միջոցառման ժամանակ կորցրել է իրեն պատկանող iPhone հեռախոսը: Երկար փնտրտուքից հետո աղջկան չի հաջողվել գտնել հեռախոսը, եւ ռեստորանում մեծ աղմուկ էր բարձրացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս այդ հեռախոսը գտել են «Իմպերիա» ռեստորանի մատուցողուհու մոտից, որը գողացել է այն ու թաքցրել բոլորի աչքից: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ նախաքննությունը շարունակվում է:

ՉԵՆ ԱՊՐՈՒՄ
Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան 20ա շենքի բնակարանում, որտեղ այս տարվա մայիսի 8-ին սպանվել էր 23-ամյա մատուցողուհի Մարիամ Հունանյանը, այլեւս ոչ ոք չի բնակվում: Նշենք, որ Մարիամն այդ բնակարանում ապրում էր վարձով իր ընկերուհու եւ վերջինիս մոր հետ: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ բնակարանի սեփականատերը հանրապետությունում չէ եւ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: «Բնակարանը դեպքից հետո մի քիչ վերանորոգվել է, սակայն այդ դեպքից հետո ոչ ոք այդտեղ չի ապրում, ու անգամ գիտենք, որ բնակարանը էլ վարձով չեն տալու եւ պատրաստվում են վաճառել»,-ասաց բնակիչներից մեկը: Հիշեցնենք, որ մատուցողուհու սպանության կասկածանքով կա ձերբակալված` 25-ամյա Դավիթ Թամրազյանը:




Լրահոս