Բաքվի կենտրոնում պղծվել է Հեյդար Ալիևի հուշարձանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Ադրբեջանի նախկին նախագահ և գործող նախագահի հայր Հեյդար Ալիևի` Բաքվի ամենակենտրոնում գտնվող հսկա հուշարձանը պղծվել է, հայտնի դարձավ այսօր վաղ առավոտյան, երբ սոցիալական ցանցերում այդ փաստը հաստատող լուսանկարներ հայտնվեցին: Գրում է «Ազատությունը»:

Բաքվի Սաբաիլի վարչական շրջանում` Կենտրոնական բանկի շենքից հաշվված մետրերի վրա գտնվող այգում տեղադրված հուշարձանի պատվանդանին անհայտ անձինք գիշերը սպիտակ ներկով ադրբեջաներեն և անգլերեն գրություններ էին թողել: «Կեցցե ստրուկների տոնը», – ադրբեջաներեն գրված էր Ալիևի հուշարձանի պատվանդանին: «Կորչի համակարգը»` պայմանականորեն այսպես կարելի է թարգմանել հայհոյանք պարունակող անգլերեն գրառումը, որ հայտնվել է Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին դիմային հատվածում:

Ակցիայի հեղինակների մասին գոնե մինչև այս պահը որևէ բան հայտնի չէ: Դատելով, սակայն, այն հանգամանքից, որ Ալիևի հուշարձանի պատվանդանին գրություններից բացի նաև անարխիստների նշանն էր հայտնվել, կարելի է ենթադրել, որ ադրբեջանական իշխանությունները բախվել են Բաքվում գործող և վերջին շրջանում բավական ակտիվացած ձախակողմյան խմբավորումների գործունեությանը: Բացի այդ, հազիվ թե պատահական լինի այն իրողությունը, որ Հեյդար Ալիևի հուշարձանը պղծելու մասին առաջիններից մեկը տեղեկացրեց ադրբեջանցի ձախ ակտիվիստներին միավորող Solfront-ը`«Ձախ ճակատ» կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում: Ադրբեջանցի ձախերը, ի դեպ, Ալիևի պղծված արձանի լուսանկարը սոցիալական ցանցում ուղեկցել էին Իոսիֆ Բրոդսկու հայտնի բանաստեղծության տողերով` «Ազատություն է, երբ չգիտես բռնակալի հայրանունը»:

Զուտ ժամանակագրական առումով ևս, ի դեպ, տեղի ունեցածը պատահականություն չէ: Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանի նկարազարդումը տեղի ունեցավ այն նույն օրը, երբ Ադրբեջանի իշխող վերնախավը պետական մակարդակով  տոնում է նախկին նախագահի ծննդյան 93-րդ տարեդարձը: 2004 թվականից սկսած Ադրբեջանի իշխանությունները Հեյդար Ալիևի ծննդյան օրը հռչակել են «Ծաղիկների տոն»: Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին արված «Կեցցե ստրուկների տոնը» գրությունն էլ ոչ միայն թափանցիկ ակնարկ է այդ տոնին, այլև բառախաղ. ադրբեջաներենում ծաղիկ և ստրուկ բառերը գրեթե նույն կերպ են գրվում և արտաբերվում:

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս