ՀՀ ցանկացած գյուղ ունի իր ամառային արոտավայրերը: Այն հաստատվում է պետության կողմից: Սակայն Տավուշի մարզպետարանում ամառային արոտավայրերի սահմանների հստակեցման աշխատանքների ժամանակ սահմանամերձ Բերքաբեր գյուղն ամբողջովին զրկվել է իր արոտավայրերից, եւ հիմա դրանք անցել են Լուսաձոր համայնքին:
Բերքաբերը 90-ականների սկզբին պատերազմական գործողությունների ամենաթեժ կետերից է եղել: Գյուղի բոլոր կառույցները գրեթե ամբողջությամբ վնասվել են հրետակոծությունից: Շուրջ 900 հա որակյալ խաղողի եւ պտղատու այգիներ հիմա գտնվում են հակառակորդի հսկողության տակ: Համայնքն ունի 5 զոհված եւ 35 վիրավոր ազատամարտիկների ընտանիքներ: Հեռավորությունը Երեւանից 161 կմ է, մարզկենտրոնից՝ 28 կմ, ՀՀ պետական սահմանից՝ ընդամենը 1.5 կմ:
Գյուղն այս պահին ունի 185 ընտանիք: Համայնքի զբաղեցրած տարածքը 1183.76 հեկտար է, որից 817.64 հա-ն արոտներ են, 86.73 հա-ն՝ վարելահողեր, 3.96 հա-ն՝ այգիներ: Բերքաբերը գազաֆիկացված չէ, իսկ ճանապարհների վիճակն անբարեկարգ է: Բացի այդ, ունի նաեւ խմելու ջրի խնդիր:
Բերքաբերցիները չեն հաշտվում այն մտքի հետ, որ իրենց ամառային արոտավայրերն այս պահին գտնվում են հարեւան համայնքի վարչական տարածքում: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ քարտեզագրման աշխատանքների ժամանակ ներկա է եղել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Արծրուն Նազարյանը, որն էլ, լինելով Լուսաձորից, կարողացել է այնպես անել, որ Բերքաբերի արոտավայրերն անցնեն իր հայրենի գյուղին:
Բերքաբերցիների խոսքով՝ Լուսաձորի արոտավայրերը գտնվում են իրենց գյուղից բավական հեռու տարածքում` Սեւանի ոլորանների սկսվելուց մինչեւ Սեմյոնովկա համայնքի մատույցները: Եվ որպեսզի լուսաձորցիները շատ հեռու չգնան, ըստ մեր զրուցակիցների, Արծրուն Նազարյանի միջամտությամբ Բերքաբերի արոտավայրերն անցել են իրենց: Նշենք, որ սա կատարվել է Բերքաբերի նախկին համայնքապետ Սուրեն Խուդավերդյանի պաշտոնավարման ժամանակ:
Բերքաբերի բնակիչները «Ժողովուրդ»-ին վստահեցրին, որ մարզպետարանում այս հարցը քողարկվել է, իսկ նախկին համայնքապետին էլ դեռ այն ժամանակ պարտադրել են, որ գյուղացիներին ներկայացնի, թե իբր համայնքում անասուն չկա, ուստի եւ արոտավայրեր պետք չեն: Արդյունքում՝ գյուղը տուժել է կրկնակի. Բերքաբերի այգիներն ու վարելահողերը մնացել են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
Սուրեն Խուդավերդյանը, որի պաշտոնավարման ժամանակ են տեղի ունեցել այս քարտեզագրման աշխատանքները, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կատարվածը ՀՀ կառավարության սխալ որոշման հետեւանքով է եղել. «Կառավարության որոշում կա. այն համայնքները, որոնք անտառի հետ կապ չունեն, նրանց արոտավայրերից զրկել են: Դա մեր ցանկությամբ չի եղել: Եվ առանց վարձակալության պայմանագիր կնքելու չես կարող այնտեղ անասուն արածեցնել, ուղղակի այս պայմանագիրը մեր համայնքի բնակիչները կնքում են արդեն Լուսաձորի համայնքապետարանի հետ: Այս ամեն ինչում կառավարությունն է մեղավոր ու Սերժ Սարգսյանը»: Նախկին համայնքապետի խոսքով՝ գյուղացիների համար արոտավայրերը մեծ նշանակություն ունեն. «Գյուղացին պայմանագիր է կնքում տարածքների համար, եւ այդ գումարը մուտք է գործում համայնքի բյուջե, այս դեպքում Լուսաձոր համայնքի բյուջե»: Հիմա բերքաբերցիները՝ որպես իրենց հողերի 80 տոկոսը կորցրած համայնք, պահանջում են, որ կառավարության համապատասխան որոշումը չազդի Բերքաբերի վրա:
Իսկ Բերքաբերի ներկայիս գյուղապետը՝ Արթուր Մադաթյանը, դեռեւս չի շտապում զբաղվել այդ հարցով: Ըստ նրա՝ հիմա կարեւոր է խմելու ջրի խնդիրը, որը լուծելուց հետո իրենք կանցնեն նաեւ այդ հարցին:
Բերքաբերի բնակիչ 61-ամյա Սեյրանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց` ասելով. «Մեզ մնացել է միայն մեր ունեցած տնամերձ հողը: Արոտավայրեր չունենք, անասուն կերակրելու տեղ չունենք, մարդ չի կարողանում նորմալ կով պահել, որ ձմեռը կաթ տանք էրեխին: Դա հնարավոր բան չի՝ այսպիսի գյուղից վերցնել արոտավայրերը, չէ՞ որ այս գյուղի համար մարդիկ կյանք են տվել: Շնչող, հաց ուտող մարդու արած քայլ չի. մեր սարի հողերը վերցնեն ու տան թիկունքում ապրող, Իջեւանին կպած գյուղի՞ն»:
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Արծրուն Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փորձեց կատարվածի պատասխանատվությունը գցել ՀՀ կառավարության վրա` ասելով, որ այդ ամենը տեղի է ունեցել կառավարության որոշմամբ. «Բերքաբեր համայնքը երբեք երկրորդ հատված չի ունեցել: Իսկ նախկինում նրա կողմից օգտագործվող տարածքները (պետֆոնդի արոտները) սահմանակից չէին, եւ համայնքին միացնելու համար պետք է երեք այլ համայնքների վարչական սահմանների փոփոխություն կատարվեր: 1996թ. համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարբեր կատեգորիաների հողերը տնօրինվել են մարզպետերի կողմից, իսկ Բերքաբերը ոչ մի անգամ չի դիմել հեռագնա արոտներից սահմանված կարգով օգտվելու համար»:
Ի դեպ, Լուսաձորի անասնագլխաքանակն ավելի քան 300 է, իսկ Բերքաբերինը` մոտ 220: Բերքաբերցիների խոսքով՝ այս թիվը դեռ կնվազի, քանի որ արոտավայր չկա: Մինչդեռ գյուղնախարար Սերգո Կարապետյանը շարունակում է հայտարարել, թե այս տարի անասնագլխաքանակի աճ կա:
ԲԵՐՔԱԲԵՐՑԻՆԵՐԻՆ ԶՐԿԵԼ ԵՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ