Մինչ Նոյեմբերյան քաղաքն աղբի մեջ կորած է, քաղաքապետը բարձրացնում է աղբահանություն կատարող հիմնարկության տնօրենի աշխատավարձը: Պարզվում է` այդ տնօրենը` Աշոտ Ամիրաղյանը, քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի բարեկամն է:
Բավական է այցելել Նոյեմբերյան, եւ կտեսնեք` քաղաքի տարբեր հատվածներում ամիսներով թափված են աղբակույտեր, իսկ շատ թաղամասեր, որոնք ընդգրկում են սեփական առանձնատները, ընդգրկված չեն աղբահանության ենթակա տարածքների ցանկում: Սակայն պարզվում է, որ քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին նման վիճակն այնքան էլ չի մտահոգում: Համայնքի ավագանու վերջին նիստում քաղաքապետի առաջարկով բավարարվեց համայնքապետարանի ենթակա հիմնարկների 2 աշխատողի աշխատավարձը բարձրացնելու քաղաքապետի առաջարկը: Այդ երկուսից մեկը քաղաքում աղբահանություն իրականացնող «ՔՏՍ» հիմնարկության տնօրեն Աշոտ Ամիրաղյանն է, որը քաղաքապետի կնոջ քեռորդին է: Աշոտ Ամիրաղյանը նախկինում ստանում էր 55 հազար դրամ աշխատավարձ, քաղաքապետի առաջարկով եւ ավագանու քվեարկությամբ նրա աշխատավարձը դարձավ 65 հազար դրամ: Ավագանու անդամ Մխիթար Խաչիկյանը կարծում է, որ համայնքի բյուջեից աղբահանության նպատակով տրվող գումարներն ավելանում են, սակայն դրանից այդ ծառայության որակը չի բարելավվում: Ավագանու անդամ Արթուր Ամիրաղյանն էլ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ աղբահանության ժամանակացույցը հստակ չէ, որ բնակիչներից շատերը չգիտենալով աղբատար մեքենայի գալու ժամերը, այդ ժամանակ տանը չեն գտնվում եւ չեն կարողանում աղբը թափել:
Վ. Ամիրաղյանն իրավիճակն արդարացնելու համար ասում է, թե վերջին շրջանում «ՔՏՍ»-ի աշխատակիցները զբաղված են եղել քաղաքում գիշերային լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքներով: Թեեւ նկատենք, որ աղբահանության կազմակերպումը համարվում է համայնքի ղեկավարի պարտականություններից մեկը:
Տավուշ