Արայիկ Հարությունյանը կոչ է արել տեղահանվածներին վերադառնալ իրենց բնակավայրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Շուշի քաղաք և հանդիպել ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի տարբեր բնակավայրերից տարհանված և բերդաքաղաքում ապաստանած մի խումբ բնակիչների հետ: Այս մասին հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Վարչապետը ծանոթացել է տեղահանված  քաղաքացիների բնակության կենսապայմաններին և քննարկել նրանց  վերադարձի հետ կապված մի շարք հարցեր: Գործադիրի ղեկավարը նշել է, որ ինչպես տարհանման ընթացքում, այնպես էլ վերադարձից հետո կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել նրանց խնդիրները:

«Բացի Թալիշ և Մատաղիս գյուղերից, մյուս համայնքների բնակիչներին կոչ եմ անում վերադառնալ իրենց օջախները, քանի որ նոր վտանգների հիմքեր չկան, և իրավիճակը մեր վերահսկողության տակ է: Ուզում եմ հավաստիացնել, որ ձեր խնդիրները գտնվում են կառավարության ամենօրյա հոգածության ներքո, և ձեր վերադարձից հետո նույնպես պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերել: Իսկ վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են, և կորուստներ կրած քաղաքացիներին համապատասխան փոխհատուցում ենք տրամադրելու»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ անհրաժեշտ է վերադառնալ և արագ անցնել գյուղատնտեսական աշխատանքներին:

Բնակիչները հիմնականում դրական են արձագանքել վարչապետի առաջարկին և ցանկություն հայտնել առաջիկա օրերի ընթացքում տեղափոխվել իրենց բնակավայրեր:

Այցի ընթացքում վարչապետին ուղեկցում էին ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, Մարտակերտի և Շուշիի շրջվարչակազմերի ղեկավարները:




Լրահոս