ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ
Նոր ուսումնական տարուն ընդառաջ՝ օգոստոսյան խորհրդակցությունը մեկ հարկի տակ էր հավաքել լոռեցի ուսուցիչներին ու տնօրեններին:
Լոռու մարզպետի եւ կրթության համապատասխան ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվեց նախորդ ուսումնական տարվա հաշվետվությունը, քննարկվեցին անելիքները:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանն առկա խնդիրներից առանձնացրեց դպրոցական խորհուրդների պասիվ գործունեությունը, խոսեց նաեւ տնօրեններին ուղղված նկատողությունների մասին՝ խոստանալով այս հարցում ավելի հետեւողական աշխատանք իրականացնել եւ փորձել վերացնել նկատելի բացթողումները:
Ուշագրավն այն է, որ նիստի ժամանակ դպրոցի տնօրեններից որեւէ մեկը որեւէ խնդրի մասին չբարձրաձայնեց: Այնպիսի տպավորություն էր, թե Լոռու մարզում չկա որեւէ լուրջ խնդիր: Ավելի ուշ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, Գուգարքի հիմնական դպրոցի տնօրեն Սամվել Մացակյանը, խոսելով ուսումնական հաստատությունում առկա խնդիրների մասին, մտահոգություն հայտնեց՝ հատկապես աշակերտների թվի հետ կապված. «Կոնկրետ մեր դպրոցում, որ նախորդ տարում ունեցել ենք 2-ական դասարաններ, 2՝ առաջին, 2՝ երկրորդ,  այսօր աշակերտների թվաքանակի պատճառով միացել են դասարանները, պրոբլեմներ են առաջացել՝ դասվարների հետ կապված: Այս խնդիրն ինձ համար մեծ մտահոգություն է: Տարեցտարի այս խնդիրն ավելի է խորանում, մի կողմից ծնելիության ցածր մակարդակը, մյուս կողմից արտագաղթը շատ են նպաստում դրան»:
Չնայած կրթական ոլորտում առկա շատ խնդիրներին՝ խորհրդակցությունն ավարտվեց  ոլորտի մասնագետների դրական արձանագրությամբ՝ մարզում գործող կրթօջախներում նոր ուսումնական տարին կսկսեն  նոր եւ ավելի հարմարավետ պայմաններում:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

«ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում երեկ քննարկվել է Սեւանա լճից ոռոգման նպատակներով լրացուցիչ ջուր բաց թողնելու հարցը: ՏԿ նախարար Արմեն Գեւորգյանն այդ կապակցությամբ տեղեկացրել է, որ թեեւ գյուղատնտեսական տարին բավական հաջող է, եւ սպասվում է առատ բերք, սակայն Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի մատակարարման լարվածություն կա: Ուստի, ըստ նրա, այս տարի Սեւանա լճից ոռոգման նպատակով վերցվել է միայն օրենքով սահմանված ծավալը՝ 170 մլն խմ, որից արդեն սպառվել է 152 մլն խմ-ն: Ա. Գեւորգյանը ջրօգտագործողների ընկերակցության ղեկավարներին կոչ է արել խնայողաբար օգտագործել ջուրը:




Լրահոս