ԵՐԲ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԵՆ ԵՐԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շառլ Ազնավուրի` օգոստոսի 21-ին Նարբոնում Շառլ Տրենեի 100-ամյակին նվիրված փառատոնի շրջանակում կայացած համերգը սկանդալով է ուղեկցվել: Պատճառը եղել է այն, որ նա իր երգացանկից ոչ մի երգ չի կատարել, այլ միայն Տրենեի երգերից, այն էլ ընդամենը 5 երգ եւ հիմնականում դուետով: Մինչդեռ հանդիսատեսն ակնկալում էր ունկնդրել Ազնավուրի շանսոնները: Բանն այն է, որ ազդագրերում եւ 45 եվրո արժեցող տոմսերի վրա գրված է եղել՝ «Շառլ Ազնավուրի համերգը»: Համերգից հետո հանդիսականները վանկարկել են՝ դա խաբեություն է, ամոթ:
Այն, որ Ազնավուրը ոչ միայն հայերիս, այլեւ ընդհանրապես շատ օտարերկրացիների համար կենդանի լեգենդ է, հայտնի փաստ է: Եվ այս դեպքում խնդիրը ոչ թե պայմանավորված էր Ազնավուրի անձով, այլ հանդիսատեսն իրեն զգացել է խաբված ու պահանջել վճարած գումարին համարժեք համերգ։ Այսինքն՝ եթե գրված է Ազնավուրի համերգ, ուրեմն Ազնավուրը պետք է համերգով հանդես գա, ոչ թե մի քանի երգով։
Սա հանդիսատեսի պահանջկոտության, ինքն իրեն հարգելու վկայությունն է: Մի բան, որը, կարելի է ասել, իսպառ բացակայում է հայ հանդիսատեսի մոտ։ Հանդիսատես, ում կարող են խաբել՝ համաշխարհային որեւէ աստղի համերգի տոմս վաճառելով, որն այդպես էլ Հայաստան չի ժամանում, իսկ վաճառված տոմսերի արժեքը չեն փոխհատուցում։ «Ամերիկաներում» կյանք վայելող որոշ տեղական «աստղեր» էլ իրենց համերգից ցանկանում են աստղաբաշխական գումարներ վաստակել՝ արհամարհելով հանդիսատեսին։ Օրինակ՝ երկու օր առաջ կայացած Արմենչիկի համերգի տոմսերը բավական բարձր գին են ունեցել` 5-15 հազար դրամ: Սրան գումարվել է նաեւ հայկական սովորույթը. համերգը սկսվել է մեկ ժամ ուշացումով: Բայց հանդիսատեսն այդ ողջ ընթացքում «սրտի տրոփյունով» սպասել է իր կուռքին։
Համեմատության համար նշենք, որ իտալացի աշխարհահռչակ դերասան եւ երգիչ Ադրիանո Չելենտանոյի համերգի տոմսն արժե ընդամենը 1 դոլար. երգիչը դա բացատրում է այն հանգամանքով, որ ինքը ժողովրդի համար է երգում։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս