ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ՀՀ-ում կնքվո՞ւմ է ամուսնության պայմանագիր: Եթե այո, ապա ինչպե՞ս են կարգավորվում ամուսինների գույքային հարաբերությունները: Տվյալ պայմանագրում նշվո՞ւմ է այն մասին, թե ինչպես է տնօրինվելու նրանցից  յուրաքանչյուրի գույքը, որը նրանք ունեն մինչեւ ընտանիք կազմելը կամ համատեղ կյանքի ընթացքում են ձեռք բերելու:

Ստելլա Ամիրխանյան (34 տարեկան, դասախոս)


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնական պայմանագիրն ամուսնացող անձանց համաձայնությունն է կամ ամուսինների համաձայնությունը, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականություններն ամուսնության ընթացքում: Նույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագիրը կարող է կնքվել ինչպես մինչեւ ամուսնության պետական գրանցումը, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում: Ամուսնության պետգրանցումից առաջ կնքված ամուսնական պայմանագիրն ուժի մեջ է մտնում ամուսնության պետական գրանցման պահից: Ամուսնական պայմանագիրը կնքվում է գրավոր եւ ենթակա է նոտարական վավերացման:
Նշենք, որ այս հարցը կարգավորվում է վերը նշված օրենքի 29-րդ հոդվածով, ըստ որի՝ ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն՝ ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ: Պայմանագիրը կարող է կնքվել ինչպես ամուսինների առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ:

շարունակելի
«Իրավունքի իրազեկում» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ գործում է ամուսնական պայմանագիր կնքելու կարգ, բայց ցանկալի կլիներ, որ ամուսիններն իրենց հարաբերությունները կառուցեին ոչ թե նյութական ապահովության, այլ բարոյական արժեքների հիման վրա: Չնայած մեր օրերում, ելնելով դժվար ապրելակերպից, այդ արժեքները մղվում են երկրորդական, երբեմն նաեւ երրորդական պլան:




Լրահոս