Եթե տարիներ առաջ գործող իշխանությանը քննադատելու համար անհրաժեշտ էին որոշակի թվային ճշգրտումներ, որպեսզի բուռն հակազդեցություն չծնվեր, ապա այսօրվա իրականությունն ավելի ակնառու է, եւ ճշտումների կարիք ամենեւին էլ չկա: Իսկ ամենամտահոգիչն այն է, որ Սերժ Սարգսյանը մեր երկրում առկա իրավիճակի լրջությունը կարծես թե չի պատկերացնում:
Այն, որ Հայաստանում աղքատությունը վաղուց հատել է 35 տոկոսը, իսկ արտագաղթի տեմպերը նույնիսկ պաշտոնական տվյալներով օրեցօր արագանում են, անհերքելի է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ վերջին երեք տարիներին մեր երկրից արտագաղթել է մոտ 200 հազար մարդ: Իսկ թե ինչ են մտածում այս մասին պատասխանատուները, անհասկանալի է:
“Ժողովուրդ”-ի թղթակցին օրերս բախտ է վիճակվել հանդիպել այնպիսի մի անձնավորության, որը վերջերս զրուցել է Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի հետ: Իհարկե, մենք չենք հրապարակում նրա անունը՝ հետագա կանխատեսելի զարգացումներից խուսափելու համար, սակայն այս դեպքում էականը ոչ թե անձն է, այլ այն մտահոգությունների ու մտորումների բարձրաձայնումը, որ ունեն մեր երկրի ղեկավարները: Ընդ որում, խոսքը ոչ թե արտաքին, այլ Հայաստանի ներքին քաղաքականությանն ու սոցիալ-տնտեսական վիճակին է վերաբերում:
Եվ այսպես, ըստ մեր զրուցակցի՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանում առկա իրավիճակի բոլոր դրսեւորումների համար ինչ-որ արդարացումներ ունի: Ընդ որում, այդ արդարացումները հիմնված են աշխարհում տեղի ունեցող զարգացումների ֆոնին արված ինչ-որ վերլուծությունների վրա՝ այնպիսի դասավորությամբ, որ իբրեւ թե ՀՀ իշխանություններն անկարող են աշխարհում առկա գործընթացներին դեմ գնալ:
Սերժ Սարգսյանը եւս հավատում է “վերլուծությունների տեսությանը”, հատկապես եթե այն մատուցված է Տ. Սարգսյանի կողմից: Երբ մեր զրուցակիցը Ս. Սարգսյանին հարցրել է, թե ինչու է անհնար դարձել երկրում կոռուպցիայի դեմ պայքարը, նա պատասխանել է. “Աշխարհի գրեթե ոչ մի երկրում կոռուպցիան վերացված չէ: Այդ որտե՞ղ չկա կաշառակերություն”: Ասել է թե՝ Ս. Սարգսյանի համար կարեւորը այլ երկրներում առկա իրավիճակն է, այլ ոչ թե հանցագործության դեմ արդյունավետ պայքարի այլընտրանքային գործիքների մշակումը: “Մեր հարեւան Իրանում գողության համար նույնիսկ ձեռք ու ոտք են կտրում: Եվ ի՞նչ, կոռուպցիան վերացե՞լ է”,-հարցադրմամբ ինքն իրեն մխիթարել է Ս. Սարգսյանը:
Խոսելով Հայաստանից արտագաղթողների մասին՝ նա դարձյալ նույնաբովանդակ մխիթարական խոսքեր է ասել, թե որ երկրից չեն արտագաղթում: Բոլոր տեղերից էլ գնում են, եւ այդ տեղաշարժը նորմալ է:
Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական ծայրահեղ վիճակին ու շարունակվող գնաճին՝ Ս. Սարգսյանը այս հարցի պատասխանն էլ ունի. նա մտադիր է աշնանը էականորեն բարձրացնել պետական ծառայողների եւ քաղծառայողների աշխատավարձերը: Իսկ թե ինչ պետք է անեն մասնավոր հիմնարկներում աշխատողները կամ գործատուները, որոնց ունեցած բիզնեսի շրջանառությունն օր օրի նվազում է՝ բնակչության թվաքանակի անկմանը զուգահեռ, Ս. Սարգսյանը դեռ չգիտի: Հավանաբար Տ. Սարգսյանն այս մասով որեւէ վերլուծություն դեռ չի մատուցել:
Այսպիսով՝ մեր երկրի բարձրագույն իշխանությունները, որոնք, ըստ էության, ոչ թե կառավարում են երկիրը, այլ ընդամենը ,յոլա տանումե, ամենեւին այդ կարծիքին չեն: Նրանք չեն նկատում նաեւ, որ ընդամենը իրավիճակային կառավարում են իրականացնում՝ չունենալով ապագայի տեսլական ու իրական ազգային հայեցակարգ: Ռեժիմի պարագլուխները մտածում են, որ ամեն ինչ անում են հանուն ժողովրդի, պարզապես մարդիկ չարացել են եւ ոչինչ չեն գնահատում: Իսկ թե որքանով է արդարացված Սարգսյանների այս ,թեզըե, թող դատի ընթերցողը: Մենք փոխանցեցինք իշխանության բուրգի ամենավերեւում կանգնածների իրական տրամադրությունները:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 605 համար