Աժ երեկվա արտահերթ նիստում քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը մեկ տարով երկարաձգել` մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ը:
«Ժողովուրդ»-ն այս կապակցությամբ մի քանի հարց է ուղղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին եւ ԱԺ մի շարք պատգամավորների:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան
-Պարո՛ն Ասատրյան, ինչու հենց այժմ որոշվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ իրականացնել:
-Որպեսզի կարողանանք գործող համակարգի ներքո այդ փոփոխությունները կատարել, մեծ ծավալի աշխատանք է անհրաժեշտ: Ես բացարձակապես որեւէ ռիսկ չեմ տեսնում, որովհետեւ մենք այս պահին խոսում ենք օրենսդրական, իրավական փոփոխությունների եւ դրանց համապատասխան տեղեկատվական փոփոխություններ կատարելու մասին:
-Այսօր շատ պատգամավորներ նշեցին, որ այդ հետաձգումը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ 2017 թվականը նախընտրական տարի է: Արդյոք սոցիալական դժգոհությունը մեղմելու նպատակով նախընտրական տարում չեք փորձո՞ւմ խուսափել նման ցավոտ հարցից:
-Համակարգի ներդրումը նախատեսվեց 2014 թվականի հուլիսի 1-ից հետո՝ փուլային, անցումային ձեւով, հանրային ծառայողների համար պարտադիր եւ ոչ պետական հատվածի համար երեք տարի ժամկետ սահմանելով, որպեսզի կարողանանք համակարգի գործողությունը, դրա արդյունավետությունը ներկայացնել ու ներկայանալի դարձնել քաղաքացիներին: Այս ընթացքում բավականին մեծ աշխատանք է արվել, ու, վստահաբար, ավելի մեծ թվով քաղաքացիներ տեղյակ են նոր համակարգին, նոր իրողություններին եւ դրա ներքո աշխատանքներին: Մյուս կողմից՝ այդ աշխատանքները չեմ համարում բավարար, դրանք շարունակական բնույթ են կրելու, եւ հիմա էլ նախատեսված է ավելի հանրամատչելի ձեւով տեղեկատվություն մատուցել քաղաքացիներին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան
-Պարո՛ն Զուրաբյան, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծում կառավարության ներկայացրած փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում:
-Մեր վերապահումները այս ռեֆորմի վերաբերյալ մենք ասել ենք: Բերում են նախագիծ, որով հետաձգում են մասնավոր սեկտորի ընդգրկումը մեկ տարով: Բնական է, լավ է, որ վատ բանը հետաձգվում է մեկ տարով, բայց վատ է, որ ընդհանրապես այս գաղափարը շարունակվում է, եւ հավատարիմ են այդ չարաբաստիկ ռեֆորմին: Դրա համար, քանի որ մենք չենք կարող դեմ լինել այդ հետաձգմանը, մյուս կողմից չենք ուզում ստանձնել պատասխանատվությունը իշխանության քայլերի համար, եւ այս իրենց ռեֆորմի համար մենք ձեռնպահ կքվեարկենք: Դեմ քվեարկելը մի քիչ վատ բան կլինի, կստացվի, ոնց որ թեթեւացումը բերում եմ, դու թեթեւացմանը դեմ ես:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյան
-Տիկի՛ն Բիշարյան, կուտակային կենսաթոշակների մասին քննարկվող օրենսդրական նախագծին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Փաստորեն բերում են նախագիծ, որով պարտադիր կուտակայինը 2017 թվականից հետաձգում են մինչեւ 2018 թվական: Մենք ուղղակի խոսում ենք այն բովանդակության մասին եւ այն ցուցանիշների, որոնք որ ներկայացրեց նախարարը` 143 հազար 500 մարդուց ընդամենը 220-ն են կամավոր ցանկացել պարտադիր կուտակային վճարել, մենք դրանից ելնելով՝ ասում ենք` ինչպես կարելի է պարտադրանքով առաջնորդվել: Ինչու ենք պարտադրանքով անում, սա ռեֆորմ կոչվել չի կարող, լավ կլինի դադարեցնել:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյան
-Պարո՛ն Քոքոբելյան, քննարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծում փոփոխություններ իրականացնելու հարցը: Այս նախագծի շուրջ որո՞նք են Ձեր վերապահումները:
-Ի սկզբանե մենք հստակ դեմ ենք եղել այս օրենքին: Գտել եւ գտնում ենք, որ հիմա այն իրավիճակը չի, այդ բարեկեցության մակարդակը չկա: Ինչ խոսք, գտնում ենք, որ դա անհրաժեշտ գործիք է, որ պետք է իրացվի, բայց գտնում ենք, որ բացառապես կամավորության սկզբունքով պետք է արվի: Ցավում եմ, որ այդպես չեղավ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մելքումյան
-Պարո՛ն Մելքումյան, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծին ինչպե՞ս եք քվեարկելու:
-Մենք այս նախագծին կողմ ենք քվեարկելու, որովհետեւ սա արձանագրում է վիճակը, որ մասնավոր հատվածից չներգրավվեն: Բայց եթե լայն առումով ասեմ՝ այս ռեֆորմը դժգույն է, լավ չեն արել:
Հավելենք, որ ԱԺ արտահերթ նիստում 103 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ