Ամեն ինչ արվում է՝ Հայաստանի տնտեսությունում տիրող վիճակը վարդագույն ներկայացնելու համար, սակայն իրականությունն այլ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իհարկե, պաշտոնական վիճակագիրներն ամեն ինչ անում են՝ Հայաստանի տնտեսությունում տիրող վիճակը վարդագույն ներկայացնելու համար, սակայն իրականությունը զուտ թվեր նկարելով հնարավոր չէ փոխել: Մյուս կողմից կան պաշտոնական թվեր, որոնք պաշտոնական վիճակագիրները չեն կարող փոխել, եւ դրանք փաստում է Հայաստանի տնտեսության ծանր կացությունը:
Այսպես՝ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 252 միլիոն 200 հազար դոլար: Մեկ ամսում` ապրիլի ընթացքում, պետական պարտքն աճել է 56 մլն 100 հազար դոլարով: Իսկ այս տարվա չորս ամիսներին պետական պարտքը, կրկին պաշտոնական տվյալներով, աճել է 173 միլիոն 400 հազար դոլարով: Իսկ վերջին մեկ տարի չորս ամսվա կտրվածքով, այսինքն՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի պետական պարտքն աճել է, ոչ ավել եւ ոչ պակաս, 810 միլիոն 700 հազար դոլարի չափով:

Պետական պարտք լինում է երկու տեսակ` արտաքին եւ ներքին, իսկ պետության անունից պարտք վերցնող սուբյեկտները երկուսն են՝ ՀՀ կառավարությունը եւ ՀՀ կենտրոնական բանկը: ՀՀ կառավարության պարտքը այս տարվա ապրիլի վերջի դրությամբ կազմել է 4 միլիարդ 761 մլն 300 հազար դոլար: Մեկ ամսում գործադիրին բաժին հասնող պարտքն աճել է 53 միլիոն 100 հազար դոլարով: Գործադիրի պարտքերից 3 միլիարդ 968 մլն 200 հազար դոլարը արտաքին պարտքն է, այսինքն՝ այդ գումարը վարկի տեսքով վերցվել է միջազգային ֆինասնական կազմակերպություններից եւ բանկերից: Ի դեպ, վերջին մեկ ամսում կառավարության պարտքի աճի 50 միլիոն 300 հազար դոլարը բաժին է հասնում հենց արտաքին պարտքին: Գործադիրի ներքին պարտքը, այսինքն՝ պարտատոմսերով թողարկված պարտքերը, կազմում են 793 միլիոն 100 հազար դոլար, որը վերջին մեկ ամսում աճել է ընդամենը 2,7 մլն դոլարով:

Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ այս տարվա չորս ամիսներին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու նպատակով օգտագործվել է 27 միլիարդ 400 մլն դրամ փոխառու միջոց, կամ այլ կերպ ասած՝ պարտքով վերցված գումար: Եթե նշված գումարը վերածում ենք դոլարի, ապա այն կազմում է մոտ 56 մլն 300 հազար դոլար, այսինքն՝ այնքան, որքան մեկ ամսում աճել է պետական պարտքը: Այս տարվա անցած չորս ամիսներին պետական բյուջեից 38 միլիարդ 900 մլն դրամ կամ ավելի քան 80 մլն դոլար ծախսվել է պետական պարտքի տոկոսավճարների վրա:
Երեկ ՀՀ կենտրոնական բանկն իր հերթին հրապարակել է Հայաստանի միջազգային պահուստների վերաբերյալ տվյալները: Ըստ այդմ, ապրիլի վերջի դրությամբ պետական միջազգային պահուստները կազմել են 1 միլիարդ 568 մլն 100 հազար դոլար: Այսինքն՝ ստացվում է, որ միայն ապրիլ ամսվա ընթացքում պետական միջազգային պահուստները նվազել են 53 միլիոն 800 հազար դոլարով: Իսկ այս տարվա չորս ամիսների արդյունքներով միջազգային պահուստները նվազել են 172 մլն 100 հազար դոլարով: Ստացվում է, որ ՀՀ կառավարությունն այս տարվա չորս ամիսներին բյուջեի կարիքները հոգալու նպատակով հավելյալ, այսինքն՝ բյուջետային մուտքերից բացի` նոր պետական պարտքեր ներգրավելու եւ միջազգային պահուստները նվազեցնելու ձեւով ծախսել է 345 մլն 500 հազար դոլար:
Եթե այս դինամիկան շարունակվի, ապա տարվա վերջին այդ ցուցանիշը կարող է 800 միլիոնից մինչեւ 1 միլիարդ դոլար կազմել: Այսինքն՝ գործնականում կրկնվելու է անցած տարվա ցուցանիշը` Հայաստանի պետական բյուջեն գոյատեւելու է նորանոր պարտքեր վերցնելու եւ նեղ օրվա համար ետ գցած գումարները ծախսելու հաշվին: Մինչեւ երբ կարող է այսպես շարունակվել: Այս հարցի պատասխանն անհայտ է: ՀՀ կառավարությունն ինքն ի վիճակի չէ լուծելու Հայաստանի տնտեսության զարգացման խնդիրը, որովհետեւ հիմնական արգելակը հենց նույն գործադիրի պաշտոնյաներն ու մնացած իշխանավորներն են, որոնց մի մասն էլ տաքուկ տեղավորվել է խորհրդարանում կամ որեւէ գերատեսչության ղեկավարի աշխատասենյակում: Իսկ ամբողջությամբ կոռումպացված իշխանությունների պաշտոնավարման արդյունքում տնտեսությունը չի կարող զարգանալ, առավելագույնը, որ կարող է տեղի ունենալ, այն է, ինչ կատարվում է՝ պետական պարտքի ծավալներն ավելացնելով՝ տնտեսությունում արհեստական պահպանում են կյանքի նշանները:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս