Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, այդքան ժամանակ այդ քայլը լինելու է Հայաստանի արտաքին քաղաքականության խաղաքարտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի անկախության ճանաչման հարցը Հայաստանի քաղաքական օրակարգում է գտնվում նախորդ դարավերջից: Դեռեւս 1992թ-ին Արցախյան ճակատում Ադրբեջանի ագրեսիային հայաստանյան ընդդիմությունն առաջարկում էր պատասխանել Արցախի ճանաչմամբ: Հատկանշական է, որ թեեւ Հայաստանն ունեցել է միմյանցից զգալիորեն տարբերվող երեք իշխանություններ, նրանցից ոչ մեկն էլ չի գնացել ԼՂ անկախությունը ճանաչելու ճանապարհով: Այդպիսի քաղաքականությունը բոլոր իշխանությունների հայադավությամբ բացատրել չի կարելի, ուստի հարց է ծագում` ինչու տեղի չի ունենում Արցախի անկախության ճանաչումը, եւ արդյոք Հայաստանն ի վիճակի է միանձնյա այդ քայլին գնալու:

Հարկ է նախ ուշադրություն դարձնել միակողմանիորեն ճանաչված մյուս երկրամասերի օրինակներին: Կոսովոյի ճանաչումը տեղի ունեցավ ողջ արեւմուտքի աջակցությամբ, ինչով եւ իսպառ բացառվեց արյունահեղ պատերազմի կրկնությունը: Հվ․ Օսեթիան ու Աբխազիան բռնակցվեցին Ռուսաստանի կողմից, այսինքն` տարածաշրջանի գերտերություններից մեկը հստակ շահագրգռվածություն ցույց տվեց եւ իր ռազմական հզորությամբ հարկադրեց Վրաստանին զերծ մնալ տարածքային հավակնություններից: Նույն իրավիճակը ստեղծվեց նաեւ Ղրիմում: Առավել հետաքրքիր է Հյուսիսային Կիպրոսի պարագան: Թեեւ պատմա-քաղաքական առումով այն ոչ մի զուգահեռ չունի Արցախի հետ, սակայն հետաքրքիր է, որ Հյուսիսային Կիպրոսի գոյությունը ճանաչվել է Թուրքիայի կողմից գրեթե նույն տրամաբանությամբ:

1983թ.-ի ինքնուրույնությունից ի վեր` այս երկրամասի անկախությունը ճանաչվել է բացառապես հովանավոր Թուրքիայի կողմից եւ ոչ մի ուրիշ երկիր ավելի քան 33 տարի չի ճանաչել, եւ վստահաբար կարող ենք պնդել, հաշվի առնելով Թուրքիայի աստիճանական թուլացումը, չի էլ ճանաչելու Հս.Կիպրոսի անկախությունը: Հետեւաբար համաշխարհային օրինաչափությունները փաստում են, որ գերտերությունների աջակցության բացակայությամբ որեւէ ինքնիշխան երկրամասի անկախության ճանաչումը անհեռանկարային գործ է:
Մեզ համար առավել կարեւոր է հասկանալ, թե ինչ է տալու մեզ Արցախի անկախության ճանաչումը: Ենթադրենք` հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը գալիս են միասնական համաձայնության, եւ խորհրդարանում Արցախի անկախության ճանաչման հարցը ստանում է 131 կողմ ձայն: Այդուհանդերձ, չէ՞ որ Հայաստանի կողմից Արցախի անկախության միակողմանի ճանաչումը որեւէ պարտադրող ուժ չի ունենալու Ադրբեջանի համար: Ըստ էության, ճանաչումը առնվազն չի զսպելու Ադրբեջանի ագրեսիան: Սա, անշուշտ, չի նշանակում, որ ներկայիս չճանաչումը զսպում է Ադրբեջանի ախորժակը, բայց միեւնույն ժամանակ չի կարելի անտեսել, որ այն չի էլ գրգռում:

Նկատենք, որ քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, այդքան ժամանակ այդ քայլը լինելու է Հայաստանի արտաքին քաղաքականության խաղաքարտը։ Մինչդեռ ճանաչումից հետո հետ քայլ լինել չի կարող: Իսկ քաղաքականության մեջ հետ քայլի հնարավորություն չունեցող պետությունները կամ գերտերություններ պիտի լինեն, կամ անմեղսունակներ: Ի վերջո, այդ ճանաչման կողմնակիցներն իրենց իսկ հարց տալի՞ս են, որ եթե ճանաչումից հետո Հայաստանին բոլոր կողմերից պարտադրեն հրաժարվել այդ քայլից, իսկ այսպիսի աղետյալ տնտեսություն ու կառավարող թշվառ ընտրախավ ունեցող երկրին նման պարտադրանքները հեշտությամբ են արվում, ի՞նչ ենք անելու մենք: Նահանջելո՞ւ ենք՝ խայտառակ լինելով ամբողջ աշխարհի առաջ, թե՞ ազգովի ֆիդայի ենք դառնալու՝ ծվարելով սարերում:

Արցախի անկախության ճանաչումը, արդ, ոչ թե կասեցնելու է Ադրբեջանի ագրեսիան, այլ Ադրբեջանին տալու է քարտ բլանշ՝ պատերազմի լեգիտիմ իրավունք հարուցելով: Արցախի միակողմանի ճանաչումից հետո Ադրբեջանը որեւէ միջազգային կաշկանդիչ հանգամանք չի ունենալու: Այն դեպքում, երբ Հայաստանը համաձայնում է խաղաղ կարգավորմանն ու ամեն անգամ հանդես գալիս փոխզիջումային դիրքերից, իսկ Ադրբեջանն ագրեսիայի դիմում, միջազգային հանրությունը հավասարության նշան է դնում կողմերի միջեւ: Պատկերացնո՞ւմ եք, թե առիթի դեպքում ինչպես է աշխարհը շրջվելու մեր դեմ: Հարկավ, չի կարելի սարսափից կապտել, բայց պետք է ցուցաբերել ամենայն զգուշություն՝ առանց «ջեկի-չանի» սինդրոմի, որով վերջին շրջանում վարակվել են շատերը: Ի վերջո, եթե Հայաստանը դիմի նման աշխարհաքաղաքական ձեռնարկման, պետք է պատրաստ լինի կրելու դրա պատասխանատվությունը: Ունե՞նք մենք այդքան ուժ եւ ռեսուրս՝ գործընթացը մեզ համար ցանկալի նպատակին հասցնելու համար: Այդ դեպքում Արցախի անկախությունը ուրիշների զավակների արյամբ ճանաչող բոլոր դատարկախոսները պետք է դուրս չգային խրամատներից՝ իրենց գործողություններով օրինակ հանդիսանալով:

Վերջապես, ո՞վ չի կարող խորհրդարանում կամ մամուլի ակումբներում ճամարտակել Արցախի անկախության մասին: Նույնիսկ կարելի է այդ մասին հայտարարել ՄԱԿ-ի ամբիոնից, բայց ո՞րն է դրա գործնական հետեւանքը: Մինչդեռ զոհասեղանին մեր ազգային արժանապատվությունն է ու մեր պետության անկախության հարատեւության ապահովումը:

Շարունակելի
Ն. Հովսեփյան




Լրահոս