Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՆԱՏՕ-ին Սև ծովում ոչ բավարար ռազմական ներկայության համար: Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն սևծովյան ջրային տարածքը վերածել է «Ռուսաստանի ներքին լճի»:
Էրդողանը նաև նշել է, որ հույս ունի արդյունքի հասնել Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, որը կկայանա հուլիսի 8-9-ը: «Անհրաժեշտ է Սև ծովը կայուն դարձնել: Ես ասել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին` Դուք Սև ծովում բացակայում եք, քանի որ այն գրեթե ռուսական լիճ է դարձել: Եթե մենք միջոցներ չձեռնարկենք, պատմություն մեզ չի ների»,-ասել է թուրք նախագահը:
Այս հայտարարությունը Էրդողանը հնչեցրել է Ստամբուլում բալկանյան երկրների գլխավոր շտաբերի պետերի հետ հանդիպման ժամանակ: Էրդողանը հավելել է, որ «կարևոր է լուծել ՆԱՏՕ-ին՝ Բոսնիայի և Հերցեգովինայի և Մակեդոնիայի անդամակցության մասին հարցը, ինչը կարևոր է տարածաշրջանում անվտանգության և կայունության համար», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: