Գանձախույզների թիրախ դարձած Մուշի հայկական գերեզմանոցը պղծվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատմական հայկական Մուշ քաղաքի ներկայիս Դերե թաղամասում գտնվող 18-­րդ դարի հայկական գերեզմանոցը ավերվում է: Այս մասին գրում է ermenihaber.am-­ը: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին ստացված տեղեկությունների հիման վրա գերեզմանոցի տարածքում ուսումնասիրություն է իրականացվել:

Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն հայցով դիմել է Մուշի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքելով, որ տեղի հայկական գերեզմանոցը պղծվում է:

Հայցի հիման վրա դատական հանձնաժողովը գերեզմանոցում ուսումնասիրություն է կատարել և պարզել, որ գանձախույզները տեղ­տեղ հորատումներ են արել: Ուսումնասիրությունից հետո Ազիզ Դաղջըն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ գանձ գտնելու նպատակով հայկական գերեզմանները փորվել են, իսկ հանգուցյալների ոսկորները այս ու այն կողմ են թափվել:

Միության նախագահը հիշեցրել է, որ գերեզմանոցն ընդհանուր արժեք է և մեծ կարևորություն ունի ինչպես հայ համայնքի, այնպես էլ Թուրքիայի հանրապետության համար: Դաղջըն տեղեկացրել է, որ հայկական գերեզմանոցի վերականգման խնդրանքով դիմում է ուղարկվել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը:

«Թող վերջ տան մեր գերեզմանոցները փորելուն, որովհետև մեր գերեզմանոցներում ուրիշ ոչինչ չկա, բացի մեր հանգուցյալների ոսկորներից: Իսկ մենք մեր ննջեցյալներին միայն սավանով են թաղում: Այնտեղ որևէ նյութական արժեք չեք կարող գտնել: Նույնը վերաբերում է նաև մեր վանական համալիրներին: Թող չավերեն դրանք»,­- նշել է նա:




Լրահոս