Ի՞նչ է լինելու ապրիլի 7-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքների վարկերի հետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ «Հայբիզնեսբանկ»-ը հայտարարել էր, որ պատրաստ է զրոյացնել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների վարկային պարտավորությունները:  «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից «Ժողովուրդը» տեղեկացավ, որ ներկայումս իրենց բանկը զրոյացրել է 12 վարկային պարտավորություն, որից 6-ը հենց զոհվածների վարկերն են եղել, իսկ մյուս 6-ը զինծառայողների ընտանիքների անդամներից որեւէ մեկի անունով վարկեր են եղել:

«Այս պահին ընդհանուր գումարի չափը չենք կարող նշել, որովհետեւ գործընթացը ընթացքի մեջ, փաստաթղթերն ենք ճշտում, որպեսզի կարողանանք իրավական առումով ձեւակերպել: Եւ որոշ ժամանակ անց մենք կամփոփենք եւ պաշտոնապես հանդես կգանք հայտարարությամբ»,- պարզաբանեցին բանկից:

Ի դեպ, այս եւ մի շարք այլ բանկեր հայտարարել էին, որ կզրոյացնեն ապրիլի 1-ից 7-ը Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների վարկային պարտավորությունները: Սակայն մարտական գործողությունները շարունակվեցին նաեւ ողջ ապրիլի ընթացքում, եւ մինչ օրս էլ Արցախում զոհեր են լինում: Ուստի օրերս հանրությունը սկսեց քննարկել նաեւ այն հարցը, թե ինչ է լինելու ապրիլի 7-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքների վարկերի հետ: Այս հարցի պատասխանը մինչ օրս չի հնչեցվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս