ԷԼ ՉԻ ԿԱՏԱԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ մոտ երկու տարի առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողի հետ զրույցում, անդրադառնալով արտագաղթի թեմային, ասել էր, թե լավ է, որ մարդիկ Հայաստանից արտագաղթում են, «բա մնան այստեղ, որ հեղափոխությո՞ւն անեն», իրականում բացահայտել էր այն հաշվարկը, որի հիման վրա էլ հայրենի իշխանություններն առանց իրենց աթոռը կորցնելու վտանգի շարունակում են հարստահարել սեփական ժողովրդին: Իհարկե, վարչապետը հետո փորձեց արդարանալ, թե ասվածը կատակ էր (թեպետ դժվար է ընկալել, թե ինչպես կարող է կառավարության ղեկավարը կատակել արտագաղթի թեմայով), սակայն դրանում նա որեւէ մեկին չհամոզեց: Իսկ իշխանության հաշվարկը շատ պարզ էր. եթե Հայաստանի քաղաքացիների զգալի մասը ձգտում է իշխանափոխության, ապա պետք է նրանց տալ այդ հնարավորությունը. այնպես անել, որ այդ մարդիկ հիասթափված թողնեն հեռանան այս երկրից ու այս իշխանություններից` նոր երկրում իրենց համար նոր իշխանություն ձեռք բերելով: Սերժ եւ Տիգրան Սարգսյանների պաշտոնավարման հինգուկես տարիների ընթացքում Հայաստանից հեռացել է 327 հազար մարդ, որից 123 հազարը՝ միայն այս տարվա առաջին վեց ամիսներին: Այսինքն` ՀՀ այդ քաղաքացիներն իրենց համար իրականացրել են հենց այդպիսի իշխանափոխություն` արտագաղթելով այլ երկրներ եւ փոխելով այն իշխանությունը, որին ծառայում են: Խնդիրն այն է, սակայն, որ դա էլ ունի իր չափն ու սահմանը: Հայաստանում մնացած ամենահարմարվող զանգվածն անգամ այսօր արդեն հասցվել է այնպիսի ծայրահեղ թշվառության, որ նույնիսկ արտագաղթելու համար անհրաժեշտ գումար չունի, ուստի վաղ թե ուշ գալու եւ կանգնելու է Ազատության հրապարակում` պահանջելու այս իշխանությունների հրաժարականը: Ու թեեւ Սերժ եւ Տիգրան Սարգսյաններն ամեն ինչ արել են՝ կանխելու համար անցանկալի հետեւանքները` պառակտել են ընդդիմադիր քաղաքական ուժերին, վարկաբեկել բոլոր հեռանկարային քաղաքական առաջնորդներին` այդպիսով բողոքավոր ժողովրդին թողնելով անտեր, միեւնույն է, նրանց գործունեության արդյունքում երկիրն այնպիսի տեմպերով է գահավիժում աղքատության անդունդը, եւ սոցիալական բունտը կարող է պայթել այնքան անսպասելի ու հզոր ձեւով, որ իշխանությանն այլեւս որեւէ ներքաղաքական խարդավանք չի փրկի: Այս հեռանկարը էլ ավելի է ուրվագծվում հատկապես ավելի քան մեկուկես միլիոն հայերի օրվա հացի գումար աշխատելու հնարավորություն ընձեռած Ռուսաստանի Դաշնությունում ծավալված հակամիգրանտային արշավանքի ֆոնին: Արդեն իսկ տեսանելի է, որ ՌԴ-ում աշխատող հայ միգրանտների մի զգալի մասը կարճ առաջիկայում վերադառնալու է Հայաստան` այդտեղից բխող բոլոր հետեւանքներով` առաջին հերթին «կատակասեր» վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա կուսակցապետ Սերժ Սարգսյանի համար:




Լրահոս