
ՀՅԴ ընդլայնված ժողովից հետո տարածված հայտարարության մեջ ասված է, որ ՀՀ-ն առկա մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է ներքին ամրապնդման ենթարկվի: Նաեւ ասված է, որ ՀՅԴ-ն պետք է այս առումով վարի նպատակային ակտիվ քաղաքականություն: Ուստի «Ժողովուրդ»-ը ՀՅԴ մամլո դիվանի պատասխանատու, ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշա Շահբազյանին հարցրեց, թե կարելի է ենթադրել, որ իրենք այսպիսով վերադառնում են իշխանական կոալիցիա, որից դուրս էին եկել 2009թ.: «Մենք առաջիկա տարիներին չենք տեսնում մեզ նոր կոալիցիայի մեջ, այդպիսի հեռանկար չի տեսնում ՀՅԴ-ն: Այս իշխանությունների հետ նման հեռանկար հնարավոր չէ տեսնել: Միշտ էլ մյուս կուսակցությունների հետ եղել են համագործակցություններ, հիմա էլ հնարավոր է գործակցություն: Հիմա էլ ենք գործակցում, օրինակ, խորհրդարանի մակարդակով»,-հակադարձեց Շահբազյանը: