Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որում փաստեր են ներկայացվում սիրիացի փախստականների վրա թուրք սահմանապահների հարձակումների մասին, փոխանցում է Tvc-ն:
Իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ թուրք սահմանապահների բացած կրակից 5 մարդ է զոհվել, այդ թվում մեկ երեխա, ևս 14 փախստական ծանր վնասվածք է ստացել:
Փորձագետները համոզված են, որ թուրք-սիրիական սահմանին նման դեպքերն աճել են: Մարդկանց, ովքեր փախչում են պատերազմից, պարզապես հետ են մղում դեպի մարտական գործողությունների գոտի:
Human Rights Watch-ի ներկայացուցիչները բացատրություն ստանալու համար դիմել են Անկարային, սակայն պատասխանը դեռևս չի հետևել: Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ երկիրը փախստականների համար «բաց դռների» քաղաքականություն է վարում: