Մայիսի 10-ին «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի շրջանակում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն իր «LoveWave» երգի կատարմամբ, ինքնավստահ կեցվածքով ու գեղեցիկ, սեքսուալ արտաքինով գերեց եվրոպացի հանդիսատեսին` անցնելով եզրափակիչ փուլ: Նրա` բեմ դուրս գալուց հետո համացանցը պարզապես ողողվեց դրական մեկնաբանությունների տարափով. հանրության մի ստվար զանգված պնդում էր, որ սա «Եվրատեսիլ»-ի պատմության ընթացքում Հայաստանի լավագույն ելույթն էր:
Ռադիո եւ հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանը (Լուլու) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Իվետայի ելույթը համապատասխանում էր եվրոպական բոլոր չափանիշներին. «Հայաստանն առաջին անգամ ներկայացավ «Եվրատեսիլ»-ին: Իհարկե, մեր նախորդ տարվա մասնակիցները եւս հիանալի են ելույթ ունեցել: Չմոռանանք Արամ MP3-ի ելույթը, որը եւս համապատասխանում էր եվրոպական ստանդարներին: Պարզապես Իվետայի կատարումն ավելի շքեղ էր»,- նկատեց նա:
Լուսինեի համոզմամբ` Իվետայի կողմից Արցախի դրոշը Եվրոպայի հանդիսատեսի առջեւ ծածանելը լավ մշակված քայլ էր, որի արդյունքում հայերս մեծ ոգեւորություն ապրեցինք:
Հաղորդավարուհին խոսեց նաեւ իր համար ֆավորիտ համարվող այլ երկրների մասնակիցների մասին. «Նրանց թվում է Ռուսաստանի ներկայացուցիչը, որի շոուի նման շոու «Եվրատեսիլ»-ի պատմության մեջ դեռ չէր եղել, այս տարի շատ ուժեղ են նաեւ եվրոպական ընտանիքի երկրների` Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի մասնակիցները: Ֆավորիտների շարքը, կարծում եմ, համալրում է նաեւ Ուկրաինայի ներկայացուցիչը»,- ասաց նա:
Լուսինեն, սակայն, խոստովանեց, որ անձամբ իրեն մրցույթի այս տարվա մասնակիցներից շատ է դուր եկել Նորվեգիայի ներկայացուցչի երգը, որը, սակայն, նրա խորին համոզմամբ, անգամ լավագույն տասնյակում չի ընդգրկվի. «Ինքս էլ հասկանում եմ, որ դա հիմար երգ է, բայց սիրտս կպել է այդ գործին: Ամեն դեպքում, ես օբյեկտիվ եմ նայում իրավիճակին եւ գիտակցում եմ, որ այն գուցե վերջին հորիզոնականը զբաղեցնի»,- անկեղծացավ հաղորդավարուհին:
Երգահան, դրամատուրգ Քրիստ Մանարյանն էլ, անդրադառնալով Իվետայի ելույթին, նշեց. «Այդ աղջիկը ոնց որ հայոց թագուհի լինի: Ինձ շատ է դուր գալիս նրա ինքնավստահությունը: Մենք հավատում ենք Իվետային եւ բացարձակ կասկած չունենք, որ նա նույնպիսի ելույթ կունենա նաեւ եզրափակչում, եւ մենք կրկին կվայելենք մեր երգչուհու ձայնի բերկրանքը: Ինձ դուր է գալիս նաեւ, որ Իվետան համոզմունքներ ունեցող մարդ է, չեմ զարմանա, եթե իմանամ, որ Արցախի դրոշը ծածանելու միտքը եղել է հենց նրանը, իսկ թե այդ առթիվ ինչ կմտածեն եվրոպացիները կամ կաշառված լրագրողները, ինձ բացարձակ չի հետաքրքրում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին նախատեսված է մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, իսկ «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 14-ին:
Աննա Բաբաջանյան