ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹԱՄԱԴԱՅՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ
Նախկին ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանը երեկվա ասուլիսի ժամանակ հաստատել է այն լուրերը, որ ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի ծննդյան 50-ամյակի առթիվ կազմակերպված խնջույքին մասնակցել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ավելին, նա նաեւ «թամադայություն է արել» ու կենացներ ասել: Իգիթյանը նաեւ նշել է, որ դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկա, քանի որ կարծում է՝ հակադիր քաղաքական ճամբարների ներկայացուցիչներն իրենց «վոժդերի» անձնական հաշիվների պատճառով չպետք է թշնամանան: «Տարիներ առաջ Տիգրան Սարգսյանը եղել է Հայոց համազգային շարժման մեջ, եւ նա մեզնից շատերի ընկերն է եղել»,-ասել է նա: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տ. Սարգսյանն այդ օրը նաեւ կիթառ է նվագել:

ՆԱԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ
ՃՈ աշխատակիցները երեկ տուգանել են ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին սպասարկող մեքենաների վարորդներին: Այդ մասին հայտնում է Գագիկ Շամշյանը: Ըստ այդմ՝ Երեւանի Մաշտոցի պողոտայում «գոլդ» համարանիշերով արտասահմանյան մակնիշի մի քանի ավտոմեքենաների վարորդներն իրենց տրանսպորտային միջոցները կայանել են չթույլատրելի հատվածում: ՃՈ աշխատակիցները ՃՈ պետ Ա. Արշակյանի հրամանով վարչական պատասխանատվության են ենթարկել խախտում կատարած վարորդներին, որոնք Ս. Ալեքսանյանի աշխատակիցներն են:

ՉՎՍՏԱՀԵԼ
ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Թերթ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՀՀ իշխանություններին չի կարելի վարկեր ու դրամաշնորհներ վստահել. «Ես հիմա տոկոսներով չեմ կարող ասել, որովհետեւ երբեք նման հաշվարկներ չեմ կատարել, բայց այն, ինչ տեսնում ենք՝ մեր շրջապատում ճանապարհաշինարարություն կլինի, թատրոնների վերանորոգում, թե այլ ծրագրեր, տեսնում ենք, որ արդյունավետ չեն»: Հիշեցնենք, որ իշխանությունները ցանկանում են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո 1 մլրդ դոլարի վարկ ստանալ:

ԵՐԵՍՈՒՆ ՓԱՍՏԱԲԱՆ
ՀՔԾ-ն հետաձգել է «Արմենիա թուդեյ» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի հարցաքննությունը, քանի որ ֆիզիկապես ի վիճակի չի եղել պատշաճ պայմաններ ստեղծել հարցաքննության համար: Բանն այն է, որ իբր իշխանության ներկայացուցչին՝ ոստիկանին, հրելու մեջ մեղադրվող Կիվիրյանը երեկ հարցաքննության է գնացել 30 փաստաբանի հետ, որոնց թվում է եղել նաեւ նրա կինը՝ Լուսինե Սահակյանը: Ա. Կիվիրյանը, դուրս գալով ՀՔԾ շենքից, հայտնել է, որ հարցաքննությունը հետաձգվել է մինչեւ ուրբաթ՝ ժամը 12-ը: Ըստ նրա՝ ՀՔԾ տված ծանուցագրում նշված է միայն օրը, սակայն գրված չէ, թե ինչ կարգավիճակում են հրավիրել Կիվիրյանին: Վերջինս մինչ այս պահը տուժողի կարգավիճակ չի ստացել, ինչը, ըստ փաստաբան Լուսինե Սահակյանի, ապօրինություն է: Նշենք, որ այս պահի դրությամբ Կիվիրյանին պաշտպանում են երեք տասնյակ փաստաբաններ, հարյուրից ավելի փաստաբաններ էլ պատրաստակամություն են հայտնել պաշտպանել նրա շահերը: Այս մասին հաղորդում է «Ազատությունը»:

50-ԱՄՅԱԿԸ
ԱՄՆ-ում երեկ նշել են Մարթին Լյութեր Քինգի հանրահայտ «Ես երազանք ունեմ» ճառի 50-ամյակը: Ուղիղ կես դար առաջ՝ 1963թ. օգոստոսի 28-ին, կայացել է ԱՄՆ-ի սեւամորթ բնակչության իրավունքների համար պայքարի ամենաբարձրագոչ բողոքի ակցիան, որը պատմության մեջ մտավ «Երթ դեպի Վաշինգթոն» անվամբ: Այդ երթը գլխավորում էր հոգեւորական եւ իրավապաշտպան Մարթին Լյութեր Քինգը, որը երթի ժամանակ ունեցավ հայտնի ելույթը:

ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ 64 տարեկան հասակում մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Միշա Ստեփանյանը: Նա ԱԺ չորրորդ գումարման պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ից: Նաեւ Երեւանի «Արմեն Կարպետ» ընկերության սեփականատերն էր: «Ժողովուրդ»-ի խմբագրակազմը ցավակցում է Մ. Ստեփանյանի ընտանիքին:




Լրահոս