Նախօրեին հայկական զինուժի իրապես պատժիչ գործողություններից հետո ադրբեջանական կողմը սկսել է խոսել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման մասին: Մասնավորապես, երեկ նախ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասաց, որ կողմ է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: «Ադրբեջանն ավելի քան 20 տարի ցուցադրում է իր հավատարմությունն այդ սկզբունքին»,-հայտարարեց Մամեդովը: Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ երեկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն է պաշտոնական նամակով դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, անվտանգության խորհրդի նախագահ Լյու Ցզեյին եւ ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ Պոլ Էբերհարդին` նրանց կոչ անելով Հայաստանից պահանջել «հարգել միջազգային իրավունքի նորմերը» եւ «դատապարտել հայկական կողմին՝ ապրիլի 5-ին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու համար»: Ադրբեջանական կողմի այս վայնասունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ խաղաղության հաստատումը հնարավոր է միայն թշնամուն այն պարտադրելով: Կասկածից վեր է, որ որքան ուժգին լինեն հայկական զինուժի պատժիչ գործողությունները, Ադրբեջանն այնքան ավելի «խաղաղասեր» կդառնա: Իսկ երբ արդեն պաշտոնական Բաքուն կհայտարարի, որ ԼՂ խնդրի ռազմական լուծում գոյություն չունի, այսինքն՝ տարիներ շարունակ իրենք ընդամենը պոռոտախոսությամբ են զբաղվել, այդ ժամանակ արդեն հայկական կողմը` ի դեմս Արցախի, միգուցե համաձայնի նրանց հետ բանակցությունները վերսկսել: Իսկ հիմա պետք է ակտիվանալ ռազմաճակատում եւ նոր տարածքներ նվաճել: Երկարատեւ խաղաղության հասնելու համար, ցավոք, այսօր պետք է պատրաստ լինենք պատերազմի:
Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրից հազարավոր կամավորականներ սահման մեկնելու պատրաստակամություն հայտնեցին: Մեկնել ցանկացողների թիվն այնքան մեծ էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը նրանց մի մասին պարզապես ետ ուղարկեց տուն: Բայց իրադարձությունների զարգացման ընթացքը վկայում է այն մասին, որ սահմանին լարվածությունն առաջիկայում չի թուլանա, եւ պատերազմական գործողություններն ամեն պահի կարող են վերականգնվել: Նկատենք, որ սահմանին կամավորների մնալու նյութական ապահովման խնդիրները հիմնականում լուծվում են հենց իրենց՝ մեկնողների կամ նրանց ընկերների կողմից: Եւ այս պրոբլեմը անհրաժեշտ է շատ արագ լուծել, որպեսզի կամավորականները զինված ուժերի կազմում հստակ կարգավիճակ ստանան, եւ նրանց նյութական ապահովման խնդիրը լուծվի կենտրոնացված ձեւով: Բացի այդ՝ կամավորականներն ընտանիքի կերակրողներ են, հետեւաբար պետք է լուծվի նաեւ նրանց պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության ներգրավվելու եւ վճարելու խնդիրը: Պաթոսով ընտանիքները չեն կերակրվի, ուստի շատ ծախսերից խուսափելու պարագայում հնարավոր է լուծել այս գերկարեւոր խնդիրը:
Ապրիլի 26-ի երեկոյան Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի երկնքում հայտնվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր: Ակնաղբյուրի գյուղապետ Կարեն Դոլմազյանը «Ժողովուրդ »-ի հետ զրույցում հաստատել է իրենց գյուղի տարածքում անօդաչու սարքերի հայտնվելու մասին տեղեկությունը: Ի դեպ, Ակնաղբյուրի բնակիչներն անօդաչու սարքերը տեսնելով, անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրենց տների լույսերն անջատել են: Չճշտված տեղեկություններով՝ ՀՀ զինված ուժերի զինծառայողներին հաջողվել է անօդաչու սարքերից մեկը շարքից հանել: Նկատենք, որ ադրբեջանական կողմը հազվադեպ է համարձակվում Տավուշի ուղղությամբ, թեկուզ հետախուզական նպատակներով, անօդաչու սարքեր օգտագործել: Տավուշի երկնքում թշնամու անօդաչու թռչող սարքերից վերջին անգամ նկատել էին անցած տարվա աշնանը` Նոյեմբերյանի հատվածում:
Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատված Ալիկ Միրզաբեկյանի գործունեության հետ կապված նորանոր հանգամանքներ են ի հայտ գալիս: Մասնավորապես, որպես ՊՆ փոխնախարար-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին բազմաթիվ ընկերություններ սպառազինության եւ սննդամթերքի մատակարարման հարցերով իրենց բավականին մատչելի ծառայություններն են առաջարկել, սակայն նա այդ ընկերությունների ծառայություններից մշտապես հրաժարվել է ու միայն իր մտերիմների ընկերությունների հետ համագործակցել: Լուրջ կասկածներ կան, որ Սերժ Սարգսյանի կողմից հիշատակված ատկատների շուրջ պայմանավորվածություն է եղել, ինչը անծանոթների դեպքում կարող էր ճակատագրական դառնալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Միրզաբեկյանի ազատվելուց հետո «մերժվածները» հերթով սկսել են դիմել ՊՆ-ին՝ հույսով, որ իրենց կհաջողվի ՀՀ ԶՈՒ մատակարարման համար գնումների գործընթացին մասնակից դառնալ եւ այդ կերպ փորձել օգնել բանակին:
ԱՆՏԻՍԱԲՈՏԱԺ
Երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների փակ հանդիպում: Նկատենք, որ նման ֆորմատով հանդիպումների ավանդույթ ՀՀԿ-ում, կարծես թե, չկա, եւ երեկվա հանդիպումը պետք է որ հատուկ դրդապատճառ ունենար: Իսկ ինչը կարող էր այդպիսին հանդիսանալ: Այս հարցի պատասխանը տեսանելի է դառնում, երբ հիշում ենք, որ դրա նախօրեին Ազգային ժողովում տեղի ունեցավ բավականին ուշագրավ եւ վերջին տարիների համար, կարելի է ասել, աննախադեպ իրադարձություն. Աժ մեծամասնությունը ապրիլի 26-ին, ըստ էության, տապալեց Միքայել Բաղդասարովին պատկանող «Հրազդան ցեմենտ» գործարանի 500 մլն դրամի պարտքը ներելու մասին առաջարկվող օրենքի նախագիծը` չկարողանալով քվորում ապահովել եւ այն անցկացնել: Նախագիծը բոյկոտեցին ինչպես ընդդիմադիր պատգամավորները, այնպես էլ որոշ ՀՀԿ-ական գործարարներ: Իսկ ահա Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը /«Տաշիր գրուպի» սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրը/ առհասարակ, դեմ քվեարկեց այդ նախագծին` հայտարարելով, թե. «Մեր երկիրն այսօր պատերազմի մեջ է, եւ պետությունը պարտավոր չէ պարբերաբար վճարել առանձին գաստրոլյորների փոխարեն: Կարծում եմ՝ ոչ թե պետությունը պետք է զիջի, այլ մեր հասարակությունը պետք է որոշի՝ ինչպես վարվել նման դեպքերում, նման անձանց հետ: Իսկ դրա համար այդ մարդիկ պարտավոր են գալ ու հաշիվ տալ, վճարել իրենց արածների համար: Եվ վերջապես՝ բավական է, մենք պիտի կարողանանք դասեր քաղել ապրիլյան իրադարձություններից: Խելքի է պետք գալ, հակառակ դեպքում հաստատ խելքի եկողներ կլինեն»:
Եվ, ահա, դատելով երեկ հրատապ կարգով կազմակերպված հանդիպումից՝ Սերժ Սարգսյանը կարես թե «խելքի է եկել»` հասկանալով, որ իր թիմակիցներին արագ եւ կոշտ ձեւով «կարգի չհրավիրելու» դեպքում, հնարավոր է՝ իրոք «այլ խելքի եկողներ լինեն»: Աժ-ում տեղի ունեցած այդ «սաբոտաժը» հատկապես այս փուլում շատ ավելի վտանգավոր զարգացումներ կարող է ունենալ Սերժ Սարգսյանի համար` նկատի առնելով նաեւ Ղարաբաղի հարցում բանակցությունների հետ կապված նրա վերջին հայտարարություններին երեկ հրապարակավ հակադարձած Վարդան Օսկանյանի` նոր կուսակցության մուտքը քաղաքական դաշտ: Ի վերջո, եթե Ս. Սարգսյանը չի ցանկանում բանակցել, ապա կա Ռոբերտ Քոչարյանը, որը Օսկանյանի շուրթերով ասում է` ես պատրաստ եմ: Եվ, ահա, այստեղ ներքին որեւէ անհնազանդություն, անգամ մեկ օրենսդրական նախաձեռնության տապալման տեսքով, կարող է ճակատագրական նշանակություն ունենալ Ս. Սարգսյանի համար: Առավել եւս, որ, ինչպես հիշում ենք, ընդամենը երկու տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը բարձրաձայնեց, որ ՀՀԿ-ում իրեն հավատարիմ շատ դեմքեր կան: