Քառօրյա պատերազմի հենց առաջին օրվանից սահման մեկնելու պատրաստ կամավորականների բազմամարդությունը հիրավի ոգեւորող երեւույթ էր, սակայն պետությունը միայն ոգեւորություններով չես պահի: Ժամանակն է, որպեսզի այսօր սահմանում կանգնած կամավորականները կոնկրետ կարգավիճակ ստանան եւ վճարվեն:
Պատերազմական գործողությունների վերսկսումից հետո կամավոր ճակատ մեկնած ջոկատները ներկայումս փաստացի ինքնուրույն, լավագույն դեպքում դիրքեր ուղարկված սննդի միջոցով են լուծում իրենց կացության խնդիրները: Բայց ինչքան պետք է շարունակվի գործընթացը: Հայաստանի բանակը վաղուց կայացած համակարգ է եւ նման «ինքնակազմակերպումները» պետք է բացառվեն: Այսինքն՝ բանակի ողջ նյութական ապահովումը, այդ թվում նաեւ՝ կամավորականների դեպքում, պետք է լուծվի պետական միջոցներով: Բանակին ուղարկված օգնությունը եւս պետք է ներառվի պետական միջոցների մեջ եւ բաշխվի բանակին:
Հաջորդ խնդիրը, որը անհրաժեշտ է անհապաղ լուծել, կամավորականներին օրենսդրությամբ սահմանված կարգով իբրեւ պայմանագրային զինծառայողներ ներգրավվելու եւ նրանց վարձատրելու հարցն է: Ի վերջո, կամավորականներից յուրաքանչյուրը ընտանիքի կերակրողն է, եւ չի կարելի թույլ տալ, որպեսզի նրանց՝ սահման մեկնելու արդյունքում իրենց ընտանիքները սովի մատնվեն: Այս խնդիրը լուծելու համար պայմանագրային զինծառայողների թիվը անհրաժեշտ է առնվազն 10 հազարով ավելացնել: Բնականաբար այս խնդիրը լուծելու համար ֆինանսական միջոցներ անհրաժեշտ կլինեն: Տեղեկացնենք, որ պայմանագրային զինծառայողների ներկայիս աշխատավարձը միջինը մոտ 150 հազար դրամ է: Նույնքան ստանում են նաեւ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, ոստիկանության զորքերի պայմանագրային ծառայողների շարքային կազմը եւ այսպես շարունակ: Այսինքն՝ ամենահեշտ տարբերակը ոստիկանության համակարգի աշխատողների թվաքանակը 10 հազարով կրճատելն ու ազատված միջոցները ՊՆ-ին հատկացնելն է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի ոստիկանության թվակազմը աշխարհում ընդունված միջին ցուցանիշից գրեթե կրկնակի անգամ ավել է: Կարելի է կարծել, թե Հայաստանում ամեն մի երկրորդ մարդը հանցագործ է: Իրականում ոստիկանության ներկա թվաքանակի մեծությունը, որը գաղտնի է պահվում, բայց մեր տեղեկություններով՝ կազմում է մոտ 30 հազար, պայմանավորված է ընդդիմության հանրահավաքները վերահսկելու ցանկությամբ: Սա է պետության իդեան: Սակայն ներկա իրողությունն այլ է:
Ի դեպ, ոստիկանության թվակազմի կրճատման միջոցով պայմանագրային զինծառայողների շարքերը համալրելու հարցում նախապատվությունը պետք է տրվի հենց նախկին ոստիկաններին: Այլ կերպ ասած՝ եթե մարդիկ կցանկանան ոստիկանության համակարգից տեղափոխվել ՊՆ եւ պայմանագրային զինվորական ծառայության անցնել, ապա առաջնահերթ հենց նրանց պետք է տրվի այդ իրավունքը:
Ավելին՝ եկող տարվանից սկսած Հայաստանի պետական բյուջեից պետք է լրացուցիչ միջոցներ հատկացվեն ՊՆ-ին, որպեսզի պայմանագրային զինծառայողների թիվը մեկ տարվա կտրվածքով 10 հազարով ավելանա: Ավելին՝ պայմանագրային զինծառայողի նվազագույն աշխատավարձը պետք է լինի 200 հազար դրամից ոչ պակաս (մաքուր` առձեռն վճարվող աշխատավարձը): Այս խնդիրը լուծելու համար տարվա կտրվածքով անհրաժեշտ կլինի ՊՆ-ի ֆինանսավորումն ավելացնել 30 մլրդ դրամի չափով: Առաջին տարում անհրաժեշտ կլինի եւս 10 մլրդ դրամի լրացուցիչ միջոց առկա պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնելու համար: Պայմանագրային զինծառայողների թվի ավելացման թիրախը պետք է լինի այն, որ չորս տարի անց Հայաստանն ունենա 50 հազար պայմանագրային զինծառայող, կամ այլ կերպ ասած՝ լիարժեք պրոֆեսիոնալ բանակ: Միայն 50 հազար պայմանագրային զինծառայող պահելու տարեկան ծախսը կկազմի մոտ 200 միլիարդ դրամ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով: Այսօր այդ գումարը Հայաստանի պետբյուջեի համար մեծ գումար է, սակայն պետական միջոցների թալանը դադարեցնելու, օլիգարխներին լիարժեք հարկելու եւ հիրավի ազատ գործող տնտեսություն ունենալու դեպքում անհրաժեշտ միջոցների խնդիրը կլուծվի ինքնըստինքյան: Այնպես որ, հապաղել պետք չէ:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐՈՎ՝ «ՇԵՖԻՆ»
«Ժողովուրդ»-ը դեռ այս տարվա փետրվարի 18-ին գրել էր, որ ՀՀ ՊՆ-ում տիրող «բեսպրիդելը» կանխելու համար Սերժ Սարգսյանն իր վերահսկողական ծառայությանը հրահանգել է ստուգումներ անցկացնել ՀՀ ՊՆ-ում: Ստուգումների հիմնական թիրախը եղել են ՀՀ զինված ուժերի նյութատեխնիկական մատակարարման համար կազմակերպված գնումների գործընթացները: Դրանց ստուգման ընթացքում չարաշահման եւ պետական միջոցները փոշիացնելու բազմաթիվ փաստեր են ի հայտ եկել: Ըստ լուրերի՝ երբ արդեն ակնհայտ է եղել, որ այս անգամ ստուգումները նախորդների պես անհետեւանք չեն մնալու, ՊՆ ղեկավար կազմի աշխատակիցները փորձել են վերահսկողական ծառայության աշխատակիցներին շահագրգռելու ուղիներ փնտրել, որպեսզի որոշ դետալների վրա նրանք աչք փակեն, սակայն ապարդյուն: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերահսկողական ծառայության աշխատակիցները հասկացրել են, որ եթե իրենք աչք փակեն չարաշահումների դեմ, նշանակում է խաբում են Սերժ Սարգսյանին, ինչն իրենց համար ծանր հետեւանքներ կարող է ունենալ: Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ՊՆ-ում տեղի էր ունեցել խորհրդակցություն՝ գնումների պլանավորման ու կազմակերպման խնդիրների հետ կապված: Իսկ պաշտոնանկությունները հիմա նոր սկսվեցին:
ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ ԵՐԿԱՐԱՁԳԵՑԻՆ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի, ինչպես նաեւ սպանության փորձը կատարող Հենրիկ Ավագյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, երկու ամսով երկարացվել է: Հիշեցնենք, որ մարզպետի նկատմամբ մահափորձ տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին: Քրգործը քննվում է ՀՀ ԱԱԾ վարույթում: Արա Բուդաղյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ Հենրիկ Ավագյանը ասել է, որ ինքը միայնակ է գործել եւ այդ կերպ իր բողոքն է արտահայտել իրենց մարզում առկա անարդարության դեմ:
ՀՀԿ-ՈՒՄ «ՌԱԶԲՈՐԿԱՆԵՐ» ԵՆ ՍԿՍՎԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ տեղի է ունեցել ՀՀԿ-ականների փակ հանդիպում, որի ընթացքում Սերժ Սարգսյանը ներկաներին տեղեկացրել է ներկուսակցական աշխատանքների հետ կապված դժգոհությունների մասին: Նա հատկապես դժգոհել է ««Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը ԱԺ-ում տապալելուց, քանի որ ՀՀԿ-ականներից մի քանիսը՝ Սպարտակ Մելիքյանը, Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ) ներկա են եղել, բայց չեն քվեարկել նախագծին: Դժգոհությունների մի մասն էլ եղել է այն բանի համար, որ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը կազմակերպչական հարցերը մեկը մյուսի վրա են գցում ու տապալում ԱԺ աշխատանքները: Դժգոհություն է եղել նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՉԷՐ ԴԻՄԻ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը, ասել է. «Ես, եթե կուսակցություն ստեղծելու լինեմ ինչ-որ պատճառով, հազվագյուտ բան եմ ասում, երբեք ու երբեք չեմ դիմի, որպեսզի ինձ փող տային, որովհետեւ նախեւառաջ պետք է հնարավորություններ ունենաս, նոր ստեղծես։ Եթե պետք է ուրիշի ունեցվածքով մի բան ստեղծես, ապա կարծում եմ, որ դա այնքան էլ լավ պրոցես չէ»:
ԷԼ ՉԵՆ ԼԻՆԻ
Պաշտպանության համակարգում նոր հրաժարականներ չեն լինելու։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը միջազգային անվտանգության հարցերով 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով գտնվում է Մոսկվայում։
Օհանյանը նաեւ ասել է, որ ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հանդիպումներ չի ունեցել, նրանց հետ բանակցություններ էլ չեն սպասվում, «քանի դեռ ադրբեջանցիները կրակում են»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, դրանք, ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով, առաջվա պես գործընկերային են, «ոչինչ չի փոխվել»: Այժմ աշխատում են ձեռք բերած սպառազինությունը արագորեն Հայաստան հասցնելու ուղղությամբ:
ԱՌԱՆՑ ԹՈՒՐՔԱԿԱՆԻ
ՕԵԿ պատգամավոր Լեւոն Դոխոլյանը երեկ Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առաջարկել է արգելել թուրքական ապրանքների մուտքը ՀՀ, չեղարկել Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթը եւ արգելել հայ զբոսաշրջիկների մուտքը Թուրքիա: Ի պատասխան` էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասել է. «Հարցի վերաբերյալ կա վարչապետի հանձնարարականը, եւ դրա շրջանակներում Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ուսումնասիրություններ, առաջին հերթին այն ապրանքների մասով, որոնք կարող են սպառնալ ազգային տնտեսությանը որակի ու մրցակցության տեսակետից»:
ԱՌԱՆՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, անդրադառնալով ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի պատասխանին այն հարցին, թե ինչու են միայն անապահով խավի երեխաներն առաջնագծում, ասել է. «Թե շնորհակալություն պետք է հայտնել նախարարին՝ նման շիտակ ու պարզ գնահատականի համար»: Հիշեցնենք, որ Օհանյանն ասել էր, թե կան օբյեկտիվ պատճառներ, եւ պետք է հաշվի առնել ՀՀ-ի սոցիալական վիճակը, որ միջին եւ բարձր խավի ընտանիքի երեխաներն են կարողանում գիտական թեզեր պաշտպանել եւ տարկետում ստանալ զինվորական ծառայությունից: Ռ. Հակոբյանը նշել է, որ այստեղ օրենքի բաց կա, եւ երբ իրենք այս հարցով մեկ տարի առաջ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ նախագիծ էին մշակել, ըստ որի՝ ուսման ընթացքում ոչ մի ուսանողի տարկետում չպետք է տրվի, այսինքն՝ 18 տարին լրացավ, պետք է գնա բանակ, կառավարությունը չէր մերժել, բայց նշել էր, թե կոնսենսուս պետք է լինի: Արդյոք այս իրավիճակում կառավարությունը կփոխի դիրքորոշումը, դժվար է ասել, հատկապես որ հիմնականում հենց բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն են, օգտվելով օրենսդրական բացից, տարկետումներ ստանում եւ խուսափում բանակում ծառայությունից:
ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԲԱՆԱԿՑԵԼ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Աժ-ում հայտարարել է, թե սին են Ադրբեջանի կողմից արված այն հայտարարությունները, որ Հայաստանը պատրաստվում է դուրս գալ բանակցային գործընթացից: «Հայաստանը երբեք դուրս չի եղել բանակցային գոծընթացից, միշտ կողմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Հայաստանը չէ, որ հրաժարվել է հանդիպումներից: Եթե հանդիպումները չեղարկվել են, ապա միայն Ադրբեջանի մեղքով»,- ընդգծել է Նալբանդյանը: Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի` նախօրեին Bloomberg-ին տված հարցազրույցում այլ տոնայնությամբ հայտարարություններ հնչեցին: