Խորհրդարանական այս շաբաթվա ողջ քառօրյայում միայն ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը քննարկվեց եւ երեկ վերջապես առաջին ընթերցմամբ ընդունվեց: Նախօրեին գումարված ՀՀԿ նիստը եւ Սերժ Սարգսյանի նախատինքները տեղ հասան. կուսակիցները մեկ մարդու պես ներկայացան խորհրդարան, որպեսզի իշխող կուսակցության համար առանցքային նշանակություն ունեցող օրենսգրքի քվեարկությունը չտապալվեր: Բայց անգամ այդ պարագայում ԱԺ-ն ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ երկու փորձից միայն հաստատեց: Բանն այն է, որ առաջին անգամ, երբ նախագիծը դրվեց քվեարկության, 85 կողմ, 2 ձեռնպահ ձայն հավաքեց: Ու թեեւ նախագիծն արդեն անցել էր, բայց դահլիճում բողոքների առկայության պատճառով նախագծի քվեարկությունը երկրորդ անգամ կազմակերպվեց, ինչի արդյունքում արդեն կողմերի թիվը դարձավ 98, դեմերը՝ 9 եւ 5 ձեռնպահ:
Նկատենք, որ անցած 4 օրերի քառօրյա նիստերի ընթացքում ԸՕ քննարկումներն անցան ավելի քան բուռն, եւ երբեմն բանը հասավ նույնիսկ վիրավորանքներին: Կարելի է ասել՝ նախընտրական մթնոլորտը Աժ-ում արդեն իրեն լիարժեք զգացնել է տալիս: Ուշագրավն այն էր, որ փոխադարձ հրաձգությունների մի զգալի մասը ընդդիմադիր դիրքերից հանդես եկող գործիչների միջեւ էր: Այլ կերպ ասած՝ ընդդիմության շրջանում արդեն մեկնարկել է ներքին պայքարը, որի ընթացքում պետք է հասկանալի դառնա, թե որ ուժն է 2017-ի ԱԺ ընտրություններում իշխանություններին մարտահրավեր նետելու:
ԸՕ քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել նաեւ ՀՀ իշխանությունները, այնուամենայնիվ, ստիպված էին որոշակի զիջումների գնալ: Ամեն դեպքում հրապարակային այդպես է հայտարարվում: Թերեւս զիջումների ծավալներն ու բնույթը պարզ կլինի այն ժամանակ, երբ ԸՕ նախագիծը կներկայացվի խորհրդարանին՝ երկրորդ եւ երրորդ վերջնական ընթերցմամբ ընդունելու համար: Նախատեսվում է, որ ԸՕ-ն երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ քվեարկության կներկայացվի մայիսի 16-ից 19-ը կայանալիք քառօրյայի ընթացքում, որպեսզի մինչեւ հունիսի 1-ն այն պատրաստ լինի եւ կիրառման մեջ մտնի, քանի որ ՀՀ փոփոխված Սահմանադրությամբ այդ ժամկետն է նախատեսված:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից իրականացված վայրագությունների հարցով ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը, որը, ի դեպ, երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, դիմել էր Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին: Ըստ Թաթոյանի՝ նշված կառույցը արձագանքել է ԼՂՀ օբուդսմենի դիմումին եւ բավականին կոշտ քննադատել Ադրբեջանի գործողությունները. «Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը, որը օմբուդսմենական հաստատությունների մեջ շատ ազդեցիկ դերակատարություն ունի, հստակ եւ կոշտ քննադատել էր, որ անթույլատրելի են անմարդկային վերաբերմունքը, խոշտանգումների հնարավոր բոլոր եղանակները, որոնք եղել էին»: Միջազգային կառույցներին իրազեկելը վերջին օրերին առավել քան կարեւոր է դարձել, քանի որ հայկական զինուժի պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը սկսել է լացուկոծ բարձրացնել՝ փորձելով աշխարհին ներկայանալ իբրեւ զոհ:
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ-ի միջնորդությամբ դատարանը կալանավորել է չորս անձանց, որոնք մեղադրվում են փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների համարանիշներ կեղծելու եւ իրացնելու մեջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կալանավորվածները ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ են եղել, եւ հենց այդ հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ գործը ՀՀ ԱԱԾ-ն է քննում: ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանից փորձեցինք ճշտել մեր տեղեկությունը: Սակայն Արմեն Հակոբյանը հավաստիացրեց, թե այդ մասին տեղեկություն չունի: Լուրեր կան, որ իրավապահները բողոքներ են ստացել նաեւ այն մասին, որ ՃՈ-ում վերադարձել են հին գործելաոճին, եւ, այսպես կոչված, «գոլդ» համարանիշները Արմեն Հակոբյանի գիտությամբ վաճառում են միայն ծանոթներին: Ինչպես հայտնի է՝ համարանիշներն օրենքով սահմանված հստակ գին ունեն, որը կարող է մինչեւ ութ միլիոն դրամի հասնել: Բայց ՃՈ-ի համար միայն գումար վճարելը բավարար չէ, որ վարորդն իր նախընտրած պետհամարանիշը ձեռք բերի:
Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով հազար խոշոր հարկատուները ընդհանուր պետական բյուջե են վճարել 156 միլիարդ 552 միլիոն 833 հազար դրամի հարկ: Ինչպես միշտ, խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը, որն առաջին եռամսյակում 15 միլիարդ 606 մլն դրամի հարկ է վճարել պետբյուջե: Խոշոր հարկատուների ցուցակի երկրորդ, երրորդ եւ չորրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են «Զվարթնոց» օդանավակայանը, «Հայաստանի էլեկտրական ցացներ» եւ «Ֆլեշ» ընկերությունները: Ուշագրավ է, որ անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ ՀԷՑ-ի վճարած հարկերը կես միլիարդ դրամով նվազել են: 2015-ին ՀԷՑ-ը վճարել էր 4 միլիարդ 596 մլն 863 հազար դրամի հարկ, այս տարի՝ 4 միլիարդ 96 մլն 808 հազար դրամի: Սա առնվազն տարօրինակ է, քանի որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում էլէներգիայի ատադրությունը եւ սպառման ծավալները, անցած տարվա համեմատ, էապես ավելացել են: Ստացվում է՝ էլէներգիայի արտադրությունն ու սպառումն աճում են, հարկերը՝ նվազում:
ԱՆԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Ընտրական նոր օրենսգրքի նախագծի` առաջին ընթերցմամբ երեկվա քվեարկությունը ընթացավ խորհրդարանական սկանդալի ուղեկցությամբ: Բանն այն է, որ վերջերս վատառողջ Գալուստ Սահակյանը, խախտելով Աժ կանոնակարգ օրենքը, մինչ ԸՕ նախագծի քվեարկությունն այդպես էլ հնարավորություն չտվեց ընդդիմադիր պատգամավորներին վարման կարգի հետ կապված ելույթ ունենալ, ինչն էլ հարուցեց վերջինների վրդովմունքը: Սակայն Աժ նախագահն անվրդով կերպով հայտարարեց, թե նախ քվեարկեք, ապա ինչ ուզում եք` խոսեք: Մինչդեռ, ընդգծենք, որ Աժ կանոնակարգ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Նիստի վարման կարգի վերաբերյալ պատգամավորը ելույթով հանդես է գալիս քվեարկությունից առաջ եւ հետո` մինչեւ հերթական հարցի զեկուցումը»: Ակնհայտորեն Աժ բարձր ամբիոնից «թքած ունենալով» կանոնակարգի վրա` ԱԺ նախագահը քվեարկությունից հետո հեռացավ` իր արածի հետեւանքներին դիմագրավելու գործը թողնելով Աժ փոխխոսնակներ Է. Շարմազանովի եւ Հ. Նաղդալյանի վրա:
Հատկապես վերջինս երեկ առանձնահատուկ ոգեւորությամբ էր փորձում «կրծքով» պաշտպանել Գրիգորիչին, ընդ որում, դա անում էր բավականին ցինիկ կերպով` ընդդիմադիր պատգամավորների հասցեին թույլ տալով որակումներ, որոնց իրավունքը հատկապես նա պետք է որ գոնե այս օրերին չունենար: Ի վերջո, ընդդիմադիր պատգամավորներին անգրագիտության եւ 4-րդ դասարանի մակարդակ ունենալու մեջ էր մեղադրում մեկը, որի պաշտոնավարումը նախօրեին Արցախի խորհրդարանի պատգամավորները համարել էին ԼՂՀ շահերին հակասող, քանի որ Նաղդալյանը հայտարարել էր ազատագրված 5 շրջանները Ադրբեջանին հանձնելու` ՀՀ իշխանությունների պատրաստակամության մասին՝ ընդ որում, հընթացս արձանագրելով, որ այդ տարածքների վրա մենք «իրավունք չունենք»:
Թե այս իրավիճակում նման հայտարարության հեղինակը որերորդ դասարանի մակարդակ ի ցույց դրեց, թերեւս չարժի նշել, բայց որ նա դեռ մի բան էլ այսքանից հետո Աժ ամբիոնից բղավում էր եւ խրատներ կարդում, արդեն իսկապես զավեշտալի էր:
Ինչ վերաբերում է բուն քվեարկությանը, ապա, ինչպես նկատեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, արդեն իսկ նման խախտմամբ առաջին ընթերցմամբ ԸՕ նախագծի ընդունման լեգիտիմությունը կասկածի տակ դրվեց, եւ ուղղակի անհասկանալի է, թե ՀՀԿ-ի ինչին էր դա պետք: Արդյոք նրանք այն աստիճան վախեցած էին նախագծի հնարավոր տապալումից, որ նման քայլի գնացին: Իհարկե, Հրազդանի ցեմենտի գործարանի հետ կապված նախագծի տապալումից ՀՀԿ-ականների աչքը կարող էր վախեցած լինել, բայց այն աստիճան, որ նրանք զգուշանային, օրինակ, Հ. Բիշարյանի վարման կարգով ելույթից, ուղղակի անհավատալի է: Թեեւ, նկատի առնելով այն, որ հատուկ ԸՕ նախագծի քվեարկությանը մասնակցելու նպատակով սահմանից Երեւան էին կանչվել նաեւ գեներալ, ազատամարտիկ պատգամավորները, ցույց է տալիս, որ ՀՀԿ-ում նախկինի նման վստահ չեն իրենց ուժերին: