ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՄԵԽԱՆԻԶՄԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ընտրական նոր օրենսգրքի քննարկումների ընթացքում ընդդիմության առաջադրած պահանջներից մեկն էլ վերաբերում էր նույնականացման քարտերով գրանցմանը, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ իշխանությունը չի պատրաստվում այս խնդրին լուծում տալ` պատճառաբանելով, թե դրա համար մոտ 14 մլն դոլարի ֆինանսավորում է անհրաժեշտ:

«Ժողովուրդ»-ը երեկ այս առնչությամբ մի քանի հարց է ուղղել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:
-Տիկի՛ն Հովհաննիսյան, ԱԺ-ում ՀՀ ընտրական օրենսգրքի քննարկումները ցույց տվեցին, որ մի շարք առանցքային խնդիրների շուրջ ընդդիմադիր ուժերը շարունակում են պահանջներ ներկայացնել, որոնք չնայած ԸՕ նախագծի հեղինակների կողմից դրական են գնահատվել, սակայն լուծում չեն ստացել: Ի՞նչն է պատճառը, որ կառավարությունը լիարժեք ընդառաջ չի գնում ընդդիմությանը եւ բարձրացված հարցերին լուծում չի տալիս:
-Նախ եւ առաջ լիարժեք ընդառաջ չգնալու մասին, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ խոսելը, որովհետեւ ընդդիմությունը կարող է ներկայացնել բազմաթիվ պահաջներ, որոնք, որպես կանոն, ներկայացվում են վերջնագրի լեզվով, այսինքն` կա՛մ ընդունում եք ամբողջը, կա՛մ համարում ենք, որ չեք ընդունել ոչ մի բան: Մինչդեռ ընտրական օրենսգրքում տեղ գտած բազմաթիվ առաջարկներ, իրականում, ընդդիմադիր ուժերի հետ քննարկման արդյունքում է եղել: Մասնավորապես, կուսակցություններին իրավունք է վերապահվել ունենալ ոչ թե մեկ, այլ երկու վստահված անձ, ցուցակներին ծանոթանալու համար ներդրվել է առավելագույնս մատչելի մեխանիզմ, անգամ հնարավորություն է ընձեռնվել լուսանկարելու համապատասխան տեղեկատվությունը: Այսինքն` կախված է այն հանգամանքից, թե իրականում ինչ հարցեր են բարձրացվում քաղաքական ուժերի կողմից, եւ այդ հարցերը ինչ խնդիրների լուծմանն են ուղղված:
-Արդեն իսկ ակնհայտ է, որ ընտրողների գրանցումը միայն նույնականացման քարտերով կազմակերպելը միանգամից երկու խնդիր կլուծի` ընտրական ցուցակները կմաքրվեն բացակա ընտրողներից, եւ կբացառվեն կրկնաքվեարկության դեպքերը: Սակայն կառավարությունը չի պատրաստվում այդ խնդրին լուծում տալ` պատճառաբանելով, թե դրա համար մոտ 14 մլն դոլարի ֆինանսավորում է անհրաժեշտ: Արդյո՞ք հանուն ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների չարժի պետբյուջեից անհրաժեշտ միջոցներ հատկացնել, առավել եւս, որ համակարգի ներդրումից հետո` հետագա տարիներին այլեւս նման ծախսերի անհրաժեշտություն չի առաջանա:
-Եթե նույն խնդրի լուծմանը կարելի է հասնել շատ ավելի արդյունավետ եղանակներով, ապա պետք է քննարկել այդ տարբերակները եւս, օրինակ` որպես մատների թանաքոտման այլընտրանք, որի ներդրման անհրաժեշտության մասին շարունակաբար պնդում էին ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչները, առաջարկվել է ոչ պակաս, եթե ոչ ավելի արդյունավետ մեխանիզմ, այն է` մատնահետքերի խաչաձեւ ստուգումը: Ինչը նշանակում է, որ ընտրության օրը ընտրողը ընտրատեղամասում թողնում է իր մատնահետքերը, եւ քվեարկության ավարտից հետո քվեարկությանը մասնակցած ընտրողների մատնահետքերը համապատասխան օրերի ընթացքում համադրվում են, ինչի արդյունքում պարզ է դառնում` կրկնաքվեարկություն եղել է, թե ոչ: Մինչդեռ միջազգային կառույցների զեկույցներից ակնհայտ է դառնում, որ մատների թանաքոտման մեխանիզմը կիրառած երկրներում առաջացել են մի շարք խնդիրներ: Դրա մասին է վկայում նաեւ վրացական փորձը, որը, ի դեպ, հաճախակի մատնանշվում է ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից:
-Ըստ Ձեզ՝ հանրության համար վստահելի ընտրություն ունենալու թույլատրելի գնային սահմանը որքա՞ն է կազմում: Արդյո՞ք գնահատվել է, թե ՀՀ կառավարությունը որքան գումար է պատրաստ հատկացնել՝ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար, թե խնդիրը թողնվել է դոնորների ցանկությանը, այսինքն՝ եթե ՀՀ-ին գումար տան, լավ, եթե` ոչ, ապա ինչպես միշտ:
-Ինչ վերաբերում է նույնականացման քարտերով քվեարկությանը, ապա կառավարությունը բազմիցս առիթներ ունեցել է նշելու, որ համաձայն է նույնականացման քարտերի ներդրմանը, բայց այլ հարց է ֆինանսավորման անհրաժեշտությունը: Այստեղ ոչ թե ներքին կամ վերին սահմանի պատրաստակամության մասին է խոսքը, այլ այդ ծախսերի արդյունավետության ու նպատակահարմարության: Այսինքն` կարեւոր է քննարկել, թե արդյոք այդ ծախսերը կարող են արդարացված համարվել, ու դրանց իրականացումը կնշանակի խնդրի լուծում, թե ոչ: Եթե նույնիսկ այս պահին կառավարությունը կամ որեւէ դոնոր կազմակերպություն տրամադրեր այդ գումարը նույնականացման քարտերի տպագրության համար, ապա այդ դեպքում շատ դժվար է պատկերացնել, թե արդյոք հնարավոր կլիներ զուտ տեխնիկապես ապահովել քարտերի տպագրումը: Այսօր ԸՕ-ում ներդրված լուծումները, ըստ էության, ապահովում են արդար ու թափանցիկ ընտրություն անցկացնելու մեխանիզմներ: Ինչ վերաբերում է ցուցակների մաքրմանը, ապա պետք է նշեմ, որ 4+4+4 ձեւաչափի քննարկման ժամանակ առաջարկվել էր, որ եթե ընդդիմությունը կբերի ու կներկայացնի ՀՀ-ից բացակայող քաղաքացիների տվյալները, ապա իշխանությունը պարտավորություն կստանձնի ցուցակում համապատասխան նշում կատարել այդ անձանց անվան դիմաց, ու էլեկտրոնային սարքում էլ հատուկ ազդանշան կներդրվի, որի միջոցով կզգուշացվի, որ տվյալ անձը ՀՀ-ում չէ, սակայն ներկայացել է քվեարկության:
-Ընտրական օրենսգրքի նախագծի ներկա տարբերակը որքանո՞վ է կանխում ընտրակաշառքների կիրառման հնարավորությունը, եւ ըստ Ձեզ՝ ընտրակաշառքների խնդիրն ինչպե՞ս կարելի է լուծել:
-ՀՀ օրենսդրությամբ սահմանված են կառուցակարգեր՝ ընտրակաշառքի համար պատասխանատվության ենթարկելու համար, սակայն, կարծում եմ, խնդիրը օրենսդրական հարթությունում չէ, այն, ըստ էության, ընտրողների հոգեբանության եւ ընտրակաշառք բաժանողների դաշտում է։ Պետք է ձեւավորել այնպիսի մտածողություն, որի դեպքում ուղղակի անթույլատրելի են համարվում նման երեւույթները։

 

 

 

ԱՐԴՅՈ՞Ք ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՐԺԱՆԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ

Ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը բազմաթիվ քաղաքացիների, ազատամարտիկների տարավ առաջնագիծ: Ընդ որում, կամավորներից շատերը իրենց ընտանիքների միակ կերակրողն են եւ այժմ առաջնագծում գտնվելու պատճառով չեն կարողանում հոգալ ընտանիքի կարիքները:

«Ժողովուրդ»-ը այս առնչությամբ զրուցել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ` պարզելու համար՝ արդյոք կառավարության կողմից համապատասխան քայլեր արվում են զինծառայողների եւ կամավորականների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ:
-Պարո՛ն Ասատրյան, ապրիլի սկզբից բազմաթիվ կամավորականներ մեկնել են առաջնագիծ եւ դեռեւս շարունակում են այնտեղ մնալ: Սակայն կամավորականներից շատերի ընտանիքները այժմ դժվար կացության մեջ են հայտնվել, քանի որ նրանց միակ կերակրողը առաջնագծում գտնվելու պատճառով չի կարողանում իրենց կարիքները հոգալ: Դուք կամավորականների ընտանիքներին օգնելու նպատակով որեւէ նախաձեռնությամբ պատրաստվո՞ւմ եք հանդես գալ:
-Աշխարհազորայինների հետ կապված մենք ունենք համապատասխան որոշման նախագիծ, որը ներկայումս շրջանառվում է: Մենք կունենանք ՀՀ կառավարությունում քննարկմանը ներկայացված այդպիսի նախագիծ, որը վերաբերելու է աշխարհազորայինների ընտանիքների սոցիալական երաշխիքներին: Բնականաբար, առաջին հերթին նկատի ունենալով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքների համակարգը, ապա նաեւ` այն աշխարահազորայինների վրա տարածելու հանգամանքը: Ինչ վերաբերում է արդեն վիրավոր, հաշմանդամ դարձած թե՛ զինծառայողներին, թե՛ աշխարհազորայիններին, բնականաբար, նույն համակարգը նախատեսվում է կիրառել նաեւ տվյալ անձանց նկատմամբ:
-Չեք կարծո՞ւմ, որ ավելի ճիշտ կլինի, եթե կամավորականները կոնկրետ որեւէ կարգավիճակ ստանան եւ վճարվեն: Այս կերպ նրանք հնարավորություն կունենան թե՛ պահպանել հայրենիքի սահմանները, թե՛ հոգալ ընտանիքի կարիքները:
-Ես կարծում եմ, որ այդ խնդիրների քննարկումները եւ լուծումները առաջին հերթին պաշտպանության նախարարության իրավասության ներքո են, եւ ես վստահ եմ, որ այդ ուղղությամբ ՊՆ-ն քայլեր անում է եւ կանի:
-Պարո՛ն Ասատրյան, ըստ Ձեզ՝ այս իրավիճակում ճիշտ չի լինի՞ պայմանագրային զինծառայողների աշխատավարձը եւս բարձրացնել: Այս առնչությամբ ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել:
-Մենք այս պահին ընդհանրապես բոլոր կարիքների հիման վրա խնդիրների բոլոր ուղղությունները քննարկում ենք եւ համապատասխան որոշումներ կայացնելու դեպքում կտեղեկացնենք:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ Է
Աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2015 թվականի զեկույցի համաձայն՝ Հայաստանի կառավարությունն այդպես էլ արդյունավետ պայքար չի մղում կոռուպցիայի դեմ: Ըստ զեկույցի՝ ՀՀ պաշտոնյաները հաճախ են ներգրավվում կոռուպցիոն գործընթացներում եւ մնում անպատիժ: Զեկույցի հեղինակները արձանագրել են, որ չնայած որոշ բարեփոխումների՝ կոռուպցիան Հայաստանում կրում է համատարած բնույթ: «Չնայած օրենքը արգելում է կառավարական պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ընկերությունների գործադիր տնօրենները եւ օլիգարխները շարունակում են Ազգային ժողովում զբաղեցնել աթոռներ, եւ կառավարության տարբեր պաշտոնյաներ շարունակում են օգտագործել իրենց պաշտոնները իրենց մասնավոր բիզնեսի շահերը առաջ տանելու համար»,- նշված է զեկույցում:

 

 

ԾՆՈՂՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ
2016 թվականի ապրիլի 15-ին Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու մեջ մեղադրվող 32-ամյա Հովհաննես Մուրադյանի հարազատները գրեթե ամեն օր գնում են «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա: Հիշեցնենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց չկալանավորել Հովհաննես Մուրադյանին եւ վերջինիս ուղարկեց հոգեբուժական կլինիկա՝ ստացիոնար բուժման, քանի որ մեղադրյալը հաշվառված է Ավանի հոգեբուժարանում: Նրա հոր խոսքերով՝ այս օրերին իր որդին երեկոյան դեղեր է ստանում եւ սպասում է փորձաքննության արդյունքներին, որից հետո պարզ կլինի՝ նա մեղսունա՞կ է, թե՞ ոչ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հովհաննես Մուրադյանի ծնողներն այս ընթացքում իրենց որդու հետ տեղի ունեցածի մասին չեն խոսել, քանի որ նա հայտարարել է, որ չի ցանկանում անդրադառնալ այդ թեմային:

 

 

ԳՆՎԱԾ՝ ԱՌԱՆՑ ԳՈՒՄԱՐԻ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սոֆոյանի՝ 2015 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա անցած տարի 150 հազար եվրո արժողությամբ «Mercedes-Benz S500 L» մակնիշի ավտոմեքենա է գնել: Սա այն դեպքում, երբ պատգամավորը հայտարարագրած ոչ մի դրամական միջոց չի ունեցել: Սոֆոյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր՝ պատգամավորական աշխատավարձը, որը ամսական կազմում է մոտ 580 հազար դրամ: Ստացվում է, որ նա իր ձեռքով գրել է, թե գումար չունի, բայց 150 հազար եվրո արժողությամբ ավտոմեքենա է գնել: Հարց է առաջանում՝ որտեղի՞ց: Սա ավելի շատ ինքնախոստովանական ցուցմունք է հիշեցնում: Տեղեկացնենք, որ պատգամավորի ոչ մի տեղ չաշխատող կինը՝ Աիդա Աղաքարյանը, հայտարարագրել է 240 հազար դոլար դրամական միջոց, որը նախորդ՝ 2014 թվականին եւս եղել է:




Լրահոս