ՊԱՏԵՐԱԶՄԸ ՓՈԽՈՒՄ Է ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քառօրյա պատերազմը կայծակնային արագությամբ փոխեց Հայաստանի հանրային գիտակցությունը, եւ այդ հանգամանքը արդեն իսկ նկատելի է դառնում նաեւ քաղաքական դաշտում, որտեղ թվում էր, թե տարիների ընթացքում միայն նշանակալի տեղաշարժեր կլինեն:

Վերջին մեկուկես տասնամյակում Հայաստանի քաղաքական դաշտը փաստացի երկու բեւեռների էր բաժանվել, եւ հայ հանրությանը քաղաքական ուժերը մշտապես երկու` ռուսամետ եւ արեւմտամետ ընտրությունն էին պարտադրում տարիներ շարունակ: Ու այդ դիրքորոշումը շատ հաճախ փոխվում է, քանի որ ոչ թե սկզբունքայնության դրսեւորում է այդ կեցվածքը, այլ քաղաքական նպատակահարմարության: Նույնիսկ բանն այնտեղ հասավ, որ նախկինում արեւմտամետի կերպարով հանդես եկող քաղաքական ուժերից մեկը՝ տեսնելով, որ ռուսամետների դաշտն անտեր է մնացել, սահուն անցում կատարեց դեպի այնտեղ: Հայկական ազգանունով Ռուսաստանի շահերը սպասարկող գործիչներն էլ հայտարարել էին Հայաստանում կուսակցություն հիմնադրելու եւ մեր քաղաքական դաշտ մուտք գործելու մտադրության մասին: Թվում էր, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ինչպես միշտ, շիլաշփոթ իրավիճակ է ստեղծվելու:
Սակայն քառօրյա պատերազմը քաղաքական դաշտում այնպիսի փոփոխություններ հարուցեց, որոնք մինչեւ մարտի 30-ը կարող էին անհնար թվալ: Այսօր արդեն կուսակցությունները խուսափում են ընդգծել իրենց «մետությունը»: Ռուսամետները այնպիսի կեցվածք են ընդունել, կարծես իրենք չէին քառօրյա պատերազմից ընդամենը երեք-չորս օր առաջ Մոսկվայում հանդիսավորությամբ «ֆիլիալներ» բացում: Արեւմտամետերը մյուս կողմից են խուսափում իրենց` «Եվրոպան եւ Ամերիկան մեզ կփրկեն» բանաձեւով պարփակվող միտքը հանրության վզին փաթաթելուց: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանին կփրկի եւ կպաշտպանի միայն սահմանին կանգնած իր քաղաքացին, իր զինվորը:
Մինչ այս հայտնի էր, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նոր ստեղծվելիք կուսակցությունը պետք է իր մասին ավետեր: Սակայն ակնհայտ է, որ այդ գործընթացն անորոշ ժամանակով սառեցվել է, եւ առավել հավանական է, որ այն այլեւս օրակարգից դուրս է եկել: Այդ մասին է վկայում նաեւ այն փաստը, որ նույն Աբրահամյանի հայտնությանը սպասող շատ գործիչներ հույսները կտրած տեղավորվեցին Վարդան Օսկանյանի «Համախմբման» մեջ: Եթե մեկ ամիս առաջ որեւէ մեկը հայտարարեր, որ հայաստանյան հանրության լայն շրջաններում Ռուսաստանի՝ որպես Հայաստանի պաշտպան, ընկալումը մի ակնթարթում կարող է վերանալ, ապա տվյալ անձին հաստատ խելագարի տեղ կդնեին: Բայց այսօր նման իրավիճակն արդեն իսկ իրողություն է: Անգամ Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստի ժամանակ հանրապետականներին է սաստել, որպեսզի նրանք հակառուսական տրամադրություններին տոն չտան:
Վարդան Օսկանյանը Հայաստան տեղափոխվելու եւ այստեղ արտաքին գործերի համակարգում փոխնախարարից մինչեւ նախարարի պաշտոն զբաղեցնելու երկարուձիգ քսան տարիների ընթացքում մշտապես ընկալվել է որպես ԱՄՆ ներկայացուցիչ: Սակայն նախօրեին ակնհայտ դարձավ, որ նա եւս փորձում է հնարավորինս զգուշությամբ պարզել «ամերիկամետի» իր դրոշը: Ակնհայտ է, որ Օսկանյանը եւ նրա շուրջ բոլորը հավաքվածները զգում են քաղաքական դաշտում ընթացող փոփոխությունների ոգին, բայց առավելագույնը, որ կարող են անել, փորձում են կես ձայն տարածել «ամերիկան մեզ կփրկի» մտքի հաշիշը` հույսով, որ դեռ հնարավորություն կունենան այդ մասին ողջ կոկորդով բղավել:
Սակայն իրողությունն այն է, որ «վերադարձ հին վիճակին» այլեւս չի գործելու, ուստի քաղաքական ուժերն այլեւս ստիպված են լինելու իրենց ասելիքը, իրենց ծրագրերն ու գաղափարախոսությունը զուտ հայկական առանցքի շրջանակներում ներկայացնել: Իհարկե, կլինեն այնպիսիք, որոնք նոր իրողությունը մինչեւ վերջ չեն ընկալի եւ կփորձեն հին իներցիայով շարժվել, սակայն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ոտատակ ընկնելուց բացի՝ ոչինչ չեն կարող ակնկալել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՕՖՇՈՐԻ ԳԵՆԵՐԱԼԻ ՀԱՐԿԵՐԸ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ պանամական օֆշորի աղմկալի պատմության կիզակետում հայտնված ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը, որը մի շարք ոլորտներում մենաշնորհներ ունի, այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով հազար խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը՝ 304 մլն 594 հազար դրամ հարկային վճարումներով: Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող մյուս, մասնավորապես «Բանջիո Ինվեստ» եւ «Բեսթ ռեալթի» ընկերությունները, սակայն խոշոր հարկատուների ցակում տեղ չեն զբաղեցրել: Սա այն դեպքում, երբ խոշոր հարկատուների ցանկի վերջին հորիզոնականում գտնվող ընկերությունն առաջին եռամսյակում վճարել է 20 մլն 206 հազար դրամի հարկ: Հիշեցնենք, որ մասնավորապես «Բեսթ ռեալթի» ընկերությունը անշարժ գույքի հետ կապված գործարքներով է զբաղվում: ԴԱՀԿ-ի կողմից առգրավվող անշարժ գույքը մինչեւ վերջերս հիմնականում հենց այս ընկերությունն է գնահատել, ինչի դիմաց տասնյակ միլիոնավոր դրամների եկամուտ է ստացել: Նշենք, որ Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող ընկերությունների ցանկը վերը բերվածով չի սահմանափակվում: Նրա մտերիմների եւ հարազատների անուններով են գրանցված մի քանի հյուրանոցներ, այդ թվում նաեւ Ծաղկաձորում, ինչպես նաեւ ռեստորաններ Երեւանի կենտրոնում եւ շինարարական ընկերություններ:

 

 

ԱԺ-Ն ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՑ ԱԶԱՏՎՈՒՄ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ 65-ից բարձր տարիքի աշխատակիցները շարունակում են ծանուցագրեր ստանալ՝ տեղեկանալով, որ իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը դադարեցվում են: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, այս խնդրի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Այդ պրոցեսը օրենքով է կարգավորվում, այսինքն՝ եթե աշխատակցի աշխատելու իրավունք ունեցող տարիքը լրանում է, պետք է նրան գնա ծանուցագիր, որ այսպես, այսպես… Սովորաբար մինչեւ 69 տարեկանի դեպքում է լինում, բայց նայած, պետք է պաշտոնները, խմբերը նայվի: Բայց պետական ծառայության մասին օրենքով տարիքը լրանալուց հետո անձը պետք է ազատվի զբաղեցված պաշտոնից»:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՇՏԿՈՒՄ
Երեկվա համարում «ժողովուրդ»-ը գրել էր, որ «Միկա-ցեմենտին» արտոնություններ տալու հարցի քվեարկության տապալումը ԱԺ-ում եղել է հենց ՀՀԿ խմբակցության ջանքերով: Նշված էր, որ Հակոբ Հակոբյանը՝ Կիլիկիայի սեփականատերը, դեմ է քվեարկել նախագծին, սակայն իրականում շփոթմունք էր եղել, քանի որ նա կողմ էր քվեարկել:

 

 

ԴԵՌ ՉԵՆ ԳՆԱՀԱՏԵԼ
Համաշխարհային բանկը դեռեւս հստակ գնահատական չունի Հայաստանի տնտեսության վրա ղարաբաղյան հակամարտության սրման հնարավոր բացասական ազդեցության վերաբերյալ: Ուստի եւ ՀԲ-ն առայժմ չի վերանայել նախկինում հրապարակած 1.9-2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: Այս մասին «Ազատությանն» ասել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին։ «Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ նմանատիպ իրավիճակների երկարաձգման դեպքում դա ազդում է վստահության մթնոլորտի վրա, որն էլ, իր հերթին, բացասական ազդեցություն է ունենում օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով։ Սա այն ուղղությունն է, որը մենք մոնիտորինգի ենք ենթարկելու։ Սակայն այդպիսի ազդեցություն առայժմ չենք նկատում»,- նշել է ՀԲ ներկայացուցիչը: Նա նաեւ ընդգծել է. որ իրավիճակի սրման պատճառաբանությամբ Հայաստանում իրականացվող որեւէ ծրագիր չեն դադարեցնելու։

 

 

ՄԻԱՎՈՐՎԵՑԻՆ
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ¬ն եւ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ¬ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ եւ կնքել են միացման պայմանագիր: Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 26-ին հաստատել եւ գրանցել է «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ (Պահպանվող Բանկ) եւ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ (Միացող Բանկ) միացման պայմանագիրը: «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն եւ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն պայմանագրով նախատեսված գործողությունների իրականացման ավարտից հետո միջնորդագիր կներկայացնեն ՀՀ Կենտրոնական բանկ՝ միացման գործընթացի ավարտը գրանցելու համար:

 

 

ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄՆՈՒՄ Է
Ղարաբաղյան շփման գծում փխրուն հրադադարի հաստատումը սկզբում քաջալերող էր, քանի որ թվում էր, թե այն պահպանվում է, սակայն ակնհայտորեն լարվածությունը մնում է: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարկ Թոները չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Մենք կապի մեջ ենք մնում երկու կառավարությունների, այս հակամարտության բոլոր կողմերի հետ, եւ մեր ուղերձը մնում է նույնը՝ մենք խստագույնս դատապարտում ենք որեւէ բռնություն Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ անհրաժեշտ ենք համարում հնարավորինս շուտ վերադառնալ խաղաղ գործընթացին», – ասել է Թոները:

 

 

ՀՐԵՏԱԿՈԾԵԼ ԵՆ
Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետերի, թնդանոթների, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու ՄՄ-21 (Գրադ) կայանքների կիրառմամբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել պաշտպանության բանակի մարտական դիրքերը` արձակելով ավելի քան 240 արկ: Իսկ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս-արեւելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 23 միջադեպ:




Լրահոս