ԱՐԴՅՈՔ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՉՇՏԱՊԵՑԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին 63 համարի երթուղային ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները շարունակում են մնալ հանրային քննարկումների առանցքում: Մինչ իրավապահ համակարգը շտապեց հայտնել, թե կատարվածը ահաբեկչություն չէ, այլ կենցաղային հողի վրա տեղի ունեցած պատահար, հասարակությունը կասկածներ ունի, որ իրավապահները թաքցնում են իրողությունը` ավելորդ խուճապ չառաջացնելու համար: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ:

-Պարո՛ն Երիցյան, ապրիլի 25-ին Երեւանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հաջորդ օրը ՀՀ քննչական կոմիտեն եւ գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեցին՝ հայտնելով, թե կատարվածը ահաբեկչություն չէ: Ըստ Ձեզ՝ մեկ օրվա մեջ իրավապահ համակարգը կարո՞ղ էր պարզել` դա ահաբեկչություն է, թե ոչ: Ի վերջո, ըստ տեղեկությունների՝ պայթուցիկ սարքով ավտոբուս նստած քաղաքացին չկա, եւ նրա նպատակները, ըստ էության, ոչ ոքի հայտնի չեն:
-Դրանով զբաղվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, եւ այս հարցին պետք է պատասխանեն իրենք: Ես եղել եմ դեպքի վայրում, ինչ վերաբերում է արտակարգ իրավիճակների նախարարությանը, մենք այնտեղ կատարել ենք մեր խնդիրները: Մեր՝ դեպքի վայրից գնալուց հետո այնտեղ մանրամասն զննություն են կատարել: Եվ ես այս հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ դա իմ իրավասություններից դուրս է:
-2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում զինված հանցավոր խումբ վնասազերծվեց, եւ ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը հայտնել էր, որ խումբը Երեւանի քարտեզի վրա գրիչով նշումներ է կատարել, թե որտեղ են նախատեսում գործողություններ իրականացնել: Ըստ ԱԱԾ-ի` խումբը նախատեսել էր խցանումներ ստեղծել կամուրջների մոտ, որպեսզի հարձակման ենթարկված թիրախավորված անձինք ժամանակին օգնություն չստանան: Մասնավորապես նման տեղեկատվություն ունենալով` արդյո՞ք տեղին էր շտապելը ահաբեկչության վարկածը հերքելու հարցում:
-Եթե այդպիսի հայտարարություն անում են, ուրեմն իրավական հիմքեր կան դրա համար:
-Պարո՛ն Երիցյան, այնուամենայնիվ, արդյո՞ք ձեռնարկվել էին բոլոր միջոցառումները, որոնք կբացառեին, որ, օրինակ, մահացած Ռուբեն Բալյանը, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ինքն էր պայթուցիկով նստել երթուղային ավտոբուս, Թուրքիայի կամ Ադրբեջանի վարձու գործակալ էր:
-Ես չգիտեմ, տեղյակ չեմ:
-Իսկ միգուցե ՀՀ իշխանությունները վախենո՞ւմ են կատարվածը ներկայացնել որպես ահաբեկչություն:
-Այստեղ վախենալու խնդիր չկա, ես միանշանակ հավատում եմ, որ մեր իրավապահ մարմինները լավ են աշխատում, ճիշտ են աշխատում: Ես դեպքի վայրում եղել եմ: Ճիշտ է, մանրամասը չեմ նայել այնտեղ, որովհետեւ դա դեպքի վայր է, եւ ոչ ոք իրավունք չունի այնտեղ գործողություններ անելու, բայց, ընդհանուր առմամբ, եթե արվել են գործողություններ, եթե կան արդեն ինֆորմացիաներ, հայտարարություն արվել է, դա կնշանակի՝ ճիշտ են արել:
-Մասնագետների դիտարկմամբ տրոտիլը կարող է պայթել այն դեպքում, երբ հստակ ժամանակացույցի վրա է դրված, եւ կոնկրետ այդ պահին համապատասխան գործողություն է կատարվում, որպեսզի այն պայթի, կամ էլ դա կարող է լինել ուժեղ հարվածի դեպքում: Մինչդեռ, ըստ իրավապահների ներկայացրած նախնական վարկածի, ավտոբուսում այն պատահական է պայթել: Կարո՞ղ է պատահական նման բան լինել, Դուք տարօրինակ չեք համարո՞ւմ այս ամենը:
-Տրոտիլը զինամթերք է, եւ տարբեր գործողություններ կարող են անել զինամթերքի հետ: Ես դրա մասնագետը չեմ եւ չեմ կարող գնահատական տալ, թե ինչպիսի սարքավորում կարող է դրվել տրոտիլի վրա:

 

 

 

 
ՃՈ ՊԵՏԸ ՀԱՄԱՐԱՆԻ՞Շ Է ՎԱՃԱՌՈՒՄ

Ապրիլի 25-ին տեղեկություններ տարածվեցին, որ ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել էր 4 անձի՝ Արտյոմ Օրդուխանյանին, Դավիթ Մնացականյանին, Սարգիս Հակոբյանին եւ Սամվել Բարխոյանին: Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:

Մեզ տեղեկություններ հասան, որ կալանավորված անձինք ՃՈ աշխատակիցներ են: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, ի՞նչ է կատարվում ճանապարհային ոստիկանությունում: Վերոնշյալ անձինք ՃՈ աշխատակիցնե՞ր են, թե՞ ոչ եւ, առհասարակ, ինչպես են տրանսպորտային միջոցների համարանիշներ կեղծել ու իրացրել:
-Ճիշտն ասած, նոր եմ լսում այդ մասին, դիմեք կա՛մ ԱԱԾ լրատվական բաժին, կա՛մ ոստիկանության լրատվական բաժին:
-«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ գործով դժգոհություն կա նաեւ Ձեզանից: Մասնավորապես պարզվել է իրավապահ այլ մարմինների կողմից, որ եղել են մարդիկ, որոնք փորձել են ձեռք բերել համարանիշներ, սակայն ՃՈ-ից հրաժարվել են տալ: Ապա կարճ ժամանակ անց պարզվել է, որ իրենց պահանջած համարանիշները «բարձր գներով վաճառվել է այլ մարդու»: Ու նշվում է, որ անձամբ Դուք եք զբաղվում:
-Բոլոր համարանիշները համակարգչային բազայում ներառված են, ով որ համարն ուզում է, գնում է:
Նշենք, որ Արմեն Հակոբյանը, որ Մատաղիսի արյունալի եւ աղմկահարույց գործով քննիչ է եղել եւ անմեղ երիտասարդների գլխին սարքելով՝ նրանց ազատազրկել, երիտասարդ տարիներին այդ օրերի զինդատախազ, այսօր արդեն ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ձեռքի գործիքն էր: Նրա հրահանգով եւ Արմեն Հակոբյանի կատարմամբ ծեծում էին երիտասարդ զինծառայողների՝ ստիպելով ցուցմունք գրել, իսկ երբ հրաժարվում էին, հենց սենյակում Ջհանգիրյանն ու Հակոբյանը ստիպում էին նրանց լիզել իրենց ծեծի հետեւանքով թափված, լերդացած արյունը: Այդ օրերի մամուլը այս մասին շատ է գրել, եւ նկարագրվածը փոքրիկ ծաղկաքաղ էր մամուլի հրապարակումներից:
Բայց Արմեն Հակոբյանն ու Գագիկ Ջհանգիրյանը ոչ միայն չպատժվեցին, այլեւ բարձր դիրքեր գրավեցին. մեկը՝ ՀՀ ՃՈ պետ, մյուսը՝ պատգամավոր:
Հիշեցնենք, որ Արմեն Հակոբյանը ՃՈ պետի պաշտոնում հայտնվեց ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից այդ կառույցում իրականացված ստուգումների արդյունքում: Թերեւս մի ստուգում էլ հիմա է անհրաժեշտ, որպեսզի բացահայտվեն ոստիկանների վրա ոստիկան աշխատած Արմեն Հակոբյանի արարքները, որոնց անդրադառնալու առիթներ առաջիկայում դեռ կունենանք:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 
ԱՐՁԱԳԱՆՔ ԿԱ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած քառօրյա պատերազմի մասով ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարների ուշադրությանն է ներկայացրել ադրբեջանական կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի եւ խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցած հանցավոր ոտնձգությունների, ցուցաբերվող դաժան վերաբերմունքի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի հատուկ պաշտպանության ներքո գտնվող երեխաների եւ տարեցների նկատմամբ իրականացվող անթույլատրելի հարձակումների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներ: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել էր, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրի տարածքում խաղաղ բնակիչների իրավունքների եւ կյանքի նկատմամբ դաժանության ամենաբարձր աստիճանի հասնող զանգվածային ոտնձգությունները չեն կարող հանդուրժելի լինել:
Եվրոպայի խորհրդի տարածքում անընդունելի է ցանկացած նման գործողություն, քանի որ դրանով խախտվում են մարդու իրավունքների եվրոպական բարձր արժեքները եւ խաթարվում եվրոպական կոնվենցիոն արժեքային համակարգը: Ներկայացվել են նաեւ հիմնավորումներ միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջների խախտումների մասին: Համապատասխան հաղորդակցություն է նախաձեռնվել նաեւ Human Rights Watch, Amnesty International կազմակերպությունների, ԵԱՀԿ-ի, ինչպես նաեւ օմբուդսմենական միջազգային կազմակերպությունների հետ:
Երեկ ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո «Ժողովուրդ»-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից փորձեց հետաքրքրվել, թե արդյո՞ք միջազգային կառույցներից որեւէ արձագանք եղել է: Արման Թաթոյանը տեղակացրեց, որ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին եւ ինքը տեղեկացել է, որ ինստիտուտը արձագանքել է ԼՂՀ օբուդսմենի դիմումին եւ բավականին կոշտ քննադատել է Ադրբեջանի գործողությունները. «Այո, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը, որը օմբուդսմենական հաստատությունների մեջ շատ ազդեցիկ դերակատարություն ունի, հստակ եւ կոշտ քննադատել էր, որ անթույլատրելի է անմարդկային վերաբերմունքը, խոշտանգումների հնարավոր բոլոր եղանակները, որոնք եղել էին: Եվ ինչ եմ կարեւորում այդ հայտարարության մեջ, որ հատուկ նշված է, որ այս բոլոր վայրագությունները, դաժանությունները վտանգում են մարդու իրավունքների եվրոպական արժեհամակարգը, ինչը շատ կարեւոր է»:
Հավելենք, որ Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը նաեւ քննադատել էր Ադրբեջանի կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի եւ խաղաղ բնակիչների նկատմամբ ցուցաբերած առանձնակի դաժան վերաբերմունքը: Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտն իր մտահոգությունն էր հայտնել, որ քաղաքացիական բնակչությունը ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի, եւ եղել են քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող դրսեւորումներ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս