ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ
«Այն, ինչ եղել է, անցել է, ու ես այս ամենի մեջ ոչ մեկին չեմ մեղադրում: Ես իմ մեղքը ճանաչում եմ, ու այն աղբյուրը, որտեղից ես ջուր եմ խմել, չեմ կարող այնտեղ քար նետել: 25.000 դրամ աշխատավարձ էի ստացել եւ իմ հարեւաններին տվեցի, ինչը կարող էի տանել տալ նաեւ եկեղեցուն: Ես չեմ կարող ինձ այս ամենում չմեղադրել, եթե ամեն մարդ իր արարքում իրեն մեղադրի, ամեն ինչ լավ կլինի: Սա իմ կողմից զոհաբերություն էր, ինչը կաշառակերության վերածվեց»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց Գյումրու Մհեր Մկրտչյանի թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը` անդրադառնալով 2012թ. մայիսի 6-ի ընտրություններին իր կողմից ՀՀԿ-ի օգտին 5000 դրամ ընտրակաշառք բաժանելու դեպքին եւ այդ առթիվ հարուցված քրեական գործին: Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Շողիկին դատապարտել է 3 տարվա պայմանական ազատազրկման:
ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Երեւանում իրականացվել է շուկայահանված «Ռոշեն» ապրանքանիշի հրուշակեղենի դիտարկում: Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՍԱՊԾ-ից, լաբորատոր փորձաքննության արդյունքներով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Հիշեցնենք, որ ուկրաինական խոշորագույն հրուշակեղեն արտադրող «Ռոշեն» ընկերության արտադրանքի ներմուծումը ՌԴ-ում արգելվել էր, քանի որ արտադրանքի մեջ հայտնաբերվել էր բենզապիրեն: Եվ այդ ընթացքում ՀՀ-ում գործող լաբորատորիաները չեն կարողացել բենզապիրեն ցուցանիշով փորձարկում կատարել, քանի որ համապատասխան սարքավորում չեն ունեցել եւ հետո ստիպված են եղել գնել: Նշենք, որ «Ռոշեն»-ի արտադրանքը ներկրում է «Մեգա ֆուդ» ՍՊԸ-ն, որի տնօրենն է Արամ Խաչատրյանը` ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին:
ՀԱՄԱՆԵՐՈ՞ՒՄ
Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տարեդարձի առթիվ համաներում հայտարարել: Հավելյալ տեղեկություններ, այդ թվում` թե Քրեական օրենսգրքի որ հոդվածների վրա է տարածվելու այն, դեռեւս հայտնի չեն: Տեղեկությունը պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանին: «Բոլոր նմանատիպ որոշումները պատշաճ կարգով եւ ժամանակին կտեղեկացվեն ե՛ւ հանրությանը, ե՛ւ զանգվածային լրատվության միջոցներին: Ներկայումս ես նման տեղեկատվություն չունեմ»,-ասաց նա: Հիշեցնենք, որ ՀՀ-ում վերջին անգամ համաներում հայտարարվել էր 2011թ.: