«ՉԵՄ ԿԱՐՈՂ ԲԱՐՈՒՐԻՑ ԸՆԿԱԾ ՋԱՀԵԼԻ ՊԵՍ ԽԱՂԱԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վաստակավոր արտիստ, «Կտոր մը երկինք», «Գիքորը», «Ճերմակ անուրջներ» եւ այլ ֆիլմերից, «Որոգայթ», «Ժառանգներ», «Եզրագծից այն կողմ» սերիալներից հայտնի դերասան Հարություն Մովսիսյանը նպատակ ունի հանդես գալ մոնո-ներկայացմամբ, հենց որ կարողանա ստեղծել դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է երիտասարդ անփորձ կադրերին ասպարեզում շատ տեղ տալու վտանգներին, խոսել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախկին փառքն ու պատիվը վերականգնելու անհրաժեշտության եւ այլ թեմաների շուրջ:

-Պարո՛ն Մովսիսյան, նոր ֆիլմերում, սերիալներում նկարահանվելու առաջարկներ ունե՞ք: Առաջիկայում Ձեզ որեւէ նախագծի շրջանակում կտեսնե՞նք:
-Առաջարկներ կան, բայց դրանք դեռեւս խոսակցություններ են, ոչինչ հստակ չէ: Ես դեռ պետք է ընդունեմ դրանք. չեմ կարող բարուրից ընկած հինգ ամսական ջահելի պես խաղալ: Դերասանությունն արվեստ է, նաեւ արհեստ, պետք է իմանաս` ինչ ես անում: Երիտասարդ, անփորձ կադրերին տեղ տալը, օրինակ, վտանգում է ազգի պատմությունն ու կեցվածքը, լավ չի: Նրանք նախ պետք է կարողանան հասնել այն մակարդակին, որ խաղան: Հիմա ով փող է ճարում, նկարվում է: Այսինքն` ոչ մի ակադեմիզմ, կրթություն չկա:
-Ի՞նչ եք առաջարկում:
-Այն մարդկանց, որոնք ունեն կյանքի փորձ, մեծ ստաժ, պետք է բանի տեղ դնել: Նրանք գիտեն՝ ինչ են անում, իրենց ժողովրդի, ուսուցիչների հետեւորդներն են:
-Այսինքն` նկատի ունեք` երիտասարդ կադրերի շրջանում պրոֆեսիոնալիզմը պակասո՞ւմ է:
-Չէ, ես էդ ջահելներին բան չունեմ ասելու, նրանց առաջ մղողներն են, որոնք չեն մտածում, որ այդպես չի կարելի: Չի կարելի, օրինակ, միայն ջահելների մասին ֆիլմեր նկարել. ամեն տարիք իր պատմությունն ունի: Իսկ ծնողները, տարեցները մարդ չե՞ն, ո՞նց կարելի է շրջանցել այդ սերունդներին: Ես հիմա թշնամանք չեմ հայտնում, այլ իմ դժգոհությունը: Հաճախ իմ ոլորտի երիտասարդ կադրերի հետ զրուցում եմ, խորհուրդներ եմ տալիս, երբեմն էլ դրա կարիքը պարզապես չի լինում: Մի երկու դեր խաղալուց հետո ուժեղ դերասաններն արդեն երեւում են. սա ոգեւորող հանգամանք է: Նրանցից շատերը թատերական ինստիտուտից են գալիս. ուրեմն դպրոց են անցել: Բայց տաղանդավորները, հանճարները, օժտվածները շատ քիչ են, մի 2-3-4 հոգի: Ես ինձ անտաղանդ դերասանների մեջ եմ տեսնում: Ուղղակի մեկը չկա, ասի` մի՛ խաղա, ի՞նչ գործ ունես: Ընդհանրապես, ես գլուխգովաններին չեմ սիրում, բայց հիմա բոլորը հիմնականում գլուխգովան են: Իսկ, առհասարակ, իմ խոսացածի 30 տոկոսն անլուրջ է, 70 տոկոսն է լուրջ (ծիծաղում է):
-Պարո՛ն Մովսիսյան, մի ժամանակ մոնո-ներկայացմամբ հանդես գալու ցանկություն ունեիք: Դեռ նման ծրագրեր կա՞ն:
-Այո՛, նման ծրագիր եմ ուզում իրականացնել, որի ընթացքում կներկայանամ ասմունքով, երգով, մենախոսություններով: Իմ պատկերացմամբ` այն կարող է տեւել 1 ժամ 20 րոպե: Մինիմալ ֆինանսները որ ստեղծեմ, արդեն ինձ հերիք կլինի, որ նպատակս իրականացնեմ:
-Վերջին շրջանում տարբեր մասնագետների կողմից շատ է խոսվում այն մասին, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, որտեղ Դուք խաղում եք, ստեղծագործական առումով իրեն սպառել է: Դուք ի՞նչ կասեք այդ առնչությամբ:
-Նման բան չի կարող լինել: Չի կարելի նման բան ասել: Սունդուկյան թատրոնը պետք է ոտքի կանգնի, ոչ թե հուսահատվի: Մենք պետք է վերականգնենք այն, ինչ կորցրել ենք:
-Ի՞նչ եք կորցրել:
-Սունդուկյանի մեծ փառքն ու պատիվը, որը հիմա այն աստիճանի վրա չի, ինչպես ժամանակին էր: Դերասանական կազմը կա, ռեժիսորականը` կա: Վերանորոգման աշխատանքներն ավարտվեն, պետք է անցնել աշխատանքի:
-Հիմա Դուք Ձեզ ի՞նչ ֆիլմերում եք տեսնում, ինչպիսի՞ կերպարներում:
-Մեր աշխարհագրական դիրքը, պետականությունն այժմ վտանգված է, մեզ շրջապատում են սարսափելի թշնամի ազգեր, որոնք հայոց երկիրը վերցնելու նպատակ են դրել: Անընդհատ մտորումների մեջ ես, ո՞նց կարող ես ստեղծագործել: Իհարկե, հիմա տեղին կլիներ գնալ դեպի պատմական թեմաները: Լավ կլիներ` ֆիլմ նկարահանվեր, օրինակ` Տիգրան Մեծի մասին, «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործության, «Ռանչպարների կանչը» վիպասքի հիման վրա, որը, իմ համոզմամբ, ֆանտաստիկ գործ է:
-Արցախյան քառօրյա պատերազմից ինքներդ Ձեզ համար ի՞նչ եզրակացություններ արեցիք:
-Թշնամությունը մեր հարեւան պետությունների կողմից ակնառու է, շատ վառ կերպով է արտահայտվում: Այդ մենք է, որ բոլորին լավն ենք կամենում, ուզում ենք ընկերական կապեր պահել, հարեւանություն անել: Էդ եմ հասկացել:
-Մեզ ի՞նչ է մնում անել մեր երկրի ներսում` արտաքին եւ ներքին թշնամիների դեմ պայքարի ճանապարհին:
-Պետք է միասնական լինենք, ամեն ասպարեզի շնորհալի մարդուն պետք է տեղ տանք, առաջ մղենք, այդ դեպքում կարող ենք ուժեղ երկիր դառնալ, հակառակ դեպքում` կկորչենք: Եթե մենք կարողանանք մեր ուժերը ծառայեցնել մեր երկրին, ինչպես դա անում են հրեաները, որեւէ ազգ չի կարող մեզ հետ հաշվի չնստել: Մեզ մոտ շատերը երկրից ուղղակի փախչում են. սա պետք է կանգնեցնել: Մեր երկրի ջահելներին թեւեր են պետք: Նրանք որ իմացան` մեջք ունեն, ոտքները էս երկրից դուրս չեն հանի:

 

 

 
«ՀՈՒՍՈՎ ԵՄ` «ՓՈՒՉԻԿ» ԱՂՋԻԿՆԵՐԸ ԿՀԵՌԱՆԱՆ ԷԿՐԱՆԻՑ»

Երեւանի պետական Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը, ով հեռուստադիտողներին հայտնի է «Եղբայրներ», «Մամա», «Խաչվող հետքեր», «Ֆուլ հաուս» հեռուստանախագծերից եւ «Poker.am», «Հյուսիս-հարավ», «Carte Blanche» ֆիլմերից, այժմ ներգրավված է Մկրտիչ Արզումանյանի եւ Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ նոր` «Պլյուս-մինուս» շոու-ներկայացման մեջ (ռեժիսոր` Կարապետ Բալյան):

Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ներկայացման շրջանակում լինելու են 8-9 սքեթչեր, եւ ինքը լինելու է, այսպես ասած, «շոուի աղջիկը»: Մեր այն հարցին, թե հումորային այս դերերը որքանով են կապված «Ֆուլ հաուս»-ի շրջանակում իր մարմնավորած կերպարի հետ, Էվան պատասխանեց. «Նմանություն դժվար թե կարողանաք գտնել: Թող մեծամտություն չհնչի, բայց, առհասարակ, իմ կերպարները միմյանց չեն կրկնում, հատկապես եթե հաշվի առնենք, որ մեր սերիալներում ու ֆիլմերում դերակատարների վիզուալ փոփոխությունները շատ դժվարությամբ են արվում, փոխարենը ռեժիսորները նախընտրում են կանչել մեկին, ով կխաղա ինքն իրեն եւ կփոխանցի իր իսկ խարակտերը»:
Էվան նաեւ տեղեկացրեց, որ վերջերս է վերադարձել Տալինից, որտեղ նկարահանվում էր ռեժիսոր Արշալույս Հարությունյանի «Հայրեր» ֆիլմում: Այն ռուս-հայկական համատեղ նախագիծ է, որտեղ Էվան մարմնավորում է մահմեդական մի կնոջ, ավելի կոնկրետ` պարսկուհու. «Իմ կերպարին գողացել են եւ դարձրել մահապարտ: Նրան կարող են օգտագործել անգամ տեռոր իրականացնելու համար: Այս դերն ինձ համար բավական հետաքրքիր էր, հատկապես որ ռեժիսորի աշխատանքը համակարգված էր ու հստակ: Նկարահանումները դեռ չեն ավարտվել, դրանց վերջնական փուլը, հնարավոր է, իրականացվի Երեւանում»,- նշեց նա:
Հարցին, թե արդյոք սերիալներում նկարահանվելու նոր առաջարկներ ունի, Էվան պատասխանեց. «Վերջերս առաջարկներ ընդունելիս շատ զգուշավոր եմ դարձել: Ինձ համար կարեւոր է պրոդուկտի որակը եւ ոչ քանակը: Այլապես հիմա ամենատարբեր նախագծերի շրջանակում կարելի է հանդիպել ոչ պրոֆեսիոնալների: Հույս ունեմ, որ մի օր լավ դերասանը կունենա իր տեղը, եւ հաստ շրթունքներով «փուչիկ» աղջիկները կպայթեն ու կհեռանան էկրաններից»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը պահպանելու նպատակով կառավարությունն ընդունել է այն որպես նվիրատվություն Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու, տեղափոխելու եւ վերականգնելու մասին համապատասխան որոշում: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով՝ 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո պետական ցուցակում ընդգրկված որմնանկարների մեծ մասը, այդ թվում՝ Հ. Հակոբյանի «Սարերում»-ը, հայտնվել են փլուզված կամ խիստ վթարային, չօգտագործվող տարածքներում: «Մասնավորապես, «Սարերում» որմնանկարի համար որպես հենք ծառայող ճաշարանի (ներկայում չօգտագործվող) խոհանոցը դահլիճից բաժանող ոչ հիմնական, միջնորմ հանդիսացող պատը, տարբեր հատվածներում ունի մեծ ճաքեր, որոնք իրական սպառնալիք են որմնանկարի անվտանգ ու ամբողջական պահպանության համար»,¬ «Արմենպրես»¬ի հաղորդմամբ՝ ասել է նախարարը: Ջերմաստիճանի կտրուկ տատանումները եւս իրենց բացասական ազդեցությունն են ունենում որմնանկարի հիմնասվաղի եւ գունային շերտերի վրա։

 

 

ՁԻԱՀ-ՈՎ  ՀԻՎԱՆԴ ԷՐ
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ապրիլի 21-ին ամերիկյան հայտնի երգիչ, երգահան ու գործիքավորող Փրինսին մահացած էին գտել Մինեապոլիսի իր առանձնատանը: The Daily Mail-ի փոխանցմամբ` շուրջ 6 ամիս առաջ աստղի մոտ ՁԻԱՀ էր ախտորոշվել, ինչը կարող էր լինել երաժշտի մահվան պատճառը: Ըստ նույն աղբյուրի` Փրինսը «Եհովայի վկա» էր եւ հրաժարվել էր բուժումից` նշելով, որ կկարողանա ինքնուրույն ապաքինվել` աղոթքների միջոցով։
Մտերիմների խոսքով` հիվանդությունը պարզապես հյուծել էր աստղին. նա իրեն ֆիզիկապես շատ թույլ էր զգում եւ անկանոն էր սնվում:
Տեղեկացվում է նաեւ, որ 1990-ականների սկզբին Փրինսի մոտ ՄԻԱՎ էր ախտորոշվել, որն աստիճանաբար վերածվել էր ՁԻԱՀ-ի:

 

 

ՆՈՐ  ՍԻՐԱՎԵ՞Պ
Ամերիկացի հայտնի կինոդերասան Լեոնարդո դի Կապրիոն նոր սիրավեպ է սկսել եւ անմիջապես հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Նրան օրերս նկատել են բրիտանացի մոդել Ռոքսի Հորների հետ՝ Նյու Յորքում ընթրելիս: Պապարացիների եւ ականատեսների խոսքով` Ռոքսին ակնհայտորեն սիրահարված հայացքով է նայել Լեոյին:
Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, որ նրանց տեսել են միասին: Ռոքսին եւ Լեոն ժամանակ էին անցկացրել Նյու Յորքում դեռեւս փետրվարին: Ըստ People-ի` դերասանը մոդելին նկատել էր Լոնդոնում BAFTA մրցանակաբաշխության ժամանակ:




Լրահոս