ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹՎԵՐՆ ԵՆ ԳՈՒԺՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով պետական բյուջեի եկամուտներն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր նվազել են 1,3 տոկոսով, որը գումարային արտահայտությամբ կազմել է 3 միլիարդ 100 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալներից:

Ի դեպ, հարկեր եւ տուրքերի մասով պետական բյուջեի մուտքերն այս տարվա առաջին եռամսյակում անցած տարվա համեմատ նվազել են 1 միլիարդ 409 միլիոն դրամով: Բյուջետային մուտքերի մնացած անկումը բաժին է հասնում «այլ եկամուտներին»: Ի դեպ, ուշագրավ է, որ հարկային մուտքերից հատկապես նվազել են ավելացված արժեքի հարկի գծով մուտքերը, անկումը կազմել է մոտ 10 միլիարդ դրամ: Այս փաստն առնվազն տարօրինակ է, քանի որ ԱԱՀ-ն տնտեսության վիճակը բնորոշող հիմնական հարկատեսակն է: Եթե, ինչպես պաշտոնական վիճակագրությամբ նշված է, անցած եռամսյակում Հայաստանի տնտեսության աճը կազմել է 5,5 տոկոս, ապա ինչպես է ստացվել, որ ԱԱՀ-ից մուտքերը նվազել են: Այս հակասությունը, մեղմ ասած, տրամաբանական չէ: Հարկերի հավաքագրման հետ կապված եւս մեկ ուշագրավ տվյալ կա` բնական պաշարների օգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանման համար վճարները նվազել են 35 տոկոսով: Մեր տեղեկություններով՝ այս նվազման պատճառն այն է, որ տարեսկզբից քարի եւ ավազի հանքավայրերը շահագործող ընկերությունների շուրջ 30 տոկոսը պատկան մարմիններին իրազեկել է իր գործունեությունը դադարեցնելու մասին: Իհարկե, ստեղծված իրավիճակում կարելի է այդ հանքերի շահագործման իրավունքը նախկին տերերից վերցնել: Սակայն ոլորտի մասնագետները փաստում են, որ եթե նման քայլի գնան էլ, ապա այդ հանքերն ընդհանրապես անտեր կմնան, քանի որ համոզված են, որ հնարավոր չի լինի նոր շահագործողներ գտնել: Իսկ իրենց գործունեությունը դադարեցրած շահագործողները հանքերում մեկ կամ երկու պահակ պահելով՝ գոնե կապահովեն, որ հանքերից մասսայական թալան չսկսվի:
Ինչեւէ, պետբյուջեի եկամուտների անկման պայմաններում ծախսային մասը անցած տարվա համեմատ աճել է 5,3 տոկոսով: Անցած տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի ծախսերը կազմել էին 261 միլիարդ 654 մլն դրամ, այս տարի այդ ցուցանիշը հասել է 275 միլիարդ 397 մլն դրամի: Ի դեպ, ծախսերից մոտ 8 միլիարդ դրամով ավելացել է տոկոսավճարների թիվը, որոնք միայն առաջին եռամսյակում կազմել են 28 միլիարդ 69 մլն դրամ, կամ նույնն է, թե 58,5 մլն դոլար: Այսինքն՝ պետբյուջեի ծախսերի ավելի քան 10 տոկոսը հատկացվում է տոկոսավճարներին:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ գործազրկության պաշտոնական միջին մակարդակը 2015 թվականին կազմել է 18,5 տոկոս, այսինքն՝ նախորդ` 2014 թվականի համեմատ մեկ տոկոսով ավել: Ի դեպ, գործազրկության վերաբերյալ պաշտոնական վիճակագրության ուշագրավ տվյալներ կան: Մասնավորապես, պարզվում է՝ 2015-ին նախորդ տարվա համեմատ զբաղվածների, այսինքն՝ աշխատանք ունեցողների թիվը նվազել է մոտ 61 հազարով: Սակայն գործազուրկների թիվն ավելացել է ընդամենը 1 հազար 600-ով: Այսպիսի աճպարարություն միայն Հայաստանի պաշտոնական վիճակագրությունում կարելի է հանդիպել:
Նկատենք նաեւ, որ Հայաստանում այս տարվա սկզբի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կազմում է 463 հազար 471 մարդ: Մյուս կողմից՝ աշխատանք ունեցողների թիվը կազմում է 1 միլիոն 72 հազար մարդ: Ստացվում է, որ յուրաքանչյուր կենսաթոշակառուին բաժին է հասնում միջինը ընդամենը երկուսից մի փոքր ավել աշխատող: Նշենք նաեւ, որ կենսաթոշակառուների թիվը 2015-ին մոտ 1 հազարով ավելացել է 2014 թվականի համեմատ: Եթե նույն դինամիկան շարունակվի, այսինքն՝ աշխատողների թիվը նվազի, իսկ կենսաթոշակառուներինը ավելանա, ապա թոշակների վճարման գործընթացը տարեցտարի կդժվարանա: Մյուս կողմից էլ Հայաստանից արտագաղթը եւս շարունակվում է: Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանից մեկնած եւ չվերադարձած քաղաքացիների թիվը կազմել է 16 հազար 588 մարդ: Եթե ամեն մի եռամսյակում միջին հաշվով նույն ցուցանիշը պահպանվի, ապա տարեվերջին արտագաղթի թիվը կլինի գրեթե նույնքան, որքան 2015-ին` մոտ 47 հազար ՀՀ քաղաքացի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՀԻՆԳԻՑ ՄԵԿԻՆ ՆՇԱՆԱԿԵՑ
Վերջին մեկուկես ամսվա ընթացքում մինգամից եւս հինգ պաշտոն դարձավ թափուր: Սերժ Սարգսյանը նախ իր վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին տեղափոխեց ՊԵԿ եւ նշանակեց այդ կառույցի ղեկավար, այնուհետեւ պաշտոնանկ արեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին, պաշտոններից ազատեց ՀՀ պաշտպանության նախարարության միանգամից երեք գեներալներին՝ ՊՆ փոխնախարար նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, ՊՆ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին: Երեկվա դրությամբ նշված հինգ պաշտոններից չորսը դեռեւս թափուր էին: Սերժ Սարգսյանը երեկ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար նշանակեց իր նախկին ռեֆերենտ Արմեն Հարությունյանին: Փաստացի անցած տարիների փորձը ցույց է տվել, որ Սերժ Սարգսյանն իրեն վերապահված նշանակումների հարցում շատ դժվարությամբ է կողմնորոշվում, թե ում վստահի այս կամ այն ոլորտի ղեկավարումը: Օրինակ՝ նա արդեն երկու տարի է, չի կողմնորոշվում, թե ում նշանակի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար: Մնում է հուսալ, որ վերը նշված դեռեւս թափուր չորս պաշտոնները ԱԽՔ-ի ճակատագրին չեն արժանանա:

 

 

ԿՐԿԻՆ ԿԳՐԱՎԱԴՐԵՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն այս տարվա մարտի 17-ին, իսկ «Յուքոմ» ՍՊԸ-ն՝ ապրիլի 21-ին գրություններով դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: ՏԿ նախարարությունը եւ վերը նշված ընկերությունը ՀԾԿՀ-ից խնդրել են համաձայնություն տալ «Յուքոմ» ընկերության մասնակից Արամ Խաչատրյանին իրեն պատկանող բաժնեմասի 7 տոկոսը գրավադրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում, իսկ «Այ Յու Թելեքյոմյունիքեյթ» ընկերությանը պատկանող «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի 5.5 տոկոսը գրավադրել «Արարատբանկ»-ում:

 

 

ԲՈՒԼԿԻ ԿԱ, ՓՈՂ ՉԿԱ
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, նույն ինքը՝ Բուլկի Արամը, միլիոնատերից հինգ պակաս է: Հարությունյանի պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները կազմել են 923 հազար 324 դոլար եւ 2 հազար 244 եվրո: Նա հայտարարագրել է երեք ձեռնարկությունում մոտ 13 մլն դրամ արժողությամբ բաժնետոմսեր: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է վարձակալությունից ստացված 2 մլն 300 հազար դրամ, 2 մլն 225 հազար դրամ էլ իբրեւ շահաբաժինը, 5 մլն 533 հազար դրամ էլ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսավճար: Սակայն նման ունեցվածքի պարագայում անգամ Բուլկի Արամը Արցախի պաշտպանական բանակին փոխանցել է ընդամենը 417 հազար 941 դրամ, կամ նույնն է, թե 870 դոլար, որը նրա մեկ ամսվա պաշտոնական աշխատավարձն է:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՓՈԽԱՏԵՂԵՑ
Սերժ Սարգսյանի որոշմամբ Արա ԱՅՎԱԶՅԱՆՆ ազատվել է Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում եւ Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից եւ նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):

 

 

ԼԱՐՎԱԾ Է
Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 13 միջադեպ: Իսկ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչպես նաեւ 60 (19 արկ), 82 (128 արկ), 120 (5 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (2 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 (27 արկ) տիպի նռնականետեր: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

 

 

ՆՈՐԻՑ  ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
«Հրազդան ցեմենտ» ընկերությանը հարկային արտոնություններ տալու մասին օրինագիծը կառավարությունը նորից կներկայացնի Ազգային ժողով: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցներում երեկ հայտնել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նկատել է, որ ամենեւին էլ չի կարծում, թե օրինագծի քվեարկությունը Ազգային ժողովում տապալվեց: «Դուք կտեսնեք՝ այդ բոյկոտողներից քանիսն են քվեարկելու: Հակառակ դեպքում նրանք պետք է պատասխան տան Հրազդանի բնակչությանը՝ աշխատատեղեր չեղյալ համարելու համար», -հայտարարել է Բաղդասարյանը:

 

 

ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն
Երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ասուլիսում հայտնել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն առաջարկում են հանդիպում անցկացնել Բրյուսելում: Մամեդյարովը նշել է, որ «Ադրբեջանը մշտական կապի մեջ է համանախագահների հետ, նրանք առաջարկել են մայիսի կեսերին հանդիպում անցկացնել, ամենայն հավանականությամբ՝ Բրյուսելում, որեւէ միջոցառման շրջանակում»:
 

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՄ
Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների մեծ մասը կողմ է արտահայտվել, որ Ֆրանսիան չեղարկի հակառուսական պատժամիջոցները: Sputnik ռադիոկայանի փոխանցմամբ՝ խորհրդարանական լսումները եւ հաջորդած քվեարկությունը, սակայն, ունեն խորհրդակցական նշանակություն, սակայն հնարավորություն կա այն նաեւ որպես առաջարկություն կամ նախագիծ կառավարությանը փոխանցելու:

 

 

ՓԱԿ ԺՈՂՈՎ
Երեկ Աղվերանում մեկնարկել է «Հայ հեղափոխական դաշնակցության» գերագույն մարմնի ժողովը: Եռօրյա փակ ժողովի ժամանակ քննարկելու են մի շարք կարեւոր ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր, ԼՂՀ կարգավորում, ապրիլյան պատերազմական վիճակ: Ժողովի ավարտին կընդունվի հայտարարություն, կընտրվի նաեւ ՀՅԴ գերագույն մարմին՝ հայաստանյան ղեկավար կառույցի նոր կազմով:




Լրահոս