ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԻՄՆ «ԱՄՐԱԿՈՒՌ» Է, ԲԱՅՑ ԱՆՊԻՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան պատերազմը հստակորեն ցույց տվեց, թե ինչքան թույլ է Հայաստանի պետական համակարգը: Վերջինիս գլխին կանգնած Սերժ Սարգսյանն իր նախագահության բոլոր տարիները վատնեց բացառապես սեփական դիրքերի ամրապնդման վրա: Հիշենք, որ դեռ նախորդ տարի Պոզների հետ հարցազրույցում որպես իր գերագույն ձեռքբերում Սարգսյանը համարել էր «թիմը կուռ պահելը»: Պատերազմն ապացուցեց, որ այդ «ամրակուռ» թիմն այլեւս պիտանի չէ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Հայաստանի ապագայի համար: Այդ առումով Սարգսյանը հրատապ փոփոխություններ անելու կարիք ունի:

Առանց որեւիցե չարամտության կամ հեգնանքի փաստենք, որ գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակով եւ հատկապես բանակցություններում ուժեղ գտնվելու նպատակահարմարությամբ Սերժ Սարգսյանը տվյալ պահին ունի ներհայաստանյան զգալի աջակցություն: Գիտակցելով պահի լրջությունը՝ պետականությունն ամեն ինչից վեր դասող ցանկացած ուժ կամ քաղաքացի իրեն թույլ չի տալիս խոսել նրա հրաժարականի մասին, ինչն այս պահին ձեռնտու կլինի բացառապես Ադրբեջանին: Որքան էլ Սարգսյանը չի ընտրվել արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով, նա՛ է այսօր հակառակորդի դեմ ներկայացնում Հայաստանի շահերը: Սառը հաշվարկը հուշում է, որ Հայաստանին չի կարող բավարարել միայն զսպվածությամբ պայմանավորված եւ ամեն վայրկյան հօդս ցնդելու միտում ունեցող լեգիտիմության ոչ հաստատուն հիմքեր ունեցող նախագահությունը: Ուստի Սերժ Սարգսյանը պետք է մտածի կա՛մ աշնանն արտահերթ եւ, ամենակարեւորը, արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, կա՛մ էլ ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ համաձայնի ընդդիմության առաջարկներին:
Հասկանալի է, որ որեւէ ընտրական օրենսգիրք էլ չի երաշխավորելու ընտրությունների արդար ու թափանցիկ անցկացումը: Խնդիրն, ըստ այդմ, ինքնանպատակ քաղաքական կուրսից հրաժարվելու մասին հստակ ազդանշան հաղորդելն է: Արդյո՞ք 2008թ.-ից ի վեր արտաքին աշխարհում լեգիտիմություն որոնող Սերժ Սարգսյանը վերջին դեպքերից հետո չհամոզվեց, որ ոչ մի հայ-թուրքական արկածախնդրություն, ռուսական աջակցություն եւ եվրոպական ժպտադիմություն չեն կարող ապահովել իր եւ Հայաստանի անվտանգությունն այնպես, ինչպես ներքին իրական լեգիտիմությունը: Այսօր բացառապես ներքին համախմբվածության շնորհիվ է Սարգսյանն ունակ դիմադրել արտաքին ճնշումներին: Բայց ինչպիսի հզոր ուժ իրենցից կներկայացնեին Հայաստանի իշխանությունները, եթե ընտրված լինեին ազատ ու ժողովրդավարական ընտրություններով:
Այս իրավիճակում նախօրեին ԱԺ-ում ծավալված անախորժ աղմուկ-աղաղակը չի կարող հիասթափեցնող չլինել: Ապրիլյան պատերազմից հետո նման ճոխություններ իրեն թույլ տալ կարող է միայն անհոգ ու իրավիճակին ոչ ադեկվատ քաղաքական համակարգը: Իսկ վերջինս ինքն իրեն չի կարող շտկվել, ուստի ուժեղ ձեռք է հարկավոր: Այդ կերպարում այսօր կարող է լինել բացառապես Սերժ Սարգսյանը: Մի՞թե Սարգսյանին հաճելի է, երբ ԱԺ-ում նմանօրինակ ողորմելի բանավեճ է ընթանում դեռ 100 զոհերի քառասունքն իսկ չտված:
Անընդունելի է, երբ ամեն մի անարժան միլիարդների հասնող կարողություն է կուտակել, մինչդեռ ժողովրդի մեծագույն մասն աղքատ է: Սա անթույլատրելի պերճանք է այսօրինակ դաժան տարածաշրջանում: Առնվազն անլրջություն է, երբ ամեն տարի սփյուռքից 10 միլիոն դոլար է մուրվում, ԼՂՀ ՊԲ-ի հաշվին հազիվ 5 միլիոն դոլար կուտակվում, իսկ, ահա, նախորդ 10 տարիներին Հայաստանից 9,8 միլիարդ դոլար թալանվում: Բիզնես շահերով կուրացած պատգամավորն ի վիճակի չէ եվրոպացիներին բացատրել ԼՂ-ի հիմնախնդրի իրական էությունը, քանզի ինքն է բնույթով վաշխառու ու թերուս: Արեւմտյան ժողովրդավարություններում, երբ բացահայտվում է պետական սեփականության հափշտակման փաստը, մեղավորն արժանանում է ամենածանր պատժի: Ուստի այժմ չի կարելի բավարարվել լոկ պաշտոնանկություններով. դրանց պիտի հաջորդեն ամենախիստ պատիժները: Շեշտելի է, որ խոսքը ոչ թե կուլակաթափության, այլ պարզապես օրենքի ոչ ընտրողաբար ու հստակ կիրառման մասին է:
Թեեւ Սերժ Սարգսյանի պես ռեալիստը հաստատապես թքած ունի պատմության մեջ մնալու վրա, սակայն այսօրինակ աղետյալ դրությունն ունակ է հեշտությամբ փոխակերպվելու կատարյալ պատուհասի, նույնիսկ անհատապես նրա համար: Անժխտելի է, որ ներկայիս համակարգը կառուցել է անձամբ Սարգսյանը՝ բացառապես իրեն ենթարկված իշխանություն ունենալու դիտավորությամբ: Բայց ի՞նչ գործնական հաջողություն է այն ապահովել հենց իր համար մինչ այժմ՝ Հայաստանի ներսում ընդդիմախոսներին ջախջախելուց, երկիրը թուլացնելուց բացի: Երկու ամիս առաջ Սարգսյանը պնդում էր, որ Հայաստանն արեւմուտքից ու արեւելքից շրջապատված էր ճահիճներով: Ապրիլյան իրադարձություններն ապացուցեցին, որ այդ մտայնությունը, ինչպես եւ արտաքին անվտանգության ամբողջ հայեցակարգը խարսխված էր հիմնովին թյուր ընկալումների վրա: Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունն ազդարարող կոչնակ, օրինակ, կարող է լինել ԱԳ նախարարի հեռացումը: Եվ խիստ կարեւոր է, որ այդ պաշտոնում նշանակվի փորձառու, բայց միաժամանակ ոչ ռուսահպատակ գործիչ:
Աշխարհում նման ֆորս-մաժորները հասարակությունների եւ քաղաքական էլիտաների աշխարհայացքի կենսական վերափոխումների ազդակ են հանդիսանում: Արդ, Սերժ Սարգսյանին վիճակված է կա՛մ հայտարարել հայաստանյան կառավարման փիլիսոփայության վերանայման մեկնարկը, կա՛մ էլ շարունակել նույն մեթոդներով «շենացնել» երկիրը: Համոզված ենք՝ Սարգսյանը ամբողջ պետական ապարատում միակ գործիչն է, որ ամենաինֆորմացվածն է ու ամենից լավ է տիրապետում իր՝ իրապես անպետք թիմի իրական կարողություններին: Ուստի, անկասկած, այս ամենը նրա պատասխանատվության ներքո է:

Ն.ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՕԴԻՑ ՓՈՂ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ
2013 թվականի հունիսին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով գտնվում էր Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանում: Աշխատանքային այցի ավարտին նախարարին հարց տվեցինք պայմանագրային զինծառայողների, հատկապես առաջնագծում ծառայողների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտության մասին: Սեյրան Օհանյանն ասաց, որ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման ծրագիր կա, որն աստիճանաբար կյանքի է կոչվում. «Զինծառայողները, պետական աշխատողների նման, օգտվում են բժշկական ծառայությունների եւ հանգստի համար տրվող սոցիալական փաթեթից: Յուրաքանչյուր զինծառայող տարեկան կարող է օգտվել 72 հազար դրամի սոցիալական ծառայություններից»: Սակայն զինծառայողների մեծամասնությունը չի օգտվում այդ ծառայություններից, այլ դրանց կոչված կազմակերպությունների միջոցով կանխիկացնում է նշված գումարը: Վերոհիշյալ ծառայությունների համար գումարները փոխանցվում են «Արդշինբանկ»-ի եւ «ՎՏԲ բանկի» միջոցով: Արդեն 3-4 տարի զինծառայողների սոցփաթեթի գումարները կանխիկացվում են: Եթե սկզբում այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունները թվով շուրջ 10-ն էին, ապա այժմ դրանց թիվն աճել է: Այդ կազմակերպությունների սեփականատերերի մեջ կան պաշտպանության նախարարության ղեկավարների հետ կապեր ունեցող անձինք:
Զինծառայողները «Ժողովուրդ»-ի թղթակցիս հայտնեցին, որ սոցփաթեթի գումարի կանխիկացումից հետո իրենք 72 հազար դրամից ստանում են մոտ 40 հազարը, մնացածը մնում է ծառայություններ մատուցելու կոչված կազմակերպություններին: Մի քանի ամիս առաջ այդ գումարի բաշխման համամասնությունն ավելի վատ էր զինծառայողների համար. գումարի մեծ մասը բաժին էր հասնում նշված կազմակերպություններին: Միթե ՀՀ պաշտպանության նախարարության տեսչությունը տեղյակ չէ, որ զինծառայողների բուժման, հանգստի ծառայությունների համար նախատեսված գումարը իրականում նպատակային չի ծախսվում, դրա զգալի մասը տրվում է կազմակերպություների, որոնք փաստացի չեն մատուցում սոցիալական այդ ծառայությունները, միայն հաշվապահական փաստաթղթեր են լրացնում եւ օդից փող աշխատում: Նշենք, որ 72 հազար դրամի սոցիալական ծառայությունների փաթեթը գործում է պետական այլ աշխատողների, օրինակ՝ ուսուցիչների համար, եւ կոռուպցիոն նշված մեխանիզմները այդ համակարգում եւս գործում են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ԹԻՎԸ
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարեվերջին կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 465 հազար 802 մարդ, որոնցից աշխատանքային կենսաթոշակառուները 463 հազար 471-ն են: Իսկ զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 2 հազար 331 մարդ: Նշենք, որ կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 40 հազար 441 դրամ: Ի դեպ, կենսաթոշակառուների ընդհանուր թվաքանակից հայոց ցեղասպանությունը վերապրածները 25-ն են, որից 22-ը կին է, իսկ 3-ը՝ տղամարդ:

 

 

45 ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով անցած տարի արձանագրվել է 45 արտադրական դժբախտ պատահար: Դեպքերի քանակը մայրաքաղաք Երեւանում կազմել է 10, տուժածների քանակը՝ նույնպես, որից 4-ը կանայք են: Սյունիքի մարզում գրանցված դեպքերը 22-ն են, տուժածները՝ նույնպես, իսկ 7 դեպք գրանցվել է Լոռու մարզում: Նշենք, որ հանքագործական արդյունաբերության եւ բաց հանքերի շահագործման հետեւանքով արձանագրված դժբախտ դեպքերի քանակը կազմել է 33, մշակող արդյունաբերությունում՝ 4: Դժբախտ պատահարների հետեւանքով Երեւանում եւ ՀՀ Սյունիքի մարզում 1-ական տղամարդ դարձել է 1-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզում 1 տղամարդ՝ 2-րդ խմբի հաշմանդամ: Աշխատանքի գնալու ճանապարհին Երեւանում տեղի է ունեցել 2 դժբախտ պատահար, տուժել է 2 կին:




Լրահոս