ՄԻՆՉԵՎ ԱՌՈՒՆ ՋՈՒՐ ԳԱ
Այսօր տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ընթացքում կքննարկվի նվազագույն աշխատավարձը ներկայիս 45.000 դրամի փոխարեն 2014թ. հունվարի 1-ից ամսական 75.000 դրամ դարձնելու՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը: Ակնհայտ է, որ կառավարությունն այս նախագծին բացասական եզրակացություն կտա, ինչպես մինչ այս բացասական եզրակացություն է տվել ԲՀԿ-ի եւ ընդհանրապես ոչ կոալիցիոն մյուս խմբակցությունների օրենսդրական առաջարկներին: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հեղինակած օրինագծին, ապա դրա եզրակացության նախագծում նշված է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը համահունչ է կառավարության որդեգրած քաղաքականությանը, բայց մյուս կողմից կառավարությունը նպատակահարմար չի գտնում նվազագույն աշխատավարձի միանգամյա կտրուկ բարձրացումը՝ ելնելով բյուջեի հնարավորություններից: Ավելին, կառավարության ծրագրի իրականացմամբ՝ 2012-2017թթ. ընթացքում նախատեսվում է նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում՝ հասցնելով այն մինչեւ 70 հազար դրամի: Բայց դա միայն 2017 թվականին: Մասնագետների կարծիքով՝ չի բացառվում, որ այս ծրագիրն առաջիկայում այդպես էլ կյանքի չկոչվի, ինչպես եղել է նախորդ բոլոր դեպքերում: Իսկ դրա համար պատճառ կառավարությունը միշտ էլ կգտնի: Եվս մեկ կարեւոր հանգամանք. այսպես իշխանությունները հող են նախապատրաստում 2018թ. նախագահական ընտրություններից առաջ հերթական քարոզչական փուչիկը փչելու համար:
ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Երեւանի քաղաքապետարանի թեժ գծին ստացված ահազանգերի ուսումնասիրության արդյունքում քաղաքապետի կարգադրությամբ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Երեւանի թիվ 64 եւ 181 հիմնական դպրոցների տնօրեններ Անաիդա Շահնազարյանի եւ Վանյա Կիրակոսյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն կարգապահական տույժը: Ըստ քաղաքապետարանի՝ մեկ այլ ստացված ահազանգի ուսումնասիրության արդյունքում Տ. Մարգարյանի հանձնարարությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երեւանի թիվ 111 մանկապարտեզի մեթոդիստ, ուսումնական գծով տնօրենի տեղակալ եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Խաչատրյանին ազատել է աշխատանքից: