«ՋԱԶԻ ՀԱՆԴԵՊ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011թ-ին. ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձեւ, համաձայն որի՝ 2012 թվականից ապրիլի 30-ը նշվում է որպես Ջազի միջազգային օր: «Ջազը վերացնում է մարդկանց միջեւ սահմանները եւ փոխըմբռնման ու հանդուրժողականության մթնոլորտ է ստեղծում»,-այսպիսի բնութագրում է տալիս ՄԱԿ-ը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համարվում է տոնի կազմակերպիչը:

Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան եւ եվրոպական մշակույթների սինթեզ եւ առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձեւ, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց եւ պետությունների միջեւ: «Ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն, որպիսին շարունակում է լինել նաեւ այսօր… Իր ակունքներում ունենալով ստրկությունը՝ ջազը կեղեքման բոլոր ձեւերի դեմ հանդես եկող երաժշտություն է, որը խոսում է ազատության լեզվով եւ կարեւոր նշանակություն ունի բոլոր մշակույթների համար»,-ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան:
Հետաքրքիր է, որ մինչ այժմ անհայտ է ջազ բառի բացատրությունը: Հետազոտողների մեծամասնությունը հակված է այն կարծիքին, որ դա նշանակում է ներշնչում, ոգեշնչում:
Հայաստանում ջազի հանդեպ հետաքրքրության, պետական մոտեցման, երիտասարդ կադրերի գործունեության մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է դաշնակահար Կարեն Մամիկոնյանի հետ, ով «Կարեն Մամիկոնյան բենդ»-ի հիմնադիրն է, մի շարք բենդերի՝ «Դը Բըրդս» («The Birds»), «Ռեինկարնացիա», «Արմենիան Նեվի Բենդ» («Armenian Navy Band») անդամ: Նա եղել է նաեւ «Գիշերային պահակախումբ» խմբի անդամ եւ ելույթներ է ունեցել Դուբայի, Մոսկվայի, Թբիլիսիի, Կիեւի ջազ փառատոներում։ Կարենի մատուցած երաժշտությունը կարելի է ունկնդրել շաբաթ օրը՝ Կասկադի բացօթյա հարթակում կայանալիք կենդանի ջազ համերգի ընթացքում:
Մեզ հետ զրույցում Կարեն Մամիկոնյանը նախ համոզմունք հայտնեց, որ հայերիս մոտ ջազի մատուցումը բոլորովին ուրիշ կերպ է ստացվում. «Հայ երաժիշտների եւ երգիչների շրջանում միշտ էլ ունեցել ենք բարձրորակ երաժշտություն մատուցող ջազմեններ: Ռուսները եւ էլի այլ ազգեր տարբեր առիթներով ասել են, որ հայերիս կատարմամբ այդ երաժշտությունն ուղղակի անկրկնելի է: Երբ նոր էի սկսում իմ գործունեությունը, ես, օրինակ, շատ հետաքրքրված էի երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի արվեստով: Հիմա համագործակցում եմ երաժիշտ, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցի հետ: Իսկ միջազգային մասշտաբով դեռ մանուկ հասակից ինձ համար ջազային արվեստի ոլորտում բարձր նշաձող է համարվել Ռեյ Չարլզը»,-ասաց նա:
Ու թեեւ մենք լավագույն կադրերի պակաս երբեւէ չենք ունեցել, դաշնակահարը նկատեց, որ Հայաստանում ջազի հանդեպ պետական մասշտաբով ուշադրություն առանձնապես չկա. «Երեւի թե դա նախընտրության հարց է: Ջազը նեղ շրջանակների համար է: Հիմա չգիտեմ` պետական պաշտոնյաները, հովանավորները որքանով են սիրում այդ երաժշտությունը: Օրինակ` ես, որ սիրում եմ ջազ, եթե լինեմ պետական ատյաններում, անպայման ուշադրություն կդարձնեմ այդ երաժշտությանը, իսկ եթե ոչ, այն ինձ համար գոյություն չի ունենա»,- մեկնաբանեց Կարենը` պետության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումներից առանձնացնելով միայն «Էրեբունի-Երեւան» տոնական ծրագրերի շրջանակում ամեն տարի Կասկադում անցկացվող բացօթյա ջազ համերգը:
Նա խոսեց նաեւ երիտասարդ խոստումնալից կադրերի մասին, որոնք մեծ մասամբ նախընտրում են ապրել եւ ստեղծագործել արտերկրում. «Մտածել, թե կարող են այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք վերադառնան, լավատեսության դրսեւորում կլինի: Բացի այն, որ Հայաստանի համեմատ արտերկրում ջազ երաժիշտն ավելի բարձր է վարձատրվում, նա այնտեղ ունի նաեւ ռեալիզացվելու լայն դաշտ: Եվ հետո` արտերկրի հասարակությունը ջազի հանդեպ անտարբեր չէ: Առհասարակ, երաժշտի նկատմամբ դրսում բոլորովին այլ վերաբերմունք են ցուցաբերում: Իսկ մեզ մոտ ռեստորանային, դասական, ջազ երաժիշտ հասկացությունները խառնվել են իրար, մարդիկ երաժշտություն լսելու կուլտուրա չունեն, քանի որ սովոր են, որ, ինչպես ռեստորանում, պետք է միաժամանակ ուտեն եւ ունկնդրեն»,-շեշտեց նա:
Կարենի խոսքով` Հայաստանում աշխարհահռչակ ջազ երաժիշտների մասնակցությամբ մաստեր-կլասներ շատ քիչ են կազմակերպվում. «Դա բավական կարեւոր է մեր դաշտում գործողի համար, հատկապես այն երաժիշտների, որոնք չգիտեն` որտեղից եւ ինչպես սկսել իրենց կարիերան. չէ՞ որ այդ կերպ փորձի փոխանակում է տեղի ունենում»,-նշեց նա:
Եվ, այնուամենայնիվ, չնայած բոլոր բացերին, ըստ Կարենի, եթե դու արդեն թաթախվել ես ջազի մեջ, այլեւս չես կարող նրանից «փախչել». «Եթե նույնիսկ ջազի միջոցով չես կարողանում շատ վաստակել, միեւնույն է՝ զբաղվում ես դրանով, դառնում ես նվիրյալ…»,- եզրափակեց ջազմենը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 
ՀԱՐՈՒՍՏ  ՇՈՈՒ ԿԼԻՆԻ
«Եվրատեսիլ¬2016»¬ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը պատրաստվում է մայիսի 1¬ին մեկնել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ: Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հայաստանյան ելույթի ընթացքում սպասվում է թվային տեխնոլոգիաներով հարուստ շոու, ավելին` բեմադրությունը նման է լինելու տեսահոլովակի: Նրա խոսքով` շուտով հասանելի կլինեն Իվետայի մրցութային LoveWave երգի cover եւ remix տարբերակները: Իվետա Մուկուչյանն էլ իր հերթին տեղեկացրել է, որ իրենք համագործակցել են Շվեդիայից մի ռեժիսորի հետ, որը բավականին հետաքրքիր մտքեր ունի: Նա նշել է, որ մրցույթից առաջ ամենեւին լարված չէ, հատկապես, որ իր թիկունքին ունի հինգ բեք վոկալ կատարողների: Գերմանաբնակ երգչուհին պատմել է, որ ինքը հասցրել է ճամփորդել հայրենիքում. «Ես արդեն գիտեմ, թե ընկերներիս Հայաստանում ուր կտանեմ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ¬ 2016» երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10¬ին, 12-ին եւ 14-ին: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10¬ին առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում՝ 7¬րդ համարի ներքո: «Եվրատեսիլ»¬ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է «Միավորվե՛նք»:

 

 

ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է
Հայաստանի թատերական գործիչների միության 16-րդ համագումարում 4 տարի ժամկետով միության նախագահ է ընտրվել Հակոբ Ղազանչյանը: Նա միակ թեկնածուն էր եւ ընտրվել է միաձայն: Ղազանչյանի խոսքով` միությունն այսօր շատ լուրջ ուշադրության կարիք ունի.
«Ես գիտեմ, որ դուք ակնկալում եք լրիվ նոր թատերական միություն։ Ես ամեն ինչ կանեմ, որ մենք ունենանք սկզբունքայնորեն նորացված աշխատանքով, աշխատաոճով, ծրագրերով թատերական միություն»,-ասել է նա։

 

 

ԱՐԳԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են այս տարվա «դրոշների քաղաքականությունը»։ Ինչպես փոխանցում է News.am style-ը, հղում անելով Wiwibloggs-ին՝ եվրոպական հեռարձակողների միությունը ներկայացրել է, թե որ եւ ինչ չափերի դրոշներ կարելի է տանել դալիճ։ Օրինակ՝ առանց փայտե ձողի դրոշները կարող են լինել առավելագույնը 120 x 80սմ, իսկ փայտե ձողով դրոշները՝ 60 x 40սմ-ից ոչ ավել, որպեսզի դրանք ավելորդ խնդիրներ չառաջացնեն օպերատորների համար։ Հայտարարության մեջ նշված են նաեւ արգելված դրոշները, որոնց ցանկում է նաեւ Արցախի Հանրապետության դրոշը։ Նշենք, որ թույլատրվում է ծածանել մասնակից, ԵՄ-ի անդամ (թեկուզ մրցույթին չմասնակցող) երկրների, ԵՄ-ի, ինչպես նաեւ ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշ համարվող ծիածանի դրոշը։ Տեղական, տարածաշրջանային կամ մարզային դրոշները, կամ դրոշներ, որոնք քաղաքական, կրոնական, առեւտրային մեսիջներ, վիրավորական գրառումներ կպարունակեն, կարգելվեն։




Լրահոս