ԱՊՐԻԼԻ 6-Ը` ՍՊՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան օգոստոսի 23-ին կայացած լիագումար նիստի ժամանակ որոշել է ապրիլի 6-ը սահմանել Սպորտի միջազգային օր: Նիստը նախագահող Վուկ Երեմիչն ընդգծել է, որ որոշումը պետք է ծառայի ի շահ խաղաղության, համայն մարդկության համախմբման, առաջընթացի, քանզի սպորտը հզոր զենք է հաշտության, խաղաղության եւ մերձեցման համար: «Չէ՞ որ հասարակությունը միասին է ուրախանում նշանակալից նվաճումներով: Բացի այդ, սպորտի շնորհիվ են հաղթահարվում կրոնական, էթնիկական եւ տնտեսական արգելքները»,-ասել է նա։
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան առաջարկել է միջազգային մարզական ոչ կառավարական կազմակերպություններին եւ բոլոր շահագրգիռ կողմերին նշել Սպորտի միջազգային օրը հանուն խաղաղության եւ զարգացման, ինչպես նաեւ օժանդակել, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի այդ մասին։ Այդ օրվա բոլոր ծախսերը պետք է կատարվեն հատուկ այդ նպատակի համար վճարված կամավոր վճարումների հաշվին: Հավելենք, որ ՄԱԿ-ի նստաշրջանին հրավիրված են եղել ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն եւ աշխարհի թիվ մեկ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, որն իր ելույթի ժամանակ խոսել է հատկապես իր կյանքում սպորտի մեծ նշանակության մասին։
ԱՍՏՂԱԲԱՇԽԱԿԱՆ ԹՎԵՐ
«Sky Sport Italia»-ի փոխանցմամբ՝ անգլիական «Տոտենհեմ»-ի եւ Ուելսի հավաքականի խաղացող Գարեթ Բեյլի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին կհայտարարվի առաջիկա մի քանի ժամերի ընթացքում: Ֆուտբոլիստի վերջնական տրանսֆերային արժեքը կկազմի 87 միլիոն եվրո: Իտալական աղբյուրը վստահեցնում է, որ այդ տեղեկությունը հավաստի է, եւ մնում է միայն, որ թիմերը պաշտոնապես հաստատեն այդ ամենը: Ի դեպ, ավելի վաղ հայտարարվում էր, որ «Տոտենհեմ»-ն իր ֆուտբոլիստի դիմաց 99 միլիոն եվրո կստանա, որը ռեկորդային կլիներ ֆուտբոլի պատմության ընթացքում: Հիշեցնենք, որ ներկայումս աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը Կրիշտիանո Ռոնալդուն է, ում տեղափոխության համար «Ռեալ»-ը 94 միլիոն եվրո էր վճարել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
Երբ նման աստղաբաշխական թվերի մասին են խոսում, սկսում ես կասկածել, որ Իսպանիայում տնտեսական խնդիրներ կան։ Ի դեպ, հիշեցնենք, որ Բրազիլիայում անցկացված Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ շատ բրազիլացիներ փողոց դուրս եկան` դժգոհելով 2014թ. իրենց երկրում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար կատարված մեծ ծախսերից։ Եվ սա` ամենաֆուտբոլային համարվող երկրում: Չի բացառվում, որ մի օր էլ եվրոպացիները բողոքի ալիք բարձրացնեն նման ծախսերի դեմ։