ԵՐԿԻՐՆ Ո՞ՒՄ ԹՈՂՆԵՍ ԳՆԱՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, որը վերջերս նկարահանվեց «Նախաճաշ երկուսի համար» կատակերգությունում, վստահ է, որ այս աշխարհի բոլոր մարդիկ` Հայաստանից մինչեւ Չուկոտկա, իրենց դարդերն ունեն, ու երբեմն հումորը փրկում է, օգնում դրանք մոռանալ: «Ժողովուրդ»-ի հարցին, թե կա մի բան, ինչը կկարողանա փրկել հայերիս ծանր սոցիալական վիճակից, պարոն Մովսիսյանն ասաց.
-Ծանր սոցիալական իրավիճակը բոլոր ազգերն էլ ունեցել են, հիշե՛ք կորեացիներին, որոնց Կորեայի որբ էին ասում, իսկ այսօր Կորեան աշխարհի առաջին արդյունաբերական ուժեղ պետությունների հետ ոտք է մեկնում: Ի՞նչ արեցին, երկու սերունդ դրեցին հարվածի տակ, որ կարողանան կառուցել իրենց երկիրը: Այո՛, երկու սերունդ պետք է այդ դժվարությունը տանի, որ հետո լավ լինի, իսկ մերոնք թողնում գնում են երկրից: Պետք է մնալ այստեղ, աշխատել, ստեղծել, արարել: Այո՛, նույնիսկ առանց փողի աշխատել: Ես արտագաղթին շատ դեմ եմ, ո՞ր երկիրը չի ունեցել դժվարություն:
-Իսկ ի՞նչ անի ընտանիքի հայրը, որ չի կարողանում հանապազօրյա հաց վաստակել:
-Աշխատի, անի ամեն ինչ, թեկուզ մինիմում գումարով ապրի, բայց այստեղ մեծացնի իր երեխաներին ու պահանջի իր իրավասությունները:
-Հնարավո՞ր է շատ աշխատելով խնդիրներ լուծել:
-Իհարկե, Աստված ստեղծել է մարդկանց, որ նրանք կարողանան իրենց երկիրն արարել: Իսկ դու ո՞ւր ես թողնում գնում: Իսկ որ գնացիր` պարտություն ամբողջ ազգի համար, որովհետեւ գնացողն էլ հետ չի գալիս: Գուցե հարյուր հազարից տասը հետ գան, բայց դա շատ քիչ է:
-Այնպիսի տպավորություն է, որ Դուք գոհ եք Ձեր այսօրվա ապրուստից:
-Ո՛չ, շատ դժվարություններ կան, բայց մենք դիմանում ենք: Նույնիսկ տանն ինձ հետ համաձայն չեն, բայց ես պնդում եմ իմը: Չգիտեմ, գուցե մի օր էլ հաց թրջենք ուտենք, բայց երկիրդ ո՞ւմ թողնես գնաս: Աշխարհում դառնանք էլի մատնացույց, ինչ լինում է, մեզ հետ է լինում, այս անգամ էլ մենք մեզ ենք կոտորում: Է՛, գնացե՛ք, արտագաղթը սպիտակ եղեռն է, ջարդ: Ո՞վ է մեղավոր, ինչո՞ւ եք մեղավորներ ման գալիս: Դո՛ւք մնացեք ու պահանջեք Ձեր իրավունքները:
-Մի՞թե հասարակությունն այդքան հզոր ուժ է, որ շատ պահանջելու դեպքում իր ուզածը ստանա:
-Ես չեմ ասում՝ հեղափոխություն անի, այլ ամեն մարդ իր հերթին իր տեղը պայքարի դժվարությունների, ինչ-որ տեղ գրված ու չգրված օրենքների դեմ: Թող ինքը զգա իրեն իր երկրի տերը, ոչ թե փախչի:
Հիմա մի լուծում կա, մարդիկ պետք է դիմանան, սպասեն ու հավատան, որ լավ կլինի: Ես կարծում եմ, որ վերեւներում, մեր ղեկավարության մասին եմ ասում, իրենք էլ են մտահոգված: Մենք Ղարաբաղի պես մեծ երկիրն ազատագրեցինք, դժվա՞ր չէր, բայց արեցինք: Հիմա ամեն մեկն իր ճամպրուկը վերցնի գնա, ո՞ւր կհասնի:
-Լավ կյանքից չեն հեռանում, ասում են՝ որտեղ հաց, էնտեղ կաց:
-Ամենավատ ասացվածքն է, շատ վատն է: Ո՛չ անգլիացին, ո՛չ գերմանացին, ո՛չ էլ այլ ազգ այդպիսի առակ չունի: Ո՞նց թե՝ որտեղ հաց, էնտեղ կաց, պետք է լինել հետեւողական, ուժեղ, դիմանալ: Բա երկիր կառուցելն այդքան հեշտ բան չէ: Զրոյից չենք ստեղծում, բայց երկու սերունդ պետք է դժվարություններ կրի ու արդարացիորեն դառնա երկրի տերը:
-Եթե Ձեզ լավ աշխատանք առաջարկեն դրսում, չե՞ք համաձայնի:
-Եթե ժամանակավոր լինի ու մեր երկրին օգտակար լինեմ, կաշխատեմ: Հետո էլ, չեմ կարծում, որ դրսում աշխատավարձն այնքան բարձր կլինի, որ ես շեյխ դառնամ: Եթե թողնում գնում ես, էրեխեքդ էլ դրսի կյանքին են սովորում, շատ անգամ նույնիսկ լեզուն չեն իմանում: Գիտե՞ք՝ ինչքան հայ կա դրսում` 10 միլիոն, իսկ մեր երկրում՝ ընդամենը 2 միլիոն: Ու դրսից չեն ուզում հետ գալ, որովհետեւ շատերն էստեղ չեն ծնվել:
-Ու նաեւ՝ դրսում լավ են ապրում:
-Համաձայն չեմ, իրենք ուղղակի չգիտեն՝ Հայաստանն ինչ բան է, գալիս են ժամանակավոր, մի քանի տեսարժան վայր են տեսնում ու նորից թողնում գնում: Ինքն այն երկրի օդին, ջրին ու լեզվին է սովոր: Նրա էրեխեքը, թոռներն էլ հայ չեն լինի: Ես ինձ համարում եմ ժողովրդի զավակ, գնալով բան դուրս չի գա: Անպայման կկարգավորվի, թող մի քիչ դիմանան:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս