Վերջերս երգչուհի Ջուսը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց լուսանկարներ` մի տղամարդու հետ: Դրան հետեւեցին օգտատերերի մեկնաբանությունները, որոնցում վերջիններս երջանկություն էին մաղթում զույգին: Պարզվում է` Ջուսը նոր ընտրյալ ունի. նրա սիրելին փաստաբան, ըմբշամարտի 90-ականների չեմպիոն Վահագն Մանուկյանն է: Ու թեեւ երգչուհին հրաժարվել է լրատվամիջոցներին մանրամասներ հայտնել, նա «Ժողովուրդ»-ի հետ, այնուամենայնիվ, անկեղծացավ եւ որոշ փակագծեր բացեց իրենց սիրավեպի մասին:
-Ջո՛ւս, որոշ կանայք անձնական կյանքում անհաջողություն ունենալուց հետո հիասթափվում են կամ վախենում են նոր հարաբերություններ սկսել (2014-ի ավարտին Ջուսի կյանքում բավական բարդ շրջան էր: Նա չեղյալ էր հայտարարել ֆրանսաբնակ փեսացուի հետ իր նշանադրությունը, ինչը բուռն քննարկումների առիթ էր տվել): Ձեր դեպքում, կարծես, իրավիճակը բոլորովին այլ է:
-Իհարկե, երբեք պետք չէ հուսահատվել. միշտ էլ կարող ես գտնել քո կեսին, պարզապես հարկավոր է սպասել: Իսկ ես համբերատար եմ: Երբ համացանցում հրապարակեցի իմ եւ Վահագնի լուսանկարները, ոմանք ինձ հաղորդագրություն գրեցին` հորդորելով հանրությունից գաղտնի պահել ընտրյալիս, քանի որ, նրանց խոսքով, «չար աչք» կարող է դիպչել: Ես այդ մարդկանց պատասխանեցի, որ ինչ լինելու է, այսպես թե այնպես կլինի: Համենայն դեպս, վստահ եմ, որ ամեն բան լավ կլինի: Երեւանը փոքր քաղաք է, բոլորն էլ կտեսնեն ինձ ընկերոջս հետ, եւ ես նախընտրեցի ինքս պատմել նրա մասին:
-Որքա՞ն ժամանակ է, ինչ շփվում եք Ձեր ընտրյալի հետ: Նրա բնավորության ո՞ր գծերն են գրավել Ձեզ:
-Տասը ամսվա նամակագրությունից հետո մենք արդեն վեց ամիս է, ինչ ընկերություն ենք անում: Ի սկզբանե Վահագնի հետ շատ ջերմ, մտերիմ հարաբերություններ ենք ունեցել: Երբ շփվեցինք, զգացինք, որ բավական նման ենք իրար: Օրինակ` ես կարող եմ սկսել նախադասությունը, ինքը ավարտի, կամ նույն վայրկյանին երկուսս էլ նույն միտքն արտաբերենք: Մենք միմյանց նման ենք նաեւ մեր խենթությամբ եւ միաժամանակ լրջությամբ: Բացի այդ` ինձ դուր է գալիս այն հանգամանքը, որ ընկերս իր մասնագիտության մեջ հաջողություններ ունի, պրոֆեսիոնալ է:
-Հարաբերություններն օրինականացնելու մասին արդեն մտածո՞ւմ եք:
-Առաջիկա մի քանի ամսվա ընթացքում նման բան չի սպասվում, բայց երկուսս էլ շատ ենք ուզում դա: Երբ լինի, անմիջապես կտեղեկացնենք հանրությանը: Ամեն դեպքում, շտապել պետք չէ:
-Անձնական կյանքում ունեցած հաջողությունը պետք է որ արտացոլվի նաեւ գործնական կյանքի վրա: Ձեր սիրելին Ձեզ թեւեր տալի՞ս է ստեղծագործելու համար:
-Միանշանակ, այն էլ ինչպես: Ի դեպ, երկրպագուներիս տեղեկացնեմ, որ «No fashion» երգի հիման վրա ստեղծված տեսահոլովակս արդեն մոնտաժման փուլում է (ռեժիսոր` Տիգրան Արյան): Բավական խենթ կերպարում եմ հանդես եկել, բայց, քանի որ տեսահոլովակի բնույթը հումորային է, ղարբաղա-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի պատճառով խուսափում եմ այս օրերին թողարկել այն: Մեկ այլ երգ էլ կա, որն արդեն ձայնագրել եմ: Վստահ եմ, որ այդ գործը կզարմացնի իմ հանդիսատեսին, քանի որ ոչ ոք ինձ նման իրավիճակում չի տեսել: Երգի հեղինակը Աղասի Գեւորգյանն է, գործիքավորումն արել է Գուժը: Այս տեսահոլովակը, հավանաբար, կթողարկեմ սեպտեմբերին: Իսկ ավելի վաղ էլ տեղեկացրել էի, որ մի նախագծի շրջանակում պետք է ռեփ կարդամ, այնպես որ, անսպասելի մոտեցումներով հանդերձ` չեմ դադարում ստեղծագործել:
-Իսկ, օրինակ, «Բնական Ջուս»-ի նման նախագծերով ինչո՞ւ այլեւս հանդես չեք գալիս:
-Նման նախագիծ իրականացնելու համար, հատկապես, եթե ուզում ես` այն հաջողություն ունենա, ֆինանսական մեծ ներդրումներ են անհրաժեշտ, իսկ վերջին շրջանում հովանավորներ գտնելը բավական բարդացել է: Այս պահին այդպիսի նախագիծ կյանքի կոչելը դեռեւս անհնար է: Համենայն դեպս, երկրպագուներս թող մշտապես սպասեն նորությունների, ես նրանց չեմ հիասթափեցնի:
«ՆՇԱՆԱԾՍ ՈՒՐԱԽ Է, ՈՐ ԵՍ ՇՈՒՆՉ ԵՄ ՏԱԼՈՒ ԻՐ ԵՐԳԵՐԻՆ»
Երգչուհի Նարե Գրիգորյանն իր երկրպագուներին խոստանում է մինչեւ տարեվերջ ներկայացնել մի մեծ նախագիծ, որի վրա այժմ լայնածավալ աշխատանքներ են տարվում: Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, նա չի շտապում բացել փակագծերը, սակայն խոստանում է, որ հուսախաբ չի անի: Նարեն «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց նաեւ, որ մտածում է իր հիմնական բենդը կազմավորելու եւ կենդանի հնչողությամբ համերգներ ունենալու մասին:
Ամիսներ առաջ նշանադրված երգչուհին նշեց, որ թեեւ ինքը բավական կարեւորում է անձնական կյանքը, սակայն չի պատրաստվում դադարեցնել կարիերան: Թեեւ միաժամանակ խոստովանեց, որ իրեն «այցելել են» նման մտքեր. «Ժամանակ է գալիս, որ ուզում ես ամբողջովին նվիրվել անձնական կյանքին եւ աչքաթող ես անում կարիերան, բայց շուտով հասկանում ես, որ առանց սիրելի գործի պարզապես կյանք չունես. դու պետք է լրացնես ստեղծագործական քաղցդ»,-մեկնաբանեց նա:
Նարեն իրեն բախտավոր մարդ է համարում այն բանի համար, որ իր նշանածը ոչ միայն կողմ է, որ երգչուհին զբաղվի իր կարիերայով, այլեւ օգնում է նրան այդ հարցում. «Մովսեսը, թեեւ բուն մասնագիտությամբ հոգեբան է, նաեւ ստեղծագործում է, գրում է բանաստեղծություններ եւ երգեր: Նույնիսկ որոշ աստղերի համար երգեր է հեղինակել, սակայն որպես երգահան չի ներկայացել, քանի որ համարել է, որ ստեղծագործելը պարզապես իր հոբբին է: Այժմ, սակայն, սկսել է ավելի լուրջ վերաբերվել այդ գործին: Ես ինքս պատրաստ եմ համագործակցել Մովսեսի հետ, եւ նա ուրախ է, որ ես շունչ եմ տալու իր երգերին»-ասաց նա:
Քանի որ Նարեի նշանածն ապրում եւ աշխատում է ԱՄՆ-ում, երգչուհին իրենց համատեղ կյանքը պատկերացնում է միաժամանակ թե՛ Նահանգներում, թե՛ Հայաստանում. «Ես այստեղ եմ սովոր ապրել, նա` այնտեղ, բնականաբար, ամեն մեկս մեր ծննդավայրի հետ կապող շատ բաներ ունենք, թեեւ ասեմ, որ Մովսեսն իր հայրենիքը համարում է Հայաստանը, ինչի համար ես շատ ուրախ եմ: Համենայն դեպս, որտեղ էլ որ ապրեմ, մտադիր եմ ստեղծագործել հայաստանցի հանդիսատեսի համար»,- եզրափակեց երգչուհին:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՊԼԵՏՆՅՈՎԸ ԿԳԱ ԵՐԵՎԱՆ
«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, դիրիժոր, կոմպոզիտոր, «Գրեմմի» մրցանակակիր Միխաիլ Պլետնյովը: Մենահամերգը տեղի կունենա մայիսի 10-ին, ժամը 19:30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Նշենք, որ 1990թ. Պլետնյովը հիմնադրել է Ռուսաստանի ազգային նվագախումբը, որն այսօր համարվում է աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը: Պլետնյովը 1993-ից ձայնագրվում է «Դոյչե գրամոֆոն» ֆիրմայի համար:
Դաշնակահարը նաեւ միջազգային ճանաչման է արժանացել որպես կոմպոզիտոր: Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» եւ «Քնած գեղեցուհին» բալետների նրա մշակումները դաշնամուրի համար լեգենդար են: Պլետնյովը հաճախակի է արժանացել պետական պատիվների եւ միջազգային մրցանակների, այդ թվում` «Գրեմիի» (2005): 2007թ. նա արժանացել է ՌԴ նախագահական մրցանակի եւ «Հայրենիքի հանդեպ ծառայությունների համար» շքանշանի:
ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԿԱՆՆՈՒՄ
Ռեժիսոր Վաչե Բուլղուրջյանի «Տրամոնտանե» ֆիլմը կներկայացվի Կաննի փառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրում: ֆիլմի պաշտոնական` tramontaneproject.com կայքում նշված է, որ Կաննում տեղի կունենա կինոնկարի համաշխարհային պրեմիերան: Կաննի 69¬րդ կինոփառատոնը կընթանա մայիսի 11¬22¬ը: Բուլղուրջյանի «Տրամոնտանե» ֆիլմը Լիբանանի եւ Ֆրանսիայի համատեղ արտադրությունն է: Սա ռեժիսորի առաջին մասնակցությունը չէ հեղինակավոր փառատոնին: 2010 թ. նրա «Հինգերորդ շարասյունը» կինոնկարն ընդգրկվել էր «Սինեֆոնդասիոն» ծրագրում եւ շահել երրորդ մրցանակը:
Նշենք, որ Բեյրութում եւ Նյու Յորքում աշխատող կինոռեժիսոր ու տեսամասնագետ Վաչե Բուլղուրջյանի աշխատանքները մեծ մասամբ առնչվում են ինքնության խնդիրներին եւ Միջին Արեւելքի քաղաքական ու սոցիալական անցուդարձին: Որպես ռեժիսոր եւ օպերատոր նա նկարահանել ու մոնտաժել է մի շարք վավերագրական, կարճամետրաժ եւ փորձարարական ֆիլմեր:
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Հանրահայտ ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը դատի է տվել իր նախկին պրոդյուսեր Սեմ Լութֆիին: TMZ-ի փոխանցմամբ` նա պնդում է, թե Սեմն է պատճառը, որ ինքը դարձել է թմրամոլ:
Երգչուհու խոսքով` շուրջ տասը տարի առաջ պրոդյուսերն իրեն առաջարկել է հաղթահարել սթրեսային իրավիճակները թմրանյութերի միջոցով: Հիշեցնենք, որ կյանքի այդ փուլում Սփիրսը բաժանվում էր Քեւին Ֆեդերլայնից եւ պայքարում էր երեխաների խնամակալության համար:
Այժմ Սփիրսը պահանջում է նյութական փոխհատուցում իրեն պատճառած բարոյական վնասի համար: