ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Մարտակերտում

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախում վերսկսված մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի հայրը մեկնել էր Մարտակերտ՝ որդու իրերը բերելու եւ նրա զոհվելու վայրը տեսնելու համար: Հայրը 3 օր մնացել է Մարտակերտում, այցելել զորամաս, որտեղ Քյարամը ծառայել է: Զորամասից վերցրել է նրա հագուստը, ուսապարկը, ամանն ու գդալը: Այնուհետեւ բարձրացել է դիրքեր, որտեղ մահացել է Քյարամը, եւ ում գլխարկի մոտ ծաղիկ են դրել:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կամ արհեստագործական ուսումնարանների ուսանողները իրավունք ունեն օգտվել ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքից: Գործող օրենքի համաձայն` նրանց հասնո՞ւմ է տարկետման իրավունք:

Ռուզաննա Հայրապետյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Հայրապետյանի հարցին ի պատասխան` տեղեկացում ենք, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կամ արհեստագործական ուսումնարանների ուսանողները ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքից չեն օգտվում:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է՝ ա) կառավարության հաստատած ցանկում ընդգրկված պետական բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցերեկային ուսուցման ուսանողներին, բ) պետական գիտակրթական համակարգի ասպիրանտուրայում սովորողներին, գ) պետական պատվերով, միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին: Ի դեպ, կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են կանչվում մինչեւ 27 տարեկան դառնալը:

 

 

 
ՀԱՐՑ. Ես բանկում ավանդ ունեմ իմ անունով ներդրված: Հաշվառվել եմ, որպեսզի ստանամ իմ գումարը: Իմ հերթական համարը 13763-ն է: Խնդրում եմ ասեք՝ ե՞րբ կհասնի իմ հերթը:

Սիրվարդ Հովհաննիսյան (Այգեստան, 11 փողոց)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սիրվարդ Հովհաննիսյանի ավանդի փոխհատուցման վերաբերյալ դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ 2016 թվականի ապրիլ ամսվա ավանդների փոխհատուցման վճարման ցուցակներում ընդգրկվել են ավանդատուներ, որոնք ավանդների փոխհատուցման վճարման ամփոփ ցուցակում զբաղեցնում են մինչեւ 10517 տեղերը:
Հայտնում ենք, որ ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարումները իրականացվում են հերթականությամբ՝ համաձայն ձեւավորված ցուցակի՝ մեկամսյա պարբերականությամբ եւ ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը կարգավորող իրավական ակտերով բացառություններ սահմանող որեւէ դրույթ նախատեսված չէ: Ս. Հովհաննիսյանին ավանդների փոխհատուցման վճարում կկատարվի վճարման ամփոփ ցուցակում իր հերթական համարին համապատասխան:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ խորհրդային տարիների ավանդների դիմաց փոխհատուցման ծրագրով 2014-2015 թվականների պետական բյուջեով նախատեսված գումարների բաշխման առաջնահերթությունը սահմանվել է տարեց մարդկանց՝ մինչեւ 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված, ազատամարտիկների եւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար: Ի դեպ, որպեսզի մահացած ավանդատուների փոխարեն փոխհատուցումը ստանան նրանց ընտանիքների անդամները (եթե դիմի մահացածի ամուսինը), նա կստանա փոխհատուցման ենթակա գումարի 50 տոկոսը: Ընտանիքի այլ անդամները փոխհատուցման գումարն ստանալ չեն կարողանա:




Լրահոս