ՄԱՀԱՑԵԼ Է
93 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ ֆրանսահայ նկարիչ Ժանսեմը՝ Ժան (Հովհաննես) Սեմերջյանը: Նա ծնվել է 1920թ. Արեւմտյան Հայաստանում: 1922-ին Սեմերջյանների ընտանիքը փախել է Հունաստան: 1931թ.` հոր մահից հետո, նա տեղափոխվել է Ֆրանսիա եւ հիմնավորվել Իսի լե Մուլինո փարիզյան արվարձանում, որտեղ էլ անցկացրել է իր ամբողջ կյանքը:
2002թ. հայտնի նկարիչն ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրացի անդամ, պարգեւատրվել «Սբ. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Իսկ հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար, ինչպես նաեւ 90-ամյա հոբելյանի առթիվ Ժանսեմը 2010-ին արժանացել է Պատվո շքանշանի:
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Անընդմեջ շրջանառվող հարցը, թե ինչու «Կարգին»-ի նոր եթերաշրջանում Հայկոն ու Մկոն միասին հանդես չեն գալու, պատասխան ստացավ: «Ցավոք, կյանքում ամեն ինչ չի ստացվում այնպես, ինչպես ցանկանում ես»,-գրել է Հայկոն իր ֆեյսբուքյան էջում եւ պարզաբանել, որ Մկոն ցանկություն է հայտնել առանձին մասնակցել այլ նախագծում, որը եթեր է հեռարձակվելու «Արմենիա TV»-ով, եւ որ իրենց միջեւ ոչ մի կոնֆլիկտ չկա: Հայկոն նույնպես աշխատելու է հեռուստատեսային երկու նախագծի ուղղությամբ, որոնք եթերում կլինեն միայն հաջորդ տարի:
ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է
Օրեր առաջ Վրաստանում վթարի ենթարկված հաղորդավար Արամ Չախոյանի վիճակը բավարար է: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ՝ Արամն այս շաբաթ եւս կմնա հիվանդանոցում, իսկ մյուս շաբաթ արդեն, հնարավոր է, դուրս գրվի: Հաղորդավարին չեն վիրահատել եւ չեն էլ նախատեսում վիրահատել, նա կոտրվածքներ ունի, կկարողանա քայլել 40 օրից:
«ՖԵՅՍԲՈՒՔ»-Ի ԴԵՄ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից երկու ուսանող մարդկանց «Ֆեյսբուք» սոցկայքից հեռացնելու համար մի սարք են ստեղծել, որը պարզապես հոսանքահարում է, եթե մտնում եք սոցկայք կամ այնտեղ չափազանց շատ ժամանակ անցկացնում: Սարքը տեղադրվում է դաստակի տակ, USB-ի միջոցով միանում համակարգչին, որտեղ պետք է նախապես հատուկ հավելված տեղադրել, եւ հետեւում է, թե որ կայքերն է այցելում օգտատերը: Եվ եթե մարդը պատրաստվում է աշխատել, իսկ դրա փոխարեն միացնում է «Ֆեյսբուք»-ը կամ այլ կայքեր, սարքը հոսանքահարում է: Հոսանքահարումը, սակայն, վտանգավոր չէ, պարզապես մի փոքր տհաճ է: